Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը Ֆրանսիայի հետ պայմանագրեր կկնքի օդային պաշտպանության միջոցների, ռազմական ինքնաթիռների և հրթիռների մատակարարման վերաբերյալ՝ ձգտելով ամրապնդել իր բանակի երկարաժամկետ կարողությունները Ռուսաստանի շարունակական ներխուժմանը դիմակայելու համար, գրում է Reuters-ը։
Զելենսկին Փարիզում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններ վարելու համար, քանի որ վերջին շաբաթներին Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներն ավելացել են, և Մոսկվան հայտնել է հարավարևելյան Զապորոժիե շրջանում ցամաքային առաջխաղացումների մասին։
«Պատմական համաձայնագիր է պատրաստվել նաև Ֆրանսիայի հետ. մեր մարտական ավիացիայի, օդային պաշտպանության և այլ պաշտպանական հնարավորությունների զգալի ամրապնդում կլինի։ Այցի ժամանակացույցի համաձայն՝ դա տեղի կունենա երկուշաբթի օրը»,- X-ում գրառման մեջ հայտնել է Զելենսկին։
Մի քանի շաբաթ բանակցություններ են ընթանում՝ պարզելու, թե ինչպես կարող է Ֆրանսիան ավելի շատ ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևի օդային պաշտպանությանը։
Մակրոնը անցյալ ամիս խոստացել էր մատակարարել ավելի շատ Mirage կործանիչներ (ի սկզբանե խոստացել էր 6 կործանիչ), ինչպես նաև եվրոպական MBDA խմբի կողմից արտադրվող Aster 30 երկիր-օդ դասի հրթիռների նոր խմբաքանակ Կիևի կողմից շահագործվող SAMP/T հակաօդային պաշտպանության մարտկոցների համար։




