
«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը»․ սա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձն էր Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստանում ամփոփեց հայ-վրացական ռազմավարական գործընկերության տարին, որը թույլ է տալիս երկու հարևաններին ոչ միայն զարգացնել երկուստեք հարաբերությունները, այլև միասին մասնակցել Հարավային Կովկասի զարգացմանը՝ օգտվելով տարածաշրջանային խաղաղությունից:
Տրածաշրջանային հարցեր, Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, տարանցիկ ներուժի արդյունավետ իրացում․ այս հարցերն էին նախարար Արարատ Միրզոյանի թբիլիսյան այցի օրակարգում։
Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել վրացի իր պաշտոնակցի, խորհրդարանի խոսնակի, երկրի նախագահի և վարչապետի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ընդունելով Արարատ Միրզոյանին՝ ընդգծել է․ Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Առանձնացնելով վերջին տարիների Հայաստան-Վրաստան աևտրատնտեսական համագործակցության փաստը, Կոբախիձեն շեշտել է․ Հայաստանը Վրաստանի տասը խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Ի դեպ, Հայաստանը վերջին տարիներին ավանդաբար Վրաստանի առևտրային գործընկերների լավագույն տասնյակում է։
Օրբելիանի պալատում հյուրընկալելով Արարատ Միրզոյանին՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիրը՝ որակապես նոր մակարդակի հասցնելով Հարավային Կովկասի գրավչությունը։
«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը»․ Կղվելաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Նա շեշտել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այդ գաղափարին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են, որ Հարավային Կովկասում լարվածության շրջանն ավարտվել է, և սկսվում է նոր հնարավորությունների դարաշրջան, որը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին։
Երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացումը և տարածաշրջանային հարցերն ավելի մանրամասն նախարար Միրզոյանը քննարկել է իր պաշտոնակցի՝ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղու» իրականացումը կապահովեն փոխադարձ առավելություններ, համատեղ ասուլիսում ընդգծել է Միրզոյանը։
«Այս ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում՝ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով: Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը, բնականաբար, ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով՝ վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս»:
Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատումով, ինքնիշխանության շարունակական ամրապնդումով տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի։
Թբիլիսին ևս մեկ անգամ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությունը՝ այն համարելով պատմական։ Մակա Բոճորիշվիլին սա ընդգծել է՝ խաղաղության համաձայնագիրը համարելով Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատուն հիմք:
Վրացի նախարարը ևս մեկ անգամ շեշտել է Թբիլիսիի պատրաստակամությունը՝ ներդրում ունենալու տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։
Թբիլիսին և Երևանը ռազմավարական գործընկերներ են արդեն մեկ տարի։ 2024-ին Հայաստանը դարձավ Վրաստանի երրորդ հարևան ռազամավարական գործընկերը վարչապետ Փաշինյանի Թբիլիսի այցի ընթացքում կնքված համաձայանգրով։
«Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և հակառակը՝ այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն Ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրը համարեց համարեց Վրաստանի և Հայաստանի գործակցության խորացման գլխավոր նվաճում՝ ընդգծելով նաև, որ այսօր երկու երկրների միջև չկան չլուծվող հարցեր։
«Մեր հարաբերություններն իրապես գտնվում են պատմական առավելագույն մակարդակի վրա։ Թբիլիսին և Երևանն այսօր ավելի լուրջ քայլեր են իրականացնում տնտեսության, կրթության, մշակույթի և մյուս ոլորտներում, և դա ամենօրյա աշխատանք ու շփում է»։
Թբիլիսի այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը նաև ծաղկեպսակ է դրել «Հերոսների հուշահամալիրում»։
Հայաստան-Վրաստան ռազմավարական տարում փոխայցերը շարունակվում են։ Առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի այցը Թբիլիսի։




