ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ինչո՞ւ են գերտերությունները բոյկոտում G20-ի հերթական գագաթնաժողովը․ Յոհաննեսբուրգի հանդիպումը կանցկացվի առանց ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Չինաստանի

G20 հերթական գագաթնաժողովը անցկացվում է Հարավաֆրիկյան հանրապետությունում։ Այն առաջին անգամ տեղի է ունենում առանց Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների։ Միջազգային մամուլը փորձում է վերլուծել, թե ինչ կարելի է սպասել այս գագաթնաժողովից։ Գերմանիայի կանցլեր Մերցն ասել է, որ ոգևորված է այս տարվա գագաթնաժողովից և մտադիր է աջակցելու համաշխարհային քաղաքականության մեջ բազմակողմ համագործակցության սկզբունքին։ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նախագահները այլ դիրքորոշում ունեն։ 

Նոյեմբերի 21-22 Հարավային Աֆրիկայում նախատեսված G20-ի գագաթնաժողովը դեռ չսկսած արդեն առանձնահատուկ ուշադրության էր արժանանում։ Առաջին անգամ արդյունաբերական առաջատար երկրներից երեքի ղեկավարները չեն մասնակցում G-20-ին։ ԱՄՆ, Ռուսաստանն ու Չինաստանը ներկայություն չեն ունենա առաջատար և զարգացող երկրների, ինչպես նաև երկու տարածաշրջանային կազմակերպությունների՝ ԵՄ-ի և Աֆրիկյան քսանյակի հավաքին։

Վերլուծաբանները նշում են, որ հենց երկրների զարգացման տարբեր մակարդակների և քաղաքական համակարգերի այս համադրությունն է, որ G20-ը դարձնում է այդքան արժեքավոր իր անդամների համար։

G20-ի պատմության մեջ աննախադեպ համարվող այս բացակայությունների ֆոնին փորձագետներից ոմանք տարակուսում են՝ գուցե Դոնալդ Թրամփի, Սի Ցզինպինի և Վլադիմիր Պուտինի համար G20-ը այլևս այդքան կարևո՞ր չէ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չի բացատրել իր բացակայության պատճառը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ժամանել Յոհաննեսբուրգ, քանի որ Միջազգային քրեական դատարանը նրա նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել, ուստի նա ստիպված է հաշվի առնելու արտերկրում ձերբակալվելու հնարավորությունը այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը։

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ պատվիրակություն չի գործուղել Հարավաֆրիկյան հանրապետություն։ Պատճառն այն է, որ Վաշինգտոնի և Յոհաննեսբուրգի հարաբերությունները զգալիորեն վատացան, երբ Սպիտակ տանը տեսախցիկների առաջ Թրամփը մեղադրեց Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային։ Նա ցուցադրեց այդ երկրում հալածված ու սպանված սպիտակամորթների նկարներ ու պնդեց, որ երկրի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում դրա դեմ պայքարելու համար: Թրամփը նույնիսկ «ցեղասպանություն» որակեց Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակչության նկատմամբ կատարվողը։

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների բացակայությունը G-20 –ին ցույց է տալիս, որ նրանք ակնհայտորեն այլևս հատուկ նշանակություն չեն դարձնում այս իրադարձությանը, DW-ին տված հարցազրույցում ասել է Հալլեի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Յոհաննես Վարվիկը։ Նրա կարծիքով սա լավ նշան չէ բազմակողմանիության սկզբունքի համար, որը նախկինում պահպանվում էր G20-ում։

ԱՄՆ, Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդների բացակայությունը G-20-ի հավաքին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար տանը մնալու պատճառ չէ, այլ ընդհակառակը։ Նա կարևոր է համարում բազմակողմ համագործակցությունը։ «Մերցը առաջարկել է չկենտրոնանալ բացակայողների վրա, այլ ներկաների հետ համագործակցել, քանի որ ըստ նրա G20-ը եղել և մնում է կարևոր ձևաչափ Գերմանիայի կառավարության համար», — տեղեկացնում է Մերցի խոսնակ Սեբաստիան Հիլլեն։

Գերմանացի պաշտոնյաները սակայն խոսում են G20-ի շուրջ ստեղծված մարտահրավերների մասին՝ նշելով, որ Բեռլինի  աջակցությանն արժանացած ներկայիս աշխարհակարգը կասկածի տակ է։ Այս աշխարհակարգը հատկապես լուրջ մարտահրավերի է ենթարկվել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Նույնիսկ G20-ի ներսում կան պետություններ, որոնք ոչ միայն չեն դատապարտել ներխուժումը և հրաժարվել են մասնակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, այլև, ինչպես Հնդկաստանը, նույնիսկ օգտվում են դրանից՝ հանդես գալով որպես միջնորդ համաշխարհային շուկա ռուսական նավթ մատակարարելու համար, նշում են գերմանացի պաշտոնյաները։

Պրոֆեսոր Յոհաննես Ուորվիքը բացատրում է․

«Մենք ներկայումս աշխարհում տեսնում ենք քաղաքական կշռի և ուժերի հարաբերակցության արագ վերաբաշխում։ Ներքին բաժանված քաղաքական Արևմուտքը այլևս գերիշխող ուժ չէ շատ հարցերում, մինչդեռ Գլոբալ հարավի երկրները նոր ինքնավստահություն են ձեռք բերում։ Չնայած այս կառուցվածքային փոփոխություններին G20-ը հստակ ցուցիչ է, թե ինչպես են երկու կողմերն էլ հետաքրքրված երկխոսությամբ»։

G20-ի այս գագաթնաժողովը առաջին անգամ է անցկացվում Աֆրիկայում, և հյուրընկալողները մտադիր են օգտվելու դրանից: «Մենք Աֆրիկայի զարգացումը կդնենք մեր օրակարգի առաջնային պլանում, երբ 2025 թվականին ստանձնենք G20-ի նախագահությունը», — ժամանակին հայտարարել էր Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ռամաֆոսան:

Հարավային Աֆրիկան ​​ձգտում է խթանել զարգացող երկրների անցումը կանաչ էներգիային և թեթևացնել աղքատ երկրների պարտքի բեռը: Ըստ փորձագետների, հենց այս օրակարգն է՝ սպիտակամորթ հարավաֆրիկացիների ենթադրյալ հետապնդումների հետ մեկտեղ, այն պատճառը, որ Դոնալդ Թրամփը չի մասնակցում Յոհաննեսբուրգի հավաքին։

Գերմանիայի իշխանությունները բոլորովին այլ կարծիքի են: «Ես կօգտվեմ այս հնարավորությունից՝ ավելի խորը երկխոսության համար, մասնավորապես՝ աֆրիկյան երկրների հետ», — խոստացել էր կանցլեր Մերցը Հարավային Աֆրիկա մեկնելու նախօրեին։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն բոյկոտում գագաթնաժողովը․ այս հարցը ամենաշատն է քննարկվում մամուլում։

Signal Risk խորհրդատվական ընկերության քաղաքական ռիսկերի փորձագետ Մենզի Նդլովուն կարծում է, որ G20-ի գագաթնաժողովի բոյկոտը մեկ այլ նպատակ էլ ունի՝ խոսքը Հարավային Աֆրիկայի առաջնորդական կարգավիճակի և համաշխարհային քաղաքականության վերին էշելոնում նրա տեղի լեգիտիմացման մասին է։

Նդլովուն ընդունում է, որ Վաշինգտոնի կողմից գագաթնաժողովի բոյկոտը էական խոչընդոտ է համաշխարհային ինստիտուտների վրա ամերիկյան տնտեսական ազդեցության պատճառով, բայց ենթադրում է, որ Հարավային Աֆրիկան ​​ունի այն շրջանցելու եղանակներ։

«Հարավային Աֆրիկայի արձագանքը Դոնալդ Թրամփի բացակայությանը բավականին համոզիչ էր։ Հաջորդ քայլն իրականում ավելի կարևոր է՝ գտնել լուծումներ, որոնք կարող են աշխատել ԱՄՆ-ի բացակայության դեպքում և կոնսենսուսով»։

Հարավային Աֆրիկայի G20-ում նախագահության առաջնահերթություններից մեկը համաշխարհային անհավասարության նվազեցումն է: Հյուրընկալող երկիրը կարծում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման նպատակները բավարար ուշադրության չեն արժանանում:

Գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ ավելի քան 500 տնտեսագետներ և փորձագետներ կոչ էին արել հանձնաժողով ստեղծել՝ ամբողջ աշխարհում հարստության անհավասար բաշխման դեմ պայքարելու համար:

G20 անդամ երկրների միջև խորը տարաձայնությունների պատճառով արդեն իսկ պարզ է, որ Յոհաննեսբուրգի գագաթնաժողովը չի հանգեցնի համատեղ փաստաթղթի ստորագրման, այլ կընդունվի միայն Հարավային Աֆրիկայի՝ ընդունող երկրի կողմից հրապարակված հռչակագիր։

Պրոֆեսոր Յոհաննես Ուորվիքն ասում է, որ ներկայիս միտումները ցույց են տալիս «ջունգլիների օրենքի» վերադարձի մասին։

Միջազգային մամուլը ուշադրության է արժանացնում նաև այն, որ Յոհաննեսբուրգը Աֆրիկայի պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով G20 գագաթնաժողովը, փորձում է ցուցադրել իր ողջ դիվանագիտական ​​և տնտեսական ներուժը:

Կարդացեք նաև

Back to top button