ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Էներգետիկ ճգնաժամը բացառվում է․ փորձագետը ատոմակայանի՝ հինգ ամիս չաշխատելու մասին

Մեծամորի ատոմակայանը պրոֆիլակտիկայի համար աշխատանքը կդադարեցնի սովորականից 2 ամսից ավելի երկար ժամկետով՝ 5 ամսով։ Թե ինչու՝ այս պահին դեռ մանրամասներ չեն հաղորդվում։ Տարին մեկ անգամ ատոմակայանը միջուկային վառելիքի լիցքավորման համար դադարեցնում է շահագործումը։

Հավելյալ երեք ամիսը, ըստ էության, տրամադրվել է տեխնիկական վերազինման համար։ Դադարի ընթացքում հոսանքի արտադրության խնդիր երկրում չի լինի՝ արձանագրում են մասնագետները։ Նրանք նշում են, որ կան նաև էներգիայի արտադրության այլընտրանքային միջոցներ։

2026-ը Հայաստանի էներգետիկ ոլորտում հետաքրքիր ու կարևոր տարի է։ Եկող տարի ևս տասը տարով կերկարաձգվի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկում է հայկական ատոմակայանը։ Կառույցի մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան, ստուգում ատոմակայանի վիճակը։ Եկող տարի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի ոչ թե երկու, այլ հինգ ամսով։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ «Ատոմակայանը էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է․ երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագնի վրա։ Բայց քանի որ ունենք այլ կետերով ձևավորված օգուտներ ու ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանցով մեղմել»։

Հնարավո՞ր է արդյոք էներգետիկ ճգնաժամ։ Մասնագետները պատասխանում են՝ ո՛չ։ Էներգետիկ ցանցերի մասնագետ, փորձագետ Արա Մարջանյանն ասում է՝ Հայաստանում էլեկտրաէներգիա միայն ատոմակայանը չէ, որ արտադրում է։

«Ատոմակայանի կանգով՝ Հայաստանում էներգետիկ ճգնաժամի գալուստը բացառվում է․ Հայաստանը ունի բավարար քանակությամբ տեղակայված հզորություններ, որպեսզի այդ բացը լրացնի։ Վերջին տարիներին աննախադեպ թափով զարգացել է ֆոտովոլտային էներգետիկան արեգակնային․ էդ աղբյուրը կա, կան Հայաստանի երկու ՋԷԿ-երը՝ Երևանինն ու Հրազդանինը, որոնք գործում են գազով։ Վերջապես կա երկու հիդրոկասկադ՝ Սևան-Հրազդանը և Որոտանինը՝ երեք ՀԷԿ-երից բաղկացած»։

Անցած տարեվերջին, կառավարության որոշմամբ, փակ բաժնետիրական ընկերություն  ստեղծվեց, որն ատոմակայանի մոդելի ընտրության վերաբերյալ խորհրդատվական ծառայություն է մատուցում կառավարությանը: Ո՞րն է ճիշտ ընտրելը․ ռուսակա՞ն, ամերիկյա՞ն, ֆրանսիակա՞ն, թե՞ կորեական տարբերակը։ Ընտրության կարևոր գործոններից են առաջարկվող հզորությունները, անվտանգությունը, և միայն դրանցից հետո՝ արժեքը։ Վարչապետ Փաշինյանը մեկ ամիս առաջ խորհրդարանում հայտարարեց․

 «Կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային»։

Ատոմակայանի ընտրության հարցում էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի կարծիքն անփոփոխ է․ տեխնոլոգիական ու էներգետիկ  տեսանկյունից Հայաստանի համար նախընտրելին ВВР ռեակտորներն են․ 

«Ռուսական և ֆրանսիական ընկերությունների համատեղ արտադրանք են շատ արդյունավետ, հուսալի, փորձարկված ռեակտորները»։

Գիտական աշխարհում բացատրում են, որ մոդուլային ատոմակայաններն առավելություններ ունեն։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Վաչագան Հարությունյանը դրանց առավելություններն է նշում․

«Կոմպակտ ռեակտոր է, մինչև 300 մՎտ է, ֆինանսական տեսանկյունից էժան է, անձնակազմն էլ կարող է փոքր լինել»։

Բայց և նշում են՝ դրանք քաղաքացիական կյանքում դեռ փորձարկված չեն։
           

Կարդացեք նաև

Back to top button