ԿարևորՄշակույթ

«Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին այս տարի մասնակցել է Երևանի և մարզերի շուրջ 9900 աշակերտ

2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի ու մարզերի հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը։ Այն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մտահղացումն է և ուղղված է պատանիների մշակութային կրթությանը՝ որպես առաջադեմ երիտասարդության ձևավորման նախապայման:

Ծրագրի շրջանակում Երևանի և մարզերի դպրոցներում անցկացվող հանդիպումների և ինտերակտիվ դասերի շնորհիվ դպրոցահասակները ծանոթանում են դասական երաժշտարվեստին, հետաքրքրաշարժ տեղեկություններ ստանում կոմպոզիտորների, երաժշտական գործիքների և սիմֆոնիկ նվագախմբերի մասին։

Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, 2024 թվականից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնելու դասական երաժշտությանը, հանրահռչակելու այն, ձևավորելու մշակութապես կիրթ ունկնդիր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այցելում են հանրակրթական դպրոցներ և աշակերտների հետ հանդիպումների ընթացքում պատմում են դասական երաժշտության մասին, ծանոթացնում նվագախմբի գործունեությանը, երաժշտական գործիքներին, դիրիժորի աշխատանքին։

Այսպիսով՝ փոքրիկ ճամփորդություն են իրականացնում դասական երաժշտության հետաքրքիր աշխարհ։ Դասն ամփոփում են ինտերակտիվ խաղերով ու վիկտորինայով, իսկ ամենից ակտիվ մասնակիցները պարգևատրվում են հուշանվերներով։ Առավել առարկայական արդյունքներ գրանցելու և նվագախմբի աշխատանքը դպրոցականներին գործնականում տեսանելի դարձնելու համար երաժիշտ-դասվարները դպրոցականներին հրավիրում են յուրաքանչյուր դասին հաջորդող համերգին։

2025 թվականին «Սիմֆոնիկ ԴասA»-ի շրջանակում ինտերակտիվ դասեր են կազմակերպվել Երևանի 28 և մարզային 4 հանրակրթական դպրոցում։ Ստեղծագործական խումբն այցելել է Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումներին մասնակցել է ավելի քան 9 հազար 900 աշակերտ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Սիմֆոնիկ նվագախմբի 16 համերգի։

Բոլոր դասերը, այդ թվում դպրոցականների այցը համերգասրահ, տեսանկարահանվում են, յուրաքանչյուր այցի մասին պատրաստվում է հոլովակ, որն էլ դպրոցականները կարող են գտնել «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի սոցիալական հարթակի էջերում։ Մշակութային շարունակական կրթության ապահովման նպատակով ծրագրի սոցիալական հարթակի էջերում  պատանիները քննարկումներ են ծավալում ու մշտական կապի մեջ են ծրագրի կազմակերպիչների հետ, հետագա համերգների համար տոմսեր են ամրագրում, մասնակցում են վիկտորինաների և արժանանում խրախոուսական նվերների։

Այս փուլը կարևոր է՝ հասկանալու, թե մասնակիցներին որքանով է հետաքրքրել ծրագիրը, ինչ գիտելիքներ են ստացել և ինչ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեն։

Ծրագրի առաքելությունն է վերափոխել դասական երաժշտության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները, այն դարձնել պահանջարկ ունեցող նորարարական՝ հասարակությանն ավելի մերձեցնելով հոգևոր արժեքներին, ստեղծել այնպիսի արվեստասեր աշակերտական համայնք, որը պատրաստակամ ու ակտիվ ներգրավվածություն կդրսևորի մեր երկրում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների հանդեպ։

Կրթական ծրագրի շրջանակում լսարանի երիտասարդացման տեսլականը ևս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուշադրության կենտրոնում է։

Կարդացեք նաև

Back to top button