
Օնլայն վարկ առաջարկողներն այնքան էլ ազնիվ չեն վարվել Ազնիվ Գրիգորյանի հետ։ Գրագետ հայերենով գրող ու Գայանե անունով աղջիկը մի քանի րոպեում համոզել է, որ ցածր՝ 0․3 տոկոս տոկոսադրույքով վարկ կձևակերպի, եթե 5 հազար դոլար կանխավճար տրվի։ Ազնիվը ոչ մի վայրկյան չի կասկածել «ֆեյսբուքով» իր հետ խոսող Գայանեի ազնվությանը․
«Այդ փողերը փոխանցել ենք բանկով, չեկերը կան, փոխանցել ենք բանկի վրա»։
Ազնիվն արդեն չի հիշում բանկի անունը, փոխանցումն արել է 2020-ին։ Ասում է՝ ընտանիքը վարկեր, պարտքեր ուներ և զեղծարարների գրավիչ տոկոսադրույքով վարկն ուզում էր վերցնել դրանք մարելու համար։
«Ազգային անվտանգության ծառայություն դիմել ենք, ասել են՝ գնա, մեկ տարվա ընթացքում կբռնենք հանցագործին, ձեզ տեղյակ կպահենք, ձեր գումարները կվերադարձնենք։ Մի տարի էդպես տարան-բերեցին, նորից եկանք Երևան, էլի ոչ մի բան։ Հետո մեզ ասին՝ գնացեք, դիմեք ոստիկանություն։ Դիմել ենք ոստիկանություն, քրեական գործ են հարուցել, մի տարի էլ էնտեղ են տարել-բերել, ոչ մի արդյունք»։
Ազնիվ Գրիգորյանի բախտին արժանացած 30 քաղաքացիներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագյոզյանի գլխավորությամբ հանցագործության մասին հաղորդագրություն են ներկայացնելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Քաղաքացիների հիմնական բողոքն այն է, որ իրավապահները դանդաղ են արձագանքում ֆինանսական զեղծարարություններին, հանցագործությունը երբեմն 5-6 տարի մնում է չբացահայտված։
Մհեր Կարագյոզյան․«Քաղաքացիների վստահությունը կոտրվում է պետական մարմինների նկատմամբ, և քաղաքացիները չեն դիմում և չեն բողոքում՝ տուժելով ու հսկայական գումար՝ հազար, երկու հազար, տասը հազար, երեսուն հազար դոլար կորցնելով»։
Պետական մարմիններին չվստահող քաղաքացիները մի քանի հազար դոլար են վստահել նրանց, որոնց չեն տեսել, որոնց հետ չեն խոսել ու երաշխիքներ չեն ստացել։ Ըստ Կարագյոզյանի՝ միայն Hellobity կոչվող ֆինանսական բուրգից տուժել է մոտ 17 հազար քաղաքացի։ Ընդ որում՝ կան մարդիկ, որոնք 100 հազար դոլարը գերազանցող ներդրում են արել՝ հավատալով կրիպտոակտիվների եկամտաբերության մասին միֆերին։ Ի վերջո բուրգը փլվել է, և քաղաքացիներն այս պահին հասանելիություն չունեն իրենց օգտահաշիվներին՝ մանրամասնում է Մհեր Կարագյոզյանը․
«Կարելի է, չէ՞, ինտերնետային այս կամ այն կայքը Հայաստանի Հանրապետության սահմաններում դարձնել ուղղակի անհասանելի։ Էդ ժամանակ, այո, տուժած կլինեին 17, 170 կամ 1700 հոգի, բայց 17-20 հազա՞ր։ Սա բարձիթողի վիճակ է, սա անընդունելի է»։

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժինը մինչդեռ սեպտեմբերի սկզբին էր զգուշացրել թափ հավաքող ֆինանսական բուրգի մասին, հորդորել չտրամադրել անձնական տվյալներ, չվստահել անծանոթ օգտատերերին։ Նույն ամսին գործարկվել է նաև «Կիբեռոստիկանություն» անունով տելեգրամյան ալիքը, որի միջոցով քաղաքացիները կարող են ուղիղ կապ հաստատել իրավապահների, կիբեռանվտանգության մասնագետների հետ ու ստանալ խորհրդատվություն։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ փլուզված ֆինանսական բուրգի հետևում կանգնած հանցագործները կարող են նորից կապ հաստատել ներդրումներ արած օգտատերերի հետ։
«Ձեզնից կարող են պահանջել հավելյալ տոկոսներ, որպեսզի իբրև թե կարողանաք կանխիկացնել գումարը։ Դա զեղծարարների հերթական քայլն է, որի նպատակն էլ ավելի շատ գումար կորզելն է»։
Կիբեռհանցագործությունները համեմատաբար ավելի դժվար բացահայտելի են օբյեկտիվ պատճառներով։ Իրավապահները գրեթե ամեն շաբաթ ներդրումային խարդախությունների մեջ մասնագիտացած նոր կենտրոններ են բացահայտում։ Վերջին շրջանում հատկապես շատ են նման սցենարով գործող «զանգերի կենտրոնները»։




