
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած «Հարավային Կովկաս 2025» խորագրով միջազգային աշխատաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոխակերպումներին, դրանց վրա ներազդող ներքին և արտաքին գործոններին, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկային, ինչպես նաև ինքնության և քաղաքականության փոխազդեցությանը վերաբերող հարցեր։ Աշխատաժողովին ներկայացվել են ուսումնասիրություններ՝ հիմնված ամենօրյա մշտադիտարկումների և բազմավեկտոր մեթոդաբանության վրա։
Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի համար կարևոր այս շրջափուլում, երբ խաղաղության գործընթաց է իրականացվում, նման քննարկման կարիքը կար՝ ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի ավագ խորհրդական Արմեն Պետրոսյանը։ Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում, ամփոփելով ներկայացված ուսումնասիրություններն ու դիտարկումները, ասում է, որ ի տարբերություն քաղաքական ու փորձագիտական շրջանակների, ակադեմիական հարթությունում որոշակի մտահոգություններ կան այս հարցում։
«Իրականում շատ բարդ իրավիճակում ենք գտնվում նաև վերլուծությունների արժանահավատության և հիմնավոր լինելու տեսանկյունից։ Ինչո՞ւ, որովհետև մենք գտնվում ենք գործընթացի սաղմնային փուլում, այսինքն` մենք մինչև այժմ առավելագույնս հասկացել ենք, գնահատել ենք, դիտարկել ենք կոնֆլիկտային միջավայրը և դրանից բխող մեզ համար սպառնալիքները։ Հիմա փորձ ենք անում մտնելու որակապես նոր փուլ, որը կոչվում է խաղաղության փուլ։ Անկախ Հայաստանը, հայ հասարակությունը Ադրբեջանի հետ երբևէ և ադրբեջանցի ժողովրդի հետ երբևէ խաղաղության միջավայրում կամ հարևանության միջավայրում չի եղել։ Սա մեզ համար բավականաչափ նոր և կարևոր իրողություն է: Նույնն էլ իրենց շրջանում է։ Բայց էնտեղ այդ թշնամանքի հաղթահարման գործընթացը շատ ավելի բարդ է ընթանալու։ Ինչո՞ւ, որովհետև պետության կողմից հատուկ քաղաքականություն է իրականացվել արտաքին թշնամու կերպարի կերտման, որտեղ առանցքային դերակատարումը ունեցել է հայը, հայ ժողովուրդը և Հայաստանը»։
Չնայած որոշ դիտարկումների, որ Ադրբեջանում հակահայկականությունը զիջել է դիրքերը, քանի որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղի հարց, արևելագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ հակահայկականությունը ոչ միայն չի զիջել դիրքերն այդ երկրում, այլև ավելի է խորացել․
«Հակահայկականությունը չի զիջել իր դիրքերը Ադրբեջանում, ճիշտ հակառակը։ Հակահայկականությունը ավելի լայնածավալ է դարձել։ Հակահայկականությունը համալրվել է նոր պատումներով, հայերի դեմ թշնամություն պահող ադրբեջանական հասարակության մեջ նոր պատումներով և այսպես կոչված՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը մաս է նոր պատումների։ Հակահայկական տրամադրությունները Ադրբեջանում բարձր պահելու, հայերի դեմ թշնամություն ապահովելու, կայուն, երկարատև թշնամություն ապահովելու նոր պատում է, և դա կոչված է փոխարինելու այն պատման ոչ արդիական լինելուն արդեն, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ Արցախի հակամարտությանը։ Այսինքն` հակահայկական քարոզչության նվազման միտում Ադրբեջանում չկա, ճիշտ հակառակը` մեծացել է ավելի պետական ֆինանսավորումը»։
Արևելագետ Արտյոմ Տոնոյանը պնդում է, որ Բաքուն պետական բարձր մակարդակով խնդիր է դրել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերադարձի հայեցակարգը արմատավորելու հասարակության մեջ։ Ավելին, Ադրբեջանը ձգտում է միջազգային հանրությանը հասցնել և ճանաչելի դարձնել այս մտացածին մոտեցումը։
Արմեն Պետրոսյանն, ընդունելով ակադեմիական հարթությունում առկա շատ դիտարկումներ, այնուամենայնիվ , այսպիսի կարծիք ունի․
«Չնայած եղած անորոշություններին, որոշակի, այնուամենայնիվ, ազդակները թույլ են տալիս կանխատեսել, որ կարող է այս գործընթացը հաջողել։ Դա պայմանավորված է Ադրբեջանի իշխանության վարչակարգի ունեցած նոր քաղաքական ամբիցիաներով։ Այսինքն` իրենք ձգտում են ավելի մեծ տարածաշրջանային դերակատարման, իսկ դրա համար նրանց անհրաժեշտ է արտաքին մարտահրավերների թոթափում։ Իսկ արտաքին մարտահրավերները կարող են լինել, եթե մեր տարածաշրջանում Ադրբեջանի հարևանությամբ, մեր տարածաշրջանի ներսում լինի որևէ կոնֆլիկտ, որը կարող է այլ դերակատարների կողմից օգտագործվի տարածաշրջանում հաստատվելու և Ադրբեջանի դիրքերը թուլացնելու նպատակով։ Այս դրույթը, հուշում է այն մասին, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը կարող է գնալ հարաբերությունների կարգավորման, բայց մտածել, որ այս թշնամանքի միջավայրը շատ արագ անցնելու է միամտություն կլինի»։
Միջազգային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը հիշեցնում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Այդ առումով նա հույս ունի, որ քաղաքականության պատասխանատուները կկարողանան պատմական այս կարևոր շրջափուլում խաղաղության հասնել տարածաշրջանում։




