
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ, այսօր «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ սրանով «ըստ էության, արդեն մի փուլ ենք մտել, որտեղ Հյուսիս-Հարավ նախագիծը ստանում է միս ու արյուն»։
Այս համատեքստում է կառավարության ղեկավարը ներկայացրել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման՝ TRIPP նախագծի ընթացքը։
TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք։
Վարչապետը հավելել է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Նա հայտնել է, որ այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի 99 և 49 տարվա սցենարը։ Փաշինյանը ժամկետը պայմանավորել է ներդրումներով:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» մանրամասներին՝ նշել է, որ Գյումրիից Երեւան Հյուսիս-Հարավ ճանապարհը գործնականում արդեն պատրաստ է, կահավորման աշխատանքներն են մնում, իսկ Ագարակ- Քաջարան հատվածը կառուցվում է արագ տեմպերով։
«Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան- Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որով մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում նա կարեւորել է Ադրբեջանի երկաթուղով Հայաստան բեռներ մտնելու հանգամանքը, որը հասել է Վրաստանի տարածքով։
«Խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով և Սյունիքի մարզով, և նաև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ»։
Նա նշել է, որ TRIPP-ի հետ կապված կա մի շփոթմունք. շատերը այն պատկերացնում են «որպես մի շերտ, մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ»։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ նախագիծը ենթադրում է նաեւ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, որոնք «կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք տեխնիկատնտեսական և ինժեներական առումով առավել արդյունավետ և նպաստավոր կգտնեն»։
«Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովն անցկացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ։




