
Երեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն քվեարկել է դատապարտված ֆինանսիստ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ընկեր Ջեֆրի Էպշտեյնի գործի ոչ գաղտնի բոլոր փաստաթղթերը հրապարակելու օգտին։ Սենատը հաստատել է օրինագիծն առանց քննարկման։
Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցություններից 427 կոնգրեսականներ քվեարկել են որոշման օգտին, դեմ է եղել միայն մեկ հանրապետական։
«Էպշտեյնի գործի փաստաթղթերի թափանցիկության մասին օրենք» վերնագրով օրինագիծը ներկայացրել են երկու կուսակցությունների անդամները։
Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը առաջարկել է օրինագիծն ընդունել առանց քննարկման։ Ոչ մի սենատոր չի առարկել, և օրինագիծն ընդունվել է։ Այժմ այն փոխանցվելու է Թրամփին, որը պահպանում է վետոյի իրավունքը։
Եթե նախագահը չօգտագործի իր վետոն կամ Կոնգրեսը չեղյալ հայտարարի այն, Արդարադատության նախարարությունը պարտավոր կլինի հրապարակել ոչ գաղտնի բոլոր փաստաթղթերը, նամակագրությունը և հետաքննչական տվյալները։
Այս շաբաթավերջին Դոնալդ Թրամփը կոչ էր արել հանրապետական օրենսդիրներին քվեարկել այս օրինագծի օգտին՝ պնդելով, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի:
Սակայն, դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Գարսիան երեքշաբթի օրվա քվեարկությունից հետո ասել է, որ Դոնալդ Թրամփը «խուճապի մեջ է և փորձում է դադարեցնել մեր հետաքննությունը»:
Անցյալ շաբաթ դեմոկրատ օրենսդիրները հրապարակել են էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Էպշտեյնի և նրա վաղեմի գործընկեր Գիսլեյն Մաքսվելի միջև նամակագրությունը, որն անչափահասների սեռական շահագործման համար դատապարտված է 20 տարվա ազատազրկման։ Որոշ էլեկտրոնային նամակներում հիշատակվում է Թրամփը, բայց չկան ապացույցներ, որ նա ներգրավված է եղել որևէ հանցագործության մեջ:
Փաստաթղթերի շատ ավելի մեծ պաշար են հրապարակել հանրապետականները, ինչպես իրենք են նշում՝ դեմոկրատների կողմից փաստաթղթեր ընտրելու փորձերին հակազդելու համար: Այդ հազարավոր ֆայլերում հիշատակվում են Դեմոկրատական կուսակցությանը պատկանող կամ նրա հետ կապված ականավոր գործիչների անուններ:




