
Հանրային ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները խոսել են Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի ընթացքի և, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին, նաև նախանշել ընթացիկ և առաջիկա անելիքները։
Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխ․
* «Հայաստանը, կարծում եմ, շատ-շատ կարևոր հանգրվանի է հասել իր բարեփոխումների գործընթացում։
*Մյուս՝ 2027-2030թ․թ․ ծրագրի համար առանձնացրել ենք 2 հիմնական ոլորտ, որոնցում կուզենք ընդլայնել աշխատանքը։
* Գործողությունների ներկայիս ծրագրի արժեքը 21 մլն եվրո է, որի ավելի քան 80%-ն արդեն տրամադրվել է։
* Հուսամ՝ գործողությունների հաջորդ ծրագիրը կլինի ավելի ուժեղ, և այդ աջակցությունը՝ ևս»։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր տնօրինության տնօրեն Քլեր Օվեյ․
* Հիմնական դժվարությունը փախստականների իրավական կարգավիճակն է․ միջազգային իրավունքի իմաստով սա բավական արտասովոր իրավիճակ է։ Կարծում եմ՝ հարցն ավելի մեծ ուշադրություն կգրավի, երբ ՀՀ-ն Եմ հետ սկսի աշխատել վիզաների ազատականացման ուղղությամբ։
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի․ «Բնականաբար, բոլորն ազատ են հեռանալու, բայց ոմանք պակաս ազատ են, քան ուրիշները, որովհետև իրենք չեն կարող պատկերացնել` ինչպես հեռանալ, որովհետև մեծ կախվածության մեջ են համայնքի տրամադրած ծառայություններից։ Փոքր համայնքում երբեմն ավելի հեշտ է, որովհետև համերաշխության մակարդակն է ավելի բարձր»։
Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզե․
«Կարիքներն ավելի շատ ու ավելի մեծ էին, քան սկզբնապես գնահատել էինք։ Կարիք եղավ աջակցություն ցուցաբերել կանանց, որ վերականգնվեն, վերակառուցեն կյանքը։ Հոգեբանական աջակցության լուրջ կարիք կար։ Նրանց համար կարևոր էր իմանալ սեփական իրավունքները, իրազեկվել։ Բայց, իհարկե, կարևոր էր ապրուստի միջոց գտնելը։ Հմտությունների բաց էլ կար, որը պետք էր լրացնել, բայց նախ՝ գնահատել, ինչն իր հերթին էր դժվար։
—Պարոն Նոյկիրխ, Եվրոպայի խորհուրդը 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո արագ արձագանքեց՝ պատրաստելով համապարփակ գործողությունների փաթեթ՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և պաշտպանելու փախստականների, հատկապես խոցելի խմբերի իրավունքները։ Փաթեթը ներառում է վեց ծրագիր՝ չորս նոր և երկու ընդլայնված բաղադրիչով՝ 2.8 միլիոն եվրո արժեքով։ Ինչո՞վ է տարբերվում Եվրոպայի խորհրդի մոտեցումը փախստականների իրավիճակին մյուս միջազգային կառույցների մոտեցումից, և որոնք էին առանցքային անելիքները։
Շատ շնորհակալություն այս հնարավորության և Ձեր հարցի համար։ Եվրոպայի խորհուրդն առանձնակիորեն է արժեվորում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը։ Մենք մարդասիրական կազմակերպություն չենք, որը հենց փախստականների, միգրացիայի հարցերով է զբաղվում, բայց ունենք որոշակի դերակատարում և մեր հատուկ ներկայացուցիչը՝ փախստականների, միգրացիայի հարցերով։ Վերջինս եկավ Հայաստան, այստեղ և Ստրասբուրգում քննարկում ունեցավ իրավասու մարմինների հետ։ Տեսանք, որ Եվրոպայի խորհուրդը փախստականների և մարդու իրավունքների երաշխավորման հարցում անելիք ունի։ Ուստի մշակեցինք հատուկ այս ծրագիրը գործողությունների ընդհանուր ծրագրի ներքո։ 2 ծրագիր էլ համապատասխանեցրինք իրավիճակին։ Մենք ունենք գործողությունների ծրագիր, որով աջակցում ենք Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Նաև պատրաստ ենք ձեզ աջակցել, երբ դուք առանձնակի կարիքներ ունեք։ Սրա հիմքում կոնվենցիաներն են և խորհրդատվությունը՝ նախարարների կոմիտեի կողմից՝ այս իրավիճակների վերաբերյալ, օրինակ` անչափահասներին առնչվող։ Մենք օգնում ենք իշխանություններին` իրենց արձագանքման ծրագրերը մոտարկելու Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչը և արել ենք։ Երևանյան քննարկումն էլ ցույց տվեց, որ կարևոր դերակատարում ենք ունեցել և լավ արդյունքներ՝ Փախստականների աջակցման փաթեթի շրջանակում։
—Պարոն Նոյկիրխ, Դուք նշեցիք, որ ձևավորվել են աջակցության հիմնական ուղղությունները ԵԽ Հատուկ ներկայացուցչի հոկտեմբերյան այցի ընթացքում։ Խնդրեմ ներկայացնել՝ ո՞ր գործոններն առանցքային դիտարկեցիք, և որո՞նք էին անելիքների հիմնական ուղղություններն այս 2 տարվա ընթացքում։
Մեր դիտարկումները փաստում էին, որ փախստականներից շատերն ապաստանում էին տեղական համայնքներում։ Մենք սկսեցինք աշխատեցինք Կոնգրեսի հետ` մշակելու մեր գործողությունները և արձանագրեցինք, որ կանայք ու երեխաներն առանձնակի մոտեցման կարիք ունեն։ Խնդիրներ կային, որոնք վերաբերում էին Մարդու իրավունքների կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, կային կոնկրետ իրավիճակներ՝ միգրացիոն ծառայությունների հետ կապված, որոնք հատուկ արձագանք էին պահանջում։ Այս առումով էր, Գլխավոր տնօրինությունը հատուկ ծրագրեր մշակեց՝ այն բխեցնելով նաև Սոցիալական խարտիայից։ Բոլոր այս քննարկումների արդյունքում մենք տեսանք, թե Եվրոպայի խորհրդի տարբեր թևերը, կառույցները ինչպես կարող են աջակցել, խորհուրդ տալ և օգնել օրենսդրության փոփոխությունների, նաև՝ կարողությունների զարգացման հարցում։ Իսկ Կոնգրեսի կողմից նաև դրամաշնորհներ ուղղվեցին համայնքներին։
— Տիկին Լուչիանի, կխնդրեմ խոսել առանձնակի խնդիրների մասին, որոնք նկատվեցին, և հենց որոնց բերումով կարողությունների զարգացման, օրենսդրության վերանայման կարիք կար։ Ինչ արդյունք ունենք, կարո՞ղ ենք արդեն խոսել երկարաժամկետ ինտեգրման արդյունքների մասին։
— Ես կարող եմ պատասխանել երկարաժամկետ ինտեգրման մասին Ձեր հարցին։ Մենք տեսանք տեղական մակարդակում, որ փախստականների մեծ մասը համայնքներ է գնում։ Շատերը եկել են Երևան, բայց մյուսները գնացել են նաև փոքր համայնքներ, որտեղ հաճախ չկան կամ չեն եղել բազային պայմաններ՝ ընդունելու մարդկանց հոսքը։ Մեր հիմնական նպատակն էր այդ համայնքներն ուժեղացնել, ապահովել միջոցներ՝ նրանց ավելի հարմարավետորեն տեղավորելու։ Ընթացքում մենք տեսանք, որ, այո, փախստականները կարողանում են օգտվել համայնքների աջակցությունից և հիմնականում տեղավորվում են այնտեղ, գտնում աշխատանք։ Ոմանք անգամ մտածում են տուն գնել 2 տարվա ընթացքում։ Մենք դա տեսանք, օրինակ, Վեդիում։
Մեր աջակցության ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ, և դրա ազդեցությունը, այո, բավական դրական է, քանի որ կարելի է տեսնել, որ մարդիկ ինտեգրվել են համայնքներում։ Միանշանակ, կա նաև Հայաստանում մնալու ցանկություն, որտեղ կարող են ինքնաբավ լինել , կարող են մնալ և ապահովել իրենց և իրենց երեխաների հետագան։
— Տիկին Լուչիանի, Ձեր դիտարկմամբ՝ համայնքներում որ պայմանները, կարողություններն էին առավել խնդրահարույց, և հատկապես որ ուղղություններով անելիք կամ աջակցության կարիք կար։
— Այս առումով մի քանի գործոն մատնանշեմ։ Մենք աշխատում ենք ավելի փոքր համայնքների հետ, քանի որ փոքր համայնքներում հոսքերի ազդեցությունն ավելի մեծ է։ Երևանը հյուրընկալեց շուրջ 43․000 մարդու, բայց Երևանը մեծ քաղաք է՝ մեծ հնարավորություններով։ Իսկ մարզերում մենք տեսանք, որ 1-ին հերթին շատ թույլ է տեղեկատվության մատուցման վարչական կարողությունը։ Համայնքներում այլ նախագծեր էլ են ընթանում, ոչ միայն մերը։ Համայնքապետարանը պետք է կարողանա ճշգրիտ և արագ տեղեկություններ տրամադրել նոր եկածներին, սակայն դա խնդրահարույց էր։
—Մյուս լուրջ խնդիրը կարիքները ճիշտ և ստույգ գնահատելն էր․ դա հեշտ չէ անել, երբ մարդիկ գալիս են միաժամանակ շատ տարբեր կարիքներով։ Հարկ է որոշել առաջնահերթությունները` ի՞նչ է պետք երեխաներին, ի՞նչ է պետք կանանց, տարեցներին։ Սրանք էին, ըստ իս, 2 հիմնական խնդիրները, բայց արագ հարմարեցումներ եղան, և մեր վերջին այցին ես քաղաքապետարանում տեսա տեղեկատվական նոր գրասենյակ՝ մատչելի և տեխնիկապես հագեցած։ Բացերը հիմնականում հնարավոր եղավ շատ արագ լրացնել։
— Տիկին Բոլոնեզե, ինչ ուղղություններով ու ինչ հմտություններ էին, որոնք առաջնահերթորեն որոշեցիք զարգացնել, խրախուսել ու խթանել։
Ես կարող եմ հավելել, որ մենք կարիքների գնահատում իրականացրինք մեր ծրագրերի շահառու երեխաների շրջանում։ Մեր ծրագիրը տեղայնացրինք տեղահանության հետևանքները կրած կանանց համար՝ ի պաշտպանություն նրանց իրավունքների։ Ի վերջո պարզվեց, որ կարիքներն ավելի շատ ու ավելի մեծ էին, քան սկզբնապես գնահատել էինք։ Կարիք եղավ աջակցություն ցուցաբերել կանանց, որ վերականգնվեն, վերակառուցեն կյանքը։ Հոգեբանական աջակցության լուրջ կարիք կար։ Նրանց համար կարևոր էր իմանալ սեփական իրավունքները, իրազեկվել։ Բայց, իհարկե, կարևոր էր ապրուստի միջոց գտնելը։ Հմտությունների բաց էլ կար, որը պետք էր լրացնել, բայց նախ՝ գնահատել, ինչն իր հերթին էր դժվար։ Երբ ծրագիրը մեկնարկեց, կարողացանք քաղհասարակության աջակցությամբ փոքր դրամաշնորհներով լրացնել այդ բացերը։
Օրինակ, փոքր բիզնեսի զարգացման, կանանց զորեղացման ծրագրեր, որպեսզի իրենք իրենց ինքնավստահ զգան, իրենց կյանքը վերակառուցեն և համայնքի լիարժեք անդամ դառնան։ Դա արվեց նաև մի ծրագրի շրջանակում, որին մասնակից էին և փախստական, և տեղաբնակ կանայք՝ միասին։
—Իրար հասկանալու խնդիրնե՞ր կային, տիկին Բոլոնեզե, ի վերջո, նույն հանրության տարբեր թևերի ներկայացուցիչներ են։
Ամեն դեպքում, նրանք տարբեր կենսափորձ են ունեցել, չնայած ազգային արմատները ընդհանուր են։ Տարբերությունները հաճախ շատ հետաքրքիր են, ուստի կարիք կար շփման նոր հարթակի՝ մեկտեղելու ուժերը, գտնելու կանանց կյանքին բնորոշ ընդհանրություններ, ներգրավել ընդհանուր բիզնեսում, հասարակական կյանքում, փոխօգնության մեջ։ Մի բան հատկապես կարևոր էր անցումային գործընթացում․ ցանկացած ծրագիր պետք է հաշվի առներ ապրած տրավման։ Անիմաստ է տևական առաջընթացի հույս ունենալ, եթե իրականում հաշվի չես առնում դժվար կենսափորձը։
— Սա հենց այն զգայուն թեման է, որին ցանկանում եմ անդրադառնալ մեր մյուս գործընկերների հետ խոսելիս ևս։ Պատերազմներից տուժած հասարակություններում տրավմայի հաղթահարումը հատուկ աշխատանք է պահանջում։ Ես ուսումնասիրում էի ձեր ծրագրային ուղղությունները, որոնցում կարևորել և շեշտադրել եք լրագրողների և մեդիայի հետ աշխատանքը, որպեսզի այն սոցիալապես, էթիկապես մի քիչ ավելի պատասխանատու դառնա։ Ունե՞ք այդ աշխատանքի պատկերը և արդյունքը, տիկին Բոլոնեզե։
— Այո, տեղահանության հետ կապված ցանկացած աշխատանք և լրատվամիջոցների արձագանքը շատ կարևոր է, և լրատվամիջոցների դերը վիթխարի նշանակություն ունի օգնելու հասարակության վերակառուցման, ու կյանքը վերականգնելու ճանապարհին։ Մենք իրականացրել ենք ծրագրեր լրատվամիջոցների օգնությամբ, որոնք ներկայացրել, լուսաբանել են դրական ելք ունեցող պատմություններ։
— Տիկին Բոլոնեզե, Դուք կարծում եք՝ հաջողեցի՞ք ազդել մարդկանց ընկալման վրա, որ չուզենան լքել երկիրը և մնալ Հայաստանում, և հենց սահմանամերձ համայնքներում։ քանի որ մենք նաև գնացողների մտահոգիչ վիճակագրություն ունեցանք։
Մի շարք լրատվամիջոցներ դրական պատմություններ լուսաբանեցին, 7 պատմություն կարծեմ, որոնք 300 000-անոց լսարանի են հասել։ Դրանք պատմություններ են, որոնցում կանայք որպես զոհ կամ տուժող չեն ներկայացվում, այլ՝ դրական պատմություններ են, թե ինչպես են իրենք սեփական կյանքը վերականգնում, համայնքի համար ինչ են անում, ինչ ներդրում են ունենում համայնքի կյանքում։ Եվ որ կարևոր է՝ տեղահանությունը տրավմատիկ է, բայց ապագան ոչ միշտ է մռայլ։ Լրագրողները, լրատվամիջոցները ահռելի դերակատարում ունեն՝ օգնելու առաջ շարժվել և հաղթահարել տրավման և տեսնել, որ փախստականների համայնքները նաև դրական մեծ ներդրում կարող են ունենալ։
Մեր հիմնական նպատակը չէ համոզել մարդկանց՝ մնալ, մեր խնդիրն է խրախուսել Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին, որ ջերմ, դրական վերաբերմունք ունենան դժվարին իրավիճակներում հայտնված բնակիչների նկատմամբ։ Ես հավատացած եմ, որ մենք, այո, ունեցել ենք դրական ազդեցություն։ Պատկերն ավելի վատ կլիներ առանց դրա։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրենության ղեկավար Քլեր Օվեյ․
Եվրոպայի խորհրդի ծրագրերի և գործունեության նպատակն ինչ-֊որ մեկին դրդելը չէ, որ մնա կամ հեռանա։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու իշխանություններին, նաև բացատրելու փախստականներին իրենց իրավունքները, թե ինչպես կարող են օգտվել դրանցից, օրինակ՝ ինչու կամ ինչպես դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ չի ներառում։ Ժամանակին ասեկոսեներ էին պտտվում, որ եթե, օրինակ, Հայաստանի քաղաքացի դառնաս, այլևս չես կարողանա վերադառնալ ԼՂ, եթե դրա հնարավորությունը լինի։ Ուստի, իսկապես օգնություն եմ համարում Հայաստանի իշխանություններին, որ փաստերը, իրավական վիճակը ճիշտ ներկայացվեն։ Երբեմն ոչ իրավաբանների համար դժվար է հասկանալ իրենց իրավունքները կամ ինչպես դրանք իրացնել։ Մենք մի պրակտիկ գործիք ենք տրամադրել` զանգերի կենտրոնը՝ հասանելի փախստական բնակչությանը, նաև ՀՀ ամեն բնակչի՝ տեղեկություններ ստանալու, թե ինչպես ստանալ փաստաթղթեր, քաղաքացիություն, ինչպես իրավունք ձեռք բերել՝ օգտվելու բնականային աջակցությունից։ Կարծում եմ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկատվության տրամադրման և այլ առումներով դժվարամատչելի ծառայության համբավ ուներ, ինչը փոխվեց։ Զանգերի կենտրոնը շաբաթական 11․000 զանգ է ստանում, որն ահռելի թիվ է, և ոչ մի զանգ բաց չի թողնվել։ Հիմա մենք անցնում ենք հաջորդ փուլին՝ ավտոմատացում, ինչն արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու։
—Տիկին Օվեյ, ըստ վիճակագրության՝ զանգերի տարեկան քանակը 105 հազար է։ Այս պատկերն ինչի մասին է խոսում՝ իրազեկմա՞ն, դեռևս չլուծված խնդիրների՞։
— Գործնական, իրոք գործնական առօրյա խնդիրներ․․․ պետք է ճանապարհորդական փաստաթուղթ ունենամ, գնամ Ֆրանսիայում ընտանիքիս անդամին այցելեմ և հիմա ունեմ միայն, օրինակ, նախկին 070–ով ճանապարհորդական փաստաթուղթը․․․ Այ այս տեսակի հարցեր։ Դա կընդունվի՞, օրինակ, Ֆրանսիայում, կամ, օրինակ, ես ապրում եմ մարզերից մեկի ինչ-որ քաղաքում։ Ուզում եմ, որ երեխաս կարողանա այնտեղ դպրոց ընդունվել, ի՞նչ անեմ, որ դպրոց ընդունվի, ի՞նչ անեմ, որ տուն ունենամ, ի՞նչ անեմ, որ զբաղվածություն ունենամ։
— Այդ թեմատիկ բաշխման մեջ ամենամեծ մասը ո՞ր խնդիրներին էր բաժին ընկնում, տիկին Օվեյ, որոնք էին ամենածանրը, որոնց առումով Հայաստանի պետական ինստիտուտներին աջակցության կարիք տեսաք։
— Ամենամեծ խնդիրներից մեկը քաղաքացիության փաստաթղթերի ոլորտում էր, փախստական բնակչության իրավական կարգավիճակը, որը հասկանալը, պարզաբանելը բավական խրթին իրավական խնդիր է։ Շատ մարդիկ շփոթված են իրենց իրավունքների և կարգավիճակի առումով։ Ձեր նախորդ հարցին վերադառնամ՝ արդյոք Եվրոպայի խորհրդի ծրագրերն օգնե՞լ են, որ մարդիկ մնան Հայաստանում։ Կուզեի մի փոքր խոսել փախստական բնակչության շրջանում բժիշկների մասին։ Շատերը կարիքներ ունեին, շատ խոցելի էին, հատուկ օգնության կարիք ունեին, բայց նաև շատ հմուտ մարդիկ կային, որոնք Հայաստանին տալու շատ բան ունեին և ունեն։ Բայց հնարավոր է՝ իրենց որակավորումը Հայաստանում չեն ստացել կամ համապատասխան փաստաթղթերը չունեին․ այդ մարդկանց համար դժվար էր անմիջապես մտնել աշխատաշուկա։
Բժիշկներ, բուժքույրեր, կրթական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ։ Բնականաբար, Լեռնային Ղարաբաղում իրենք աշխատում էին։ Այո, մենք աջակցեցինք այդ բնակիչներին, որ Հայաստանի աշխատաշուկա մտնելու հնարավորություն ունենան՝ ձեռք բերելով համապատասխան փաստաթղթեր, կարողանան ինտեգրվել ու սկսեն միանգամից աշխատել։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի
-Եթե կարելի է՝ ավելացնեմ։ Ես երեկ լսեցի, որ 5000 փախստական աշխատանքի է տեղավորվել Երևանի քաղաքապետարանի հիմնարկներում` բժիշկներ, բուժքույրեր կամ շատ բարձր հմտություններ ունեցող մասնագետներ։ Դա բավական հեշտ եղավ նաև շնորհիվ փաստաթղթավորման, որի հարցում մենք օգնեցինք։ Փոքր համայնքներում նույն իրավիճակը չէ, քանի որ այնտեղ համայնքապետարանն ինքը չունի այդքան կարողություն կամ այդքան աշխատատեղ այդ մասնագետների համար, որոնք նաև չեն ուզում փոքր համայնքներում մնալ։ Ուստի պետք է դիտարկել տարբերությունները, որոնք բավական նկատելի են մայրաքաղաքի, մեծ քաղաքի և փոքր համայնքների միջև։ Մենք հիմնականում օգնել ենք, որ այդ համայնքներն ուժեղանան, դիմակայուն լինեն և օգնեն նաև աշխատաշուկա մտնել։ Ձեր հարցը լավն է։ Մենք այս հարցը տվեցինք Վեդիում։ Բնականաբար, բոլորն ազատ են հեռանալու, բայց ոմանք պակաս ազատ են, քան ուրիշները, որովհետև իրենք չեն կարող պատկերացնել` ինչպես հեռանալ, որովհետև մեծ կախվածության մեջ են համայնքի տրամադրած ծառայություններից։ Մենք օգնում ենք, որ իրենք իրենց բնակության վայրում ունենան որոշակի ընտրության ազատություն։
—Սա փաստացի այն դեպքն է, երբ օգնություն ցուցաբերողներն իրենք ունեին օգնության կարիք։ Տիկին Լուչիանի, կա՞ն համայնքներ, որոնք դուք ավելի հաջող փորձ ունեցող եք համարում այս իմաստով։
-Դե, օրինակ, Վեդիի դրական փորձը։ Մասնագիտական ուսուցման շնորհիվ շատ կանայք գեղեցկության սրահ են բացել, մասնագիտություն ձեռք բերել, աշխատում են և դրական դերակատարում ունեն համայնքում։ Բայց նույն այդ կանայք, և ես կարևորում եմ դա, որոնք հիմա հաջող ձեռներեց են, մանուկ հասակում պատերազմի տրավմա են կրել։
Ինչպես Կատերինան ասաց՝ այդ տրավմաներն ընդհանրապես ողջ ազգաբնակչության վրա են ազդում։ Ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ իրավիճակներին, և այդ պարագայում համայնքապետարանը կարողացավ պատրաստել հատուկ խնամքի ծառայություններ երեխաների համար։ Փոքր համայնքում երբեմն ավելի հեշտ է, որովհետև համերաշխության մակարդակն է ավելի բարձր։ Ուսուցիչը ասում է` ոչինչ, եթե երեխան դպրոց չգա, ոչինչ, մենք գիտենք, մենք հասկանում ենք։
—Տիկին Լուչիանի, պատերազմ ապրած հասարակությունների հետ աշխատելը հատկապես բարդ է նրանց ապրած տրավմաները հաշվի առնելով։
-Այո, ամենախնդրահարույց դեպքերը, որոնց մասին լսեցինք․․․ տրավմաներ ունեն հատկապես երեխաները, տարեցները կամ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել, տեխնիկապես կախվածության մեջ են աջակցության ծառայություններից։ Բայց նաև շատ մեծ հպարտություն կա փախստականների համայնքում․ իրենք ուզում են սեփական ապրուստը վաստակել։ Նրանց համար վերջին տարբերակն է` գնալ և աջակցություն խնդրել, բայց աշխատանքային հմտություններ չունեցողները չեն կարող աշխատանքի տեղավորվել և տրավմաներ ունեն․ սրանք են հիմնական դժվարությունները։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրենության ղեկավար Քլեր Օվեյ
Կարծում եմ` հիմնական դժվարությունը Հայաստանի իշխանությունների և փախստական ազգաբնակչության համար, (շատ իրավական բան եմ ասելու), փախստականների իրավական կարգավիճակն է, որովհետև իրենք հայկական ճանապարհորդական փաստաթղթեր ունեին, բայց իրենք չունեին հայկական անձնագրեր կամ Հայաստանի քաղաքացիություն։ Իսկ միջազգային իրավունքի իմաստով սա բավական արտասովոր իրավիճակ է։ Այդտեղ նեղ իրավական հարցերի հստակացման կարիք կա՝ փաստաթղթերի և կարգավիճակի առումով։ Ապագայում, կարծում եմ, հարցն է ավելի մեծ ուշադրություն կգրավի, երբ Հայաստանը Եվրոպական միության հետ սկսի աշխատել վիզաների ազատականացման ծրագրի ուղղությամբ։ Այսինքն` երբ ամբողջ Եվրոպական Միությունը ազատ լինի ճանապարհորդելու համար, Հայաստանն ուզի ներդնել կենսաչափական անձնագրեր, էլ ավելի կարևոր կլինի փախստական բնակիչների համար հասկանալը, թե իրենց ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ինչպես այդ փաստաթղթերը ստանան ու օգտվեն այս հրաշալի հնարավորությունից։
—Տիկին Օվեյ, ասացիք՝ արտասովոր իրավիճակ էր։ Ձեր ծրագրային ուղղություններից է փախստականների աջակցության փաթեթը, ինչ է այն ներառում, և ի՞նչ երկարաժամկետ ազդեցություն է ակնկալում Եվրոպայի խորհուրդը՝ այս արձագանքման փաթեթի միջոցով՝ ամրապնդելու Հայաստանի պետական ինստիտուտները և համապատասխանեցնելու երկրի փախստականների պաշտպանության համակարգը եվրոպական մարդու իրավունքների չափանիշներին։ Ինչ առանցքային տարբերություններ եք նկատել ու ինչ խնդիրներ արձանագրել։
Տեսեք, բուն իրադարձությունը արտասովոր էր․ իրավական կարգավիճակ, որոշակի իրավական կապեր իրենք ունեին Հայաստանի հետ, բայց Հայաստանի լիարժեք քաղաքացի չէին։ Սա էր միջազգային իրավունքի առումով բավական արտասովոր իրավիճակ էր։
—Պարոն Նոյկիրխ, Եվրոպայի խորհրդի Հայաստանի գործողությունների ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին և նախատեսված է մինչև 2026 թվականը՝ շուրջ 21 միլիոն եվրո բյուջեով։ Փաստորեն, գործող ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի։ Ինչպիսի՞ արդյունքներ և ֆինանսական բաշխում կարող եք արդեն ներկայացնել երեք հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Արդյո՞ք ֆինանսավորումը տրամադրվում է փուլային եղանակով։
Գործողությունների ծրագիրն ընդգրկում է տարբեր ոլորտներ` կենսաբժշկություն, օրինակ, որը շատ նեղ ոլորտ է, բայց գերազանց արդյունք ունենք, որովհետև շնորհիվ այս ոլորտում մեր գործընկերների աշխատանքի, Հայաստանը վավերացրել է Օվիեդոյի կոնվենցիան կենսաբժշկության մասին, որը կոնկրետ արդյունք է, և, բնականաբար, վավերացումից հետո արդեն հույս ունենք աշխատել մեր հայ գործընկերների հետ, օգնել կոնվենցիայի դրույթների իրագործման հարցում։
Այլ ոլորտներ` պայքար կոռուպցիայի դեմ, աջակցություն արդարադատության բարեփոխումներին, աշխատանք սոցիալական հարցերի հետ կապված, խտրականության դեմ պայքար, երեխաների պաշտպանություն, գենդերի հիմքով բռնության դեմ պայքար, դրա կանխարգելում։ Բերեմ 2 կոնկրետ օրինակ։ Հիմա նոր թևնոցներ կան՝ հսկողության սարքեր, օրինակ, ընտանեկան բռնության գործերով անցնող անձանց համար։ Սա տուժողներին ավելի լավ պաշտպանության հնարավորություն է ընձեռում՝ դիտարկելով հնարավոր տեղաշարժը էլեկտրոնային հսկողության սարքերով։ Գենդերի հետ կապված այլ աշխատանքներ էլ կան։
Մենք նաև աշխատում ենք իրավական մի շարք հարցերի ուղղությամբ։ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի վրա ենք աշխատել, որը հիմա հասարակական ցույցերի կառավարման մեխանիզմ է և, որպես այդպիսին, ինչը խիստ կարևոր է։ Այդ պահանջը նախատեսվել էր Մարդու իրավունքների դատարանի որոշ վճիռներով։ Բանտերի հետ կապված աշխատանք ենք իրականացնում` նախ կանխելու ազատազրկման վայրերում վատ վերաբերմունքը և մյուս կողմից՝ օգնելու ազատազրկումից հետո հասարակությանը վերաինտեգրմանը։ Աշխատում ենք ազատազրկման վայրերում կատարելագործելու պահվողների հմտությունները, աջակցել ենք որոշ մասնագիտական ուսուցման կենտրոնների ստեղծմանը։ Չենք ուզում այդ առումով կանգ առնել։
Հայաստանը, կարծում եմ, շատ-շատ կարևոր հանգրվանի է հասել իր բարեփոխումների գործընթացում։ Մենք հիմա կաշխատենք մեր գործընկերների հետ` արտաքին գործերի և մյուս նախարարությունների հետ, քաղաքացիական հասարակության հետ, որ տեսնենք գործողությունների հաջորդ ծրագրով ի՞նչ կարող ենք անել։ Մյուս ծրագիրը կսկսվի 2027-ին և կշարունակվի մինչև 2030թ.։
2 ոլորտ, որոնցում կուզենք ընդլայնել աշխատանքը՝ աջակցություն լրատվամիջոցների ազատությանը և պայքար ապատեղեկատվության դեմ և հաջորդը` օգնություն ընտրական գործընթացներում։ Եվրոպայի խորհուրդն ունի հարուստ փորձ՝ աջակցելու ընտրական հանձնաժողովներին ընտրությունների կազմակերպման, անցկացման հարցում, և այս ամենի շուրջ կշարունակենք աշխատել, տեղական ինքնակառավարմանն աջակցել։
Սա կօգնի Եվրոպայի խորհրդի ծրագրերը համապատասխանեցնել Հայաստանի ժողովրդավարական անվտանգության հայեցակարգի նպատակին։ Այս թեզն ընդգծել է մեր գլխավոր քարտուղարը, որպեսզի ունենանք հասարակություններ, որոնք դիմակայուն են օտարերկրյա արտաքին միջամտության հանդեպ, որպեսզի երկրի ներսում կատարվող տարատեսակ գործընթացները հնարավորի լինի ժողովրդավարական ճանապարհով հարթել, հաղթահարել ներքին կոնֆլիկտները։ Լրատվամիջոցներն այս գործում շատ կարևոր դեր ունեն խտրականության դեմ պայքարում, ներառականություն ապահովելու առումով։ Սա է, ըստ իս, հաջորդ գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունը։ Մենք պետք է միասին այն կազմենք և իրականում օգնենք Հայաստանի բարեփոխումների գործընթացին։
—Պարոն Նոյկիրխ, գումար նախաշվո՞ւմ է հաջորդ փուլի աշխատանքների։ Ձեր թվարկած ու նախանշած ոլորտները խիստ զգայուն են, դրանցում առկա խնդիրների մասին միշտ խոսում ու բարձրաձայնում են քաղաքական ու քաղհասարակության տարբեր թևերից։ Կարո՞ղ ենք ամփոփ գնահատական տալ՝ ինչպիսին է 2023-2026 թվականների Հայաստանի կատարողականը։
-Եվրոպայի խորհուրդը մոնիթորինգային մարմինների մի ամբողջ ցանկ ունի` կոռուպցիայի դեմ, թրաֆիկինգի դեմ, գենդերային բռնության դեմ պայքարի․․․, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, Վենետիկի հանձնաժողովը և ոչ միայն։ Այդ մարմիններից յուրաքանչյուրն իր ոլորտում Եվրոպայի խորհրդի անդամ ամեն պետության մոնիթորինգ է իրականացնում՝ պարզելու, թե պետությունն իր հանձնառությունները, կոնվենցիաների ներքո ստանձնած պարտավորությունները ինչքանով է կատարել, և ըստ այդմ՝ գործակցության և բարեփոխումների ծրագրեր են մշակվում։ Հաջորդում են առաջարկները, խորհրդատվությունը՝ թե ինչ ուղղությամբ ինչ է պետք անել։
Ընդգծեմ, որ մենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ենք աշխատում, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, օգնում ենք բարելավել որոշ ոլորտներ, որոնք արդեն թվարկեցի։ Բայց ընդհանուր առմամբ արդյունքների և առաջընթացի գնահատականը թողնում ենք այդ մոնիթորինգային կառույցներին։
Ֆինանսավորման առումով․ գործողությունների ծրագրերը ֆինանսավորվում են դոնորներից` Եվրոպական միություն, Նորվեգիա Գերմանիա, Ավստրիա, Իռլանդիա, Լիտվա, Ֆրանսիա, այլ։ Դա ցույց է տալիս նաև այդ համայնքի աջակցությունը, այսինքն՝ ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից։ Նաև կան դոնորներ, որոնք ուզում են Եվրոպայի խորհրդի միջոցով օգնել Հայաստանին, աջակցել բարեփոխումները խորացնելուն։ Այո, դուք նշեցիք, դրանք զգայուն ոլորտներ են, մենք գիտենք, և հենց դրա համար է, որ մենք ներգրավվել ենք և ուզում ենք աջակցել այս գործընկերների հետ միասին։ Սա իրոք գործընկերություն է։ Մեր հայ գործընկերները, շահառուները, այստեղի քաղհասարակությունը, պետական մարմինները, Եվրոպայի խորհրդի փորձագետները և դոնորները՝ իրենց աջակցությամբ, մասնակից են բարեփոխումներին։
Գործողությունների ներկայիս ծրագրի արժեքը 21 միլիոն եվրո է, որի ավելի քան 80%-ն արդեն տրամադրվել է։ Հուսամ՝ գործողությունների հաջորդ ծրագիրը կլինի ավելի ուժեղ, և այդ աջակցությունը՝ ևս։ Ի՞նչ ենք մենք տեսնում․ այն ոլորտների հանդեպ, որտեղ բարեփոխումներն ավելի լավ են ընթանում, ավելի մեծ հետաքրքրություն կա դոնորների կողմից։ Ինձ համար գործողությունների ծրագրի ծավալն ինքնին խոսում է ոչ թե խնդիրների ծավալի մասին, այլ ես դա համարում եմ կամքի դրսևորում։
Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզե.
Ավելացնեմ մի բան։ Կլաուսը նշեց մի շարք ուղղություններ։ Կա Լանզարոտեի կոնվենցիան («Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ–ի կոնվենցիան, որը ՀՀ-ն վավերացրել է 2020թ․.-խմբ)։ Վերջերս դրա կատարողականի մասով Հայաստանի մասին 1-ին զեկույցը հրապարակեց։ Ներկայում զեկույց է մշակվում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրավիճակի մասին։ Այդ զեկույցը կհրապարակվի մյուս տարվա մայիսին, և այնտեղ արտացոլված կլինի նաև իշխանությունների արձագանքը կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության հարցերի շուրջ։ Կարող եմ ասել, որ մեր գործակցության տեսանկյունից մենք ապշեցուցիչ առաջընթաց ենք տեսել Հայաստանի իշխանությունների կողմից։ Նաև շատ ակտիվ է քաղհասարակությունը։ Մենք տեսնում ենք շատ մեծ կամք՝ նաև համապատասխանելու Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի կոնվենցիայի պահանջներին։ Հայաստանն այդ կոնվենցիան դեռ չի վավերացրել։ Դա վավերացնելը, իրոք, կնպաստեր, որ Հայաստանը ևս 1 մեխանիզմ ունենա՝ բարելավելու այս աշխատանքը։ Այո, մեր համագործակցությունը հրաշալի է ընթանում, իսկ մոնիթորինգային մարմինների և ՀՀ իշխանությունների երկխոսության միջոցով Հայաստանը առաջ կընթանա, և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում առաջընթաց կլինի։
—Տիկին Օվեյ, խոսք գնաց կոնվենցիաների մասին․ Հայաստանը դեռ չի ընդունել Եվրոպական սոցիալական խարտիայի մի շարք կարևոր դրույթներ, խարտիան գործում է «à la carte»՝ ընտրովի սկզբունքով։ Ինչո՞ւ եք կարևորում, որ Հայաստանը ստանձնի լրացուցիչ պարտավորություններ Խարտիայի ներքո, այդ թվում՝ հավաքական բողոքների ընթացակարգի ներդրման իմաստով, և ինչպե՞ս դա կարող է նպաստել սոցիալական իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
Եվրոպական սոցիալական խարտիան մի փոքր, այսպես ասած, ճաշացանկի նման է։ Կարող ես ընտրել, թե որ հոդվածներին ես միանում։ Ամենակարևորներից մեկը, որը Հայաստանը դեռ չի ընդունել, ստորագրել, այն դրույթն է, որը հասարակության տարբեր անդամների, կազմակերպությունների և այլ խմբերի իրավունք կընձեռի կոլեկտիվ բողոքներ ներկայացնելու։ Այսինքն, եթե իմ թվարկած խմբերը համարեն, որ կա որոշակի խնդիր, օրինակ, Հայաստանի բնակապահովման սոցիալական ծրագրում, այդ հոդվածը վավերացնելու դեպքում կկարողանան բողոք ներկայացնել Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին, որն արդեն կկարողանա որոշել` այդպես է, թե այդպես չէ։ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային բոլոր մարմիններով հանդերձ՝ սա ևս գործիք է մեր անդամ-պետությունների համար` գնահատելու իրենց առաջընթացը, պարզելու, թե ինչ է մնում անելու, ոչ թե քննադատության հիմք է սա։ Կամ եթե քննադատություն է, ապա ծայրահեղ կառուցողական է այդ քննադատությունը, որն, իրոք, օգնում է պետություններին, մատնացույց է անում խնդիրները, հետո արդեն փորձագիտական աջակցություն, օգնություն է ստանում Եվրոպայի խորհրդից։ Այս մեխանիզմը մենք տասնամյակների ընթացքում ենք ձևավորել։ Ուստի եթե Հայաստանը վավերացնի այդ արձանագրությունը, ապա դա թույլ կտա կոլեկտիվ բողոքներ ներկայացնել, ինչն իրոք կօգնի Եվրոպայի խորհրդին՝ ավելի արդյունավետ կերպով աջակցելու Հայաստանին սոցիալական իրավունքների հարցում։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի
Տեղական ժողովրդավարության և մոնիթորինգային մեխանիզմներից մյուսը Կոնգրեսն է։ Այն ստուգում է Հայաստանի առաջընթացը 5 տարին մեկ։ Մոնիթորինգային մեխանիզմի ի՞նչն է հետաքրքիր, որ նախկին զեկույցը կա և կարելի է համեմատել և չափել առաջընթացը։ Հայաստանի պարագայում ես հույս ունեմ, որ հաջորդ մոնիթորինգը կարձանագրի առաջընթաց, քանի որ երկիրը բավական արագ առաջ է ընթացել օրենսդրության մեջ, երկար ժամանակ լճացումից հետո ապակենտրոնացման առումով կա առաջընթաց։
Հիմա ինչո՞ւ է սա շատ կարևոր ժողովրդավարության համար, քանի որ կարևորը իրավունքներն են։ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների կոնվենցիաներով, Եվրոպական դատարանով գիտակցում է, որ իշխանությունը պետք է սահմանափակել, որ չչարաշահվի։ ՏԻՄ–երի դեպքում պետք է հավասարակշռել հարաբերությունները կենտրոնի և ՏԻՄ-երի միջև՝ ունենալու իրական ժողովրդավարություն, որ քաղաքացիները լինեն ազատ և ապրեն առանց իշխանության խիստ կենտրոնացման։ Այս մոնիթորինգային մեխանիզմները շատ ուշադիր են նաև անդամ պետություններում, կան վերակենտրոնացման ջանքեր, հատկապես ճգնաժամերի ընթացքում։ Ու շատ հետաքրքիր է տեսնել, թե հաջորդ մոնիթորինգը Հայաստանում կարձանագրի՞ ակնկալված առաջընթացը, թե՞ մեզ կասի` ինչ-որ բարելավման ոլորտներ են մնացել, որոնց պարագայում, ինչպես Կլաուսն ասաց, Գործողությունների ծրագիրը կօգնի մեզ, որպեսզի միջոցներ ներգրավենք, օգնենք իշխանություններին` հաղթահարելու այդ դժվարությունները։
Եվրոպայի Խորհուրդը Հայաստանին աջակցեց փոփոխել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը։ Սա համարվում է առանցքային երկրի կառավարման համակարգի համար։ Ինչու և ինչը փոխվեց, հատկապես, որ կարծիքների կային, թե համայնքների խոշորացմամբ տեղական իշխանությունները հեռացան համայնքի բնակչից։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կենգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի․
Ես հակառակը կպնդեի, որ կառավարումը դարձել է ավելի հասցեական։ Բարեփոխումների երկու տարբեր ոլորտ կա․ մեկը տարածքայինն է, դա խոշորացումն է, 1000-ավոր համայնքների փոխարեն հիմա 71 համայնք կա ընդամենը, ու տեղական իշխանությունն ավելի չի հեռացել բնակչությունից, դա համայնքի իդեալական չափն է, դա, այո, առաջընթաց է։ Մյուսը նոր օրենքն է, որը ավելի հստակ է սահմանում ՏԻՄ–երի լիազորությունները, ինչն ավելի հասցեական ու ժողովրդավար է դարձնում գործընթացը։ Սա թույլ է տալիս ասել, որ իրավական դաշտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։
Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյքիրխ
Ամփոփելով՝ ընդգծեմ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին, ժողովրդին և ինստիտուտներին։ Լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ գործողությունների այս ծրագիրը կհասցնենք ավարտին, նորը կսկսենք և միասին կաշխատենք, և մոնիթորինգային բոլոր զեկույցները արձանագրեն ավելի լավ ցուցանիշներ և արդյունքներ։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրենության ղեկավար Քլեր Օվեյ
Մենք, այո՛, իրոք տեսնում ենք առաջընթաց իմ ոլորտում` Եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման առումով։ Վճիռներ կան, որոնց կատարման ընթացքը փակված է, և մենք նաև դրանով ենք առաջընթացը գրանցում։ Մոնիթորինգային շատ մարմիններ նույնն են անում, ուստի մենք ուզում ենք շարունակել աջակցել Հայաստանին։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կենգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի
Նույնը պատկերն է ՏԻՄ ոլորտում։ Վեկտորը ճիշտ է ընտրված, իրագործումն էլ է շատ կարևոր, ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն և դրանց իրագործման ուղղությամբ քայլեր արվեն։ Քանի որ Հայաստանը զգայուն տարածաշրջանում է, մենք նաև կարևորում ենք անդրսահմանային գործակցությունը։ Շատ ուշադիր ենք ցանկացած համագործակցության հարցում, որը նաև տեղական մակարդակում կարող է բարելավել հարաբերությունները հարևանների հետ։
Հիմա Վրաստանի հետ ունենք անդրսահմանային գործակցություն, որը կուզենք շարունակել, և ես կարող եմ ասել` այլ անդամ պետությունների համեմատ շատ հաճելի է աշխատել այս իշխանությունների հետ։ Ոչ միշտ է հեշտ, բայց մենք հաստատ տեսնում ենք, որ կա հանձնառու վերաբերմունք, կամք։
Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզե
Համակարծիք եմ։ Բարձր եմ գնահատում իշխանությունների կողմից գենդերային հավասարության ռազմավարության ընդունումը։ Աջակցել, աջակցելու ենք այս գործընթացին։ Հպարտ ենք և հույս ունենք, որ նոր ռազմավարության արդյունքները շուտով կտեսնենք։




