
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:
Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը, «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և միջև փոխանակվել է համագործակցության մասին հուշագիր:
Համագործակցության մասին հուշագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվայնացման նախարարության և միջև:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության միջև փոխանակվել է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև փոխանակվել է գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև փոխանակվել է 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր: 2026-2027 թվականների համագործակցության զարգացման հիմնական միջոցառումների ծրագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև: Հայաստանի և Ղազախստանի միջև փոխանակվել է նաև Գյուղատնտեսական արտադրանքի առևտրի բնագավառում համագործակցության հուշագիր:
Փոխանակվել են նաև՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Ղազախստանի արտաքին առևտրի պալատի միջև Հայաստան-Ղազախստան գործարար խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիր, «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ղազախստանի Հանրապետության ազգային գրադարան» հանրապետական պետական հիմնարկի միջև համագործակցության մասին հուշագիր, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագիր, Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Ազգային կինոյի աջակցության պետական կենտրոնի» ոչ առևտրային բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին հուշագիր, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ղազախստանի Հանրապետության Ա. Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի միջև համագործակցության մասին հուշագիր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով 2025 թվականի նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվել է Ղազախստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ղազախստանի Հանրապետության նախագահը`
գոհունակությամբ գնահատելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունները՝ մինչև ռազմավարական գործընկերության մակարդակը զարգանալու հեռանկարները,
հենվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության ամուր կապերի վրա,
հիմնվելով «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագրի դրույթներին անփոփոխ հավատարմության վրա,
առաջնորդվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով,
համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բազմաճյուղ գործընկերության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,
ընդգծելով հետագա սերտ համագործակցության կարևորությունը տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում և միջազգային ասպարեզում, ընդհանուր առմամբ՝
ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանն ու կատարելագործմանը,
հայտարարում են հետևյալի մասին.
- Հայաստանի Հանրապետությունն ու Ղազախստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) պայմանավորվել են հաստատել ռազմավարական գործընկերություն, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության բարձր մակարդակի, ինքնիշխան հավասարության և փոխշահավետության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա:
- Կողմերը դրական են գնահատում 2024 թվականի ապրիլի 14-15-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։
- Կողմերը երկկողմ հիմքով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում կընդլայնեն կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ու ամրապնդման:
- Կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել ի նպաստ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործընկերությունն առաջմղելու և Անկախ Պետությունների Համագործակցությունը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու:
- Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում երկու պետությունների շահագրգռվածությունը, կշարունակեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
- Կողմերը հանդես են գալիս հօգուտ բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով հնարավորինս արագ կարգավորման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթների վրա:
- Կողմերը ընդգծում են Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը։ Ողջունում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման առաջնահերթությունը։
- Կողմերը գոհունակությամբ նշում են՝ խոշոր տրանսպորտային նախաձեռնությունների առաջմղմանն ուղղված ջանքերը և տրանսպորտային ու տարանցման ոլորտներում համագործակցության բարձր ներուժի առկայությունը, շահագրգռվածություն են հայտնում Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միացնող երթուղիների զարգացմանը համատեղ մասնակցության հարցում, ընդգծում են դրանց անխափան գործունեության կարևորությունը՝ ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքներին համապատասխան, հաշվի առնելով Կողմերի իրավազորություններն ու օրենսդրությունները, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները։
- Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է բոլոր երկրների միջև փոխշահավետ տրանսպորտային համագործակցության զարգացմանը։
- Կողմերը կարևորում են Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան և Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան բազմամոդալ լոգիստիկ երթուղիների զարգացումը՝ որպես եվրասիական տարածության մեջ փոխկապակցվածության ամրապնդման, տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների բազմազանեցման կարևոր ուղղություններ, որոնք կնպաստեն տնտեսական ինտեգրման խորացմանն ու մատակարարման շղթաների կայունությանը։
- Կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնում գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման և վերամշակման ոլորտում նախագծերի զարգացման հարցում։
- Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ղազախստանի Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանով Հայաստան հացահատիկի մատակարարման կազմակերպմանը, ինչը նպաստում է պարենային անվտանգության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության գործնական իրագործմանը։
- Կողմերը կարևորում են երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև կանոնավոր ուղիղ ավիահաղորդակցության հնարավորինս արագ հաստատումը։
- Կողմերն առանձնակի գոհունակությամբ են արձանագրում երկու երկրների դեսպանատների կառուցման նպատակով հողատարածքների փոխանակման հարցում ձեռք բերված փոխըմբռնումն ու համաձայնությունը, ինչը վկայում է փոխադարձ վստահության բարձր մակարդակի և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ձգտման մասին։
- Կողմերը ողջունում են հայկական ընկերությունների գործունեությունը «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում և պատրաստակամություն են հայտնում համագործակցության հետագա ամրապնդման հարցում։
- Կողմերն ընդգծում են «Խորգոս» մերձսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի («Խորգոս» ՄՀՄԿ) կարևոր դերը միջազգային լոգիստիկ շղթաներում և ողջունում են «Խորգոս» ՄՀՄԿ-ի տարածքում հայկական առևտրային ցանցերի մասնակցությունը։
- Կողմերը ողջունում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացումը։
- Կողմերը գոհունակությամբ են արձանագրում 2024 թվականին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրերի և 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրերի հաջող անցկացումը։ Բարձր են գնահատում Երևան քաղաքում Աբայ Կունանբաևի անվան զբոսայգու բացումը և Աստանա քաղաքի փողոցներից մեկը Մեսրոպ Մաշտոցի անվամբ անվանակոչելը՝ համարելով այս իրադարձությունները երկու ժողովուրդների պատմամշակութային կապերի ամրապնդման վառ խորհրդանիշներ։
- Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի՝ Աբայ Կունանբաևի անվան ղազախական լեզվի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնի և Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի գործունեությունը:
- Կողմերը ողջունում են հայկական կողմի մասնակցությունը Ղազախստանի միջազգային զարգացման գործակալության «KazAID»-ի սեմինարներին։
- Կողմերը լի են վճռականությամբ՝ կյանքի կոչելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագրի սկզբունքներն ու դրույթները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների ներկա և ապագա սերունդների համատեղ բարգավաճման և ամուր բարեկամության:
- Այդ նպատակով Կողմերը մտադիր են՝
- կանոնավոր շփումներ պահպանել բարձրագույն և բարձր մակարդակներում, խորացնել գործնական միջգերատեսչական փոխգործակցությունը՝ փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով.
- զարգացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությանը, ժամանակակից այլ մարտահրավերների և սպառնալիքների հակազդման ոլորտներում՝ այն միջազգային պայմանագրերի հիման վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այդ նպատակով Կողմերը կխորացնեն երկու պետությունների անվտանգության խորհուրդների, պաշտպանական, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցությունը.
- առանձնահատուկ կարևորություն տալ միջազգային տարբեր հարթակներում միջխորհրդարանական համագործակցության խմբերի գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը.
- առաջնահերթ ուշադրություն դարձնել փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտի, տրանսպորտի և հաղորդակցության, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետաղագործության և վերամշակման բնագավառներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը.
- տարեկան հիմունքներով անցկացնել Հայաստան-Ղազախստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստեր․
- տարեկան հիմունքներով անցկացնել Հայաստան-Ղազախստան գործարար խորհրդի նիստեր․
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև 2026-2030 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման համար,
- ակտիվացնել համագործակցությունը ընդերքօգտագործման բնագավառում՝ հանքարդյունաբերության ոլորտում փոխադարձ ներդրումների, երկու երկրների հանքարդյունաբերական ընկերությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով.
- նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության մարզերի միջև առևտրաարդյունաբերական և մշակութային-հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսավարող և այլ սուբյեկտների «հորիզոնական» ուղիղ կապերը.
- ընդլայնել փոխշահավետ համագործակցությունն և տեղեկատվության փոխանակումը բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կարգավորման և կիրառման հարցում.
- աջակցել «Alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոնի տարածքում «ԹՈՒՄՈ Աստանա» ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կրթական կենտրոնի աշխատանքներին, այդ թվում տեխնոլոգիական փոխանակման և համագործակցության համար․
- խթանել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքներում բնակվող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնության խթանման միջոցով,ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, պահպանել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների, սովորույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությունը․
- աջակցել երկու երկրների մշակույթն ու պատմությունն արտացոլող համատեղ երաժշտական, պարային և ցուցահանդեսային միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների առաջխաղացման նպատակով մշակույթի և սպորտի հայտնի գործիչների, երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ այլ միջոցառումների կազմակերպմանը․
- ակտիվացնել համագործակցությունը յուրաքանչյուր կողմի զբոսաշրջային ներուժի առաջխաղացման ուղղությամբ, իրականացնել ակտիվ փորձի և տեղեկատվության փոխանակում զբոսաշրջության կառավարման քաղաքականության ոլորտում․
- ակտիվացնել կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը, դիտարկել կողմերից յուրաքանչյուրի ուսանողներին դրամաշնորհների տրամադրման հնարավորությունը՝ ըստ կողմերի հնարավորությունների ու պահանջների, ինչպես նաև ուսուցման ուղղությունների, խրախուսել փոխանակումների ընդլայնումը՝ ներառյալ ուսանողների, դասախոսների և հետազոտողների ակադեմիական շարժունակությունը․
- շարունակել Հայաստանի թանգարաններում պահվող հայատառ ղփչաղալեզու ձեռագրերի ուսումնասիրության աշխատանքը․
- ընդլայնել համագործակցությունը առողջապահության և դեղագործության ոլորտներում, բժշկական կադրերի նախապատրաստման, ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության, բժշկական կադրերի որակավորման բարձրացման, ինչպես նաև IT-տեխնոլոգիաների, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ներդրման հարցերում փորձի փոխանակման ոլորտներում․
- կազմակերպել 2026 թվականին Հայաստանում ղազախական բժշկության օրեր և 2027 թվականին՝ Ղազախստանում հայկական բժշկության օրեր:
- Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ղազախստանի Հանրապետության նախագահը համոզված են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա փուլը միջպետական փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման:
- Կողմերը համոզմունք են արտահայտել, որ պաշտոնական այցի ընթացքում կայացած բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաև ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և ձեռք բերված համաձայնությունների իրագործման վճռորոշ դերը հարաբերությունների հետագա առաջխաղացման համար:
- Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և ամբողջ ղազախ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
քաղ. Աստանա, 21 նոյեմբերի 2025 թվական




