
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ընթացքում առաջնահերթություն է տվել հայ գերիների հիմնախնդրի կարգավորմանը՝ ընդգծելով, որ հարցը պետք է մնա ամերիկյան կողմի մշտական ուշադրության կենտրոնում։ Այս մասին Փաշինյանը հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետն անդրադարձել է նաև TRIPP ուղու կյանքի կոչման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքին։
Այս գործընթացների ֆոնին նոր թափ է ստանում նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, և այս համատեքստում պաշտոնական Երևանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ մերժելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ օրերս կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձել է հայ գերիների հարցին և խնդրել, հարցն ուշադրության կենտրոնում պահել՝ վստահեցրել է վարչապետ Փաշինյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը մանրամասնում է՝ ինքն արձանագրել է, որ հարցը լուծելու առումով ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակավ արտահայտել է իր հանձնառությունը։
«Ես ներկայացրել եմ, թե երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված։ Եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ Խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին վարչապետն ընդունել էր շաբաթվա սկզբին։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ TRIPP ուղու կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքային խմբերն արդեն աշխատում են։ Պաշտոնապես տեղեկացվեց նաև, որ ամերիկյան կողմից խմբի ղեկավարը պետքարտուղարի տեղակալի օգնականն է։ Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե հայկական կողմից ով է ղեկավարելու խումբը, որ գերատեսչություններն են ներգրավված կամ որ պաշտոնյաները։ Նաև հարց եղավ, թե Թրամփի ուղու ծրագրի քանի տոկոսն է արդեն մշակված։ Ծրագիրն այնքան մեծ է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի՝ նախ ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ ծրագիրը մշակվում է դեռ և հղում արեց վերջերս արած իր հայտարարությանը։
«Ես էնտեղ, ըստ էության, ասել եմ։ Նկատի ունեմ՝ այս մի շաբաթվա ընթացքում այնպիսի նոր բուռն իրադարձություններ տեղի չեն ունեցել և ինչ կա, ամեն ինչ էդ շրջանակում է»։
Իսկ աշխատանքային խումբ նեղ կազմով է՝ ասաց Փաշինյանը։
«Արտաքին գործերի նախարարությունն ունի իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է` տրանսպորտային ենթակառուցվածքներ և այլն, և մեզ մոտ նաև աշխատանքի որոշակի տրամաբանություն կա՝ փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով համակարգում։ Ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը, որը ոչ միայն դրան է վերաբերում` սահմանազատում, ենթակառուցվածքներ և այլն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է համակարգում»։
Վարչապետն անդրադարձավ նաև ամենազգայուն հարցերից մեկին՝ ընդգծելով՝ ՀՀ տարածքում գտնվող ենթակառուցվածքների անվանումներն իրավասու է որոշել միայն Հայաստանը։ Սա, ըստ էության, արձագանք էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը։ Նախօրեին վերջինս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ՝ կրկին պաշտոնական Երևանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործելով։
«Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, բացի մեր ասածից, ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և զուգահեռաբար նաև Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա TRIPP նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Ես ոչ թե նորից, այլ մի անգամ ասել եմ, և այդ ասածն անընդհատ ուժի մեջ է»։
Այն տերմինաբանությունը, որը հայկական կողմը չի ընդունել, չի սահմանել կամ որոնց հետ չի համաձայնել, չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը՝ շեշտեց Փաշինյանը։




