
Շարունակվում են Օհանավանի նորահայտ ժայռափոր համալիրում իրականացվող փրկարարական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան), հայտնում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Պեղումների ընթացքում բացվում է համալիրի տնտեսական նշանակության քարայր-կացարաններից մեկը, որի վերնամասում պահպանվել է ժայռի մեջ փորված հնձանի հատվածը՝ ժայռափոր հորերով ու ակոսներով։

Աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնք պահանջում են տեղում արագ ամրակայում և վերականգնում։ Այդ աշխատանքներն իրականացվում են գիտահետազոտական մեր կենտրոնի վերականգնող մասնագետների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ժայռափոր դամբարանը հայտնաբերվել էր 2024 թ․ փետրվարին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում՝ սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում։
Պեղումներն ընթացքի մեջ են։




