ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մարտի 1-ի գործը՝ նոր լույսով․ Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել

ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը կազմակերպել է հանրային քննարկում «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ։ Հիշեցնենք, սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շուրջ 7 տարվա քննությունից հետո բավարարել է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել, որ իշխանությունն անհամաչափ ուժ է կիրառել։ Ներպետական ատյաններում գործը վերաբացվել է։ 2025 թվականից նախաքննությունը հանձնարարվել է համատեղ քննչական խմբի, որի կազմում ընդգրկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի 24 քննիչներ:

Մարտի 1-ի բոլոր զոհերի մահվան պատճառը պետության գործադրած անհամաչափ ուժն է՝ ԱԺ-ում հայտարարում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանը։ Այդ գնահատականը տվել է ՄԻԵԴ-ը շուրջ 14 տարի գործը քննելուց հետո։ Սուջյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 18-ին կայացրած վճիռը նոր լույս է սփռում ոչ միայն զոհվածների մահվան հանգամանքները պարզելու, այլև արդար դատաքննության իրավունքը իրացնելու հարցի վրա․

«Դատարանը նշել է, որ դեպքերից անմիջապես հետո քրեական գործեր են հարուցվել միայն ընդդիմադիր ղեկավարների և իրենց աջակիցների հանդեպ։ Նրանք ի սկզբանե ներկայացվել են իբրև մարտի 1-ին տեղի ունեցածի անուղղակի պատասխանատուներ։ Ըստ դատարանի՝ այս ամենը քաղաքական կողմնակալության տպավորություն կարող է թողնել։ Դատարանը խնդրահարույց է նաև համարել այն, որ մարտի 1-ի դեպքերի քննության քննչական թիմում ներգրավված են եղել ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մի շարք քննիչներ, փորձագետներ, իսկ ոմանք ուղղակիորեն իրականացրել են գործով կարևորագույն փորձաքննություններ»։

Եվրոպական դատարանը գործի քննության փուլում Հայաստանի իշխանություններից պահանջել է կոնկրետ փաստաթղթեր։ Պետությունը, Սուջյանի խոսքով, ոչ միայն չի ներկայացրել դրանք, այլև օրենքով սահմանված կարգով չի բացատրել, թե ինչու չի ներկայացնում իրեղեն ապացույցներ։

«Դատարանը արձանագրել է հետագայում, որ, օրինակ, չեն ներկայացվել արցունքաբեր գնդակների բալիստիկ փորձաքննության եզրակացության պատճենը, ինչպես նաև գործի այն նյութերը, որոնք վերաբերում էին նախկին Քրեական օրենսգրքի 104-րդ և 373-րդ, հետագայում 3-րդ հոդվածներով հարուցված գործերին, ինչպես նաև վկաների հարցաքննությունների և դեպքի վայրի զննությունները։ Այդ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացվել»։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, որպես այդ տարիների իշխանության ներկայացուցիչ, ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել դատարանի այս նկատառմանը։

«ՄԻԵԴ-ի այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն կամ ապացույց» և նմանատիպ ձևակերպումներ։ Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն, ինչը բնական է․ Փաշինյանի կառավարությունն իր մեղավորությունն ապացուցող փաստեր չէր ներկայացնելու»,-ասված է հայտարարության մեջ։

2018-ից վերաբացված Մարտի 1-ի վերաբերյալ քրեական վարույթը բազմադրվագ է, այն բաղկացած է ավելի քանի 600 հատորից։ Ընդ որում, ամիսներ առաջ նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչներից բաղկացած համատեղ խմբին՝ մանրամասնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Նա ուշադրություն է հրավիրում հատկապես ուժի կիրառման և մայրաքաղաքի բանուկ փողոցներում զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման փաստերի վրա։ Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Երևանի Լեո, Պարոնյան և այլ փողոցներում զինված ուժերի հատուկ ծառայողները հրազեն են կիրառել՝ հիմնականում օդ, իսկ առանձին դեպքերում՝ շենքերի վերին հարկերին ու տանիքներին կրակելով․

«Այս հանգամանքը քողարկելու և զինված ուժերի մասնակցությունը բացառելու նպատակով բազմաթիվ ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների ծառայողները քննության ընթացքում տվել են ուղղորդված բովանդակությամբ կեղծ ցուցմունքներ, որ իբրև իրենք են մարտական հրազենով կրակոցներ արձակել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կազմել են նաև ծառայողական քննության կեղծ նյութեր։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած զինված ուժերի ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել»։

Եվրոպական դատարանը, այնուամենայնիվ մի շարք հարցերի պատասխաններ չի տվել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ոստիկանները անցել են հատուկ պատրաստվածություն, նրանց գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն եղե՞լ է, թե ոչ։ Եվ, որ ամենակարևորն է՝ չկան զոհվածնների մարմիններից հանված բեկորների փորձագիտական եզրակացությունները՝ մանրամասնում է Արթուր Նահապետյանը․

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փորձագիտական հիմնարկների հնարավորությունների օգտագործմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս կատարված փորձաքննություններով պարզվել է, որ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված գազային նռնակի բեկորների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար։ Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ ո՞ր զենքից արձակված կրակոցի հետևանքով են վիրավորվել և մահացել նշված անձինք, սակայն փորձաքննությունների եզրակացություններով արձանագրվել է, որ մահացած և վնասվածքներ ստացած քաղաքացիների մարմիններից հանված գազային նռնակները հնարավոր չէ նույնականացնել դրանք արձակած զենքերի հետ»։

Նահապետյանը խոսքով՝ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ Ազատության հրապարակում ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակումը սրել է իրավիճակը և վատթարացրել հասարակական կարգն ավելի, քան կանխատեսելի էր։ Այդ մասով, շեշտում է Նահապետյանը, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Սաֆյանի նկատմամբ։ Վերջինս, ըստ մեղադրանքի, գերազանցելով լիազորությունները, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժերով քաղաքի կենտրոնական հատվածներում կազմակերպել է  ցույցերն ու հավաքները ցրելու գործողություններ։ Հետախուզման մեջ են մնում նաև Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Այս պահին նախաքննական մարմինը փորձաքննում է դեպքի վայրից հայտնաբերված պարկուճներն ու փամփուշտները։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում իրականացվող փորձաքննության շրջանակներում պարբերաբար հետազոտության ենք ներկայացնում 9 մմ տրամաչափի մակառով տեսակի ատրճանակները, որոնցով իրականացվում են համեմատական հետազոտության աշխատանքները և համեմատում են սպանված Դավիթ Պետրոսյանի և Զաքար Հովհաննիսյանի դիակներից հանված 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված գնդակների և այլ օբյեկտների հետ։ Քրեական վարույթի շրջանակներում ընդհանուր առմամբ հետազոտվել են զինված ուժերում հաշվառված շուրջ 100 հատ ինքնաձիգ և զինված ուժերում հաշվառված 1500-ից ավելի 9 մմ տրամաչափի մակառով տեսակի ատրճանակ»։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ առանձին հատվածներում եղել են դիպուկահարներ և առանց համապատասխան տարբերանշանների համազգեստներով անձինք՝ մանրամասնում է Նահապետյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հանրայնացնել։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերաբացված քրեական գործի շրջանակում 2021-ի ապրիլին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Դատարանը Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշել էր երկրորդ նախագահի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ «հանցագործության դեպքի բացակայության հիմքով»․

«2024թ․-ի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը դատախազի բողոքի հիման վրա բեկանեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Գործն ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Բոլոր նիստերը լուսաբանվում են»։

Դատախազը չի մանրամասնում երկրորդ նախագահին մեղսագրվող գործողությունները։ Շեշտում է՝ առաջիկայում դատախազության ներկայացուցիչը կկարդա Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը դատարանում․

«Առաջիկայում դատարանը արդեն մեղադրողին հնարավորություն է տալու ներկայացնել, այսինքն դատարանում ընթերցել այն մեղադրանքը, որը առաջադրված է իմ կողմից նշված անձանց, և ըստ էության, արդեն հնարավորություն կունենա հանրությունը ծանոթանալու դատարան ուղարկված մեղադրանքի բովանդակությանը։ Ցավոք սրտի, մինչ այս պահը մենք` որպես հանրության ներկայացուցիչներ, զրկված ենք եղել այս հնարավորությունից»։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունը նաև ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն Հակակոռուպցիոն կոմիտե` խնդրելով վեց հարյուր յոթանասուն միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքի վրա։ Սա այն գումարն է, որը ՄԻԵԴ-ի վճռով պետությունը պետք է փոխհատուցի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։

Կարդացեք նաև

Back to top button