ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՀՀ ՊՆ ղեկավարը խոսել է բանակի մարտական ​​պատրաստվածության բարձրացման և ԶՈՒ բարեփոխումների մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում խոսել է բանակում կատարվող բարեփոխումների մասին։ Երկրի անվտանգության, պաշտպանունակության ապահովումը և բանակի շարունակական զարգացումն այն ուղղություններն են, որոնց վրա կառավարությունը հետևողականորեն աշխատում է՝ վստահեցրել է նախարարը։ 2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, հաջորդող տարիներին այդ թիվն աճել է՝ 2025-ին հասնելով 667 մլրդ դրամի։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով՝ ասել է Պապիկյանը՝ շեշտելով, որ անցած երեք տարիներին կատարված և առաջիկայում կատարվելիք ծախսերն աննախադեպ են։

Առաջնագծում բանակային դիրքերը նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցնելու գործընթացը շարունակվում է՝ խորհրդարանում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ դա էապես բարձրացնում է թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգությունը, թե՛ պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը.

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումը և սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության հիմնական ուղղություններից են։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակվում են Զինված ուժերի արդիականացմանն ուղղված աշխատանքները»։

Տեղական ռազմական արդյունաբերությունը, ըստ նախարարի, նույնպես գերատեսչության ուշադրության կենտրոնում է։

«2022 թ մենք ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ շուրջ  5,5 մլրդ դրամի պայմանագիր։ Հետագա եռամյա պայմանագրերով այդ գումարը հասցվել է 171 մլրդ  դրամի»։

Պաշտպանության նախարարը շեշտեց նաև, որ Հայաստանն իր զենքն ու բանակը կօգտագործի միայն մեկ նպատակով՝ երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Բանակի կերպափոխման հայեցակարգից բխող բարեփոխումներն էլ ընթացքի մեջ են։ Բարեփոխման ծրագրերից նախարարն առաջինը ներկայացրեց ատեստավորման համակարգի ներդրումը, որի շնորհիվ պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ 205-ից մինչև 470 հզր դրամ հավելյալ աշխատավարձ։ Նախարարը դա  էական բարելավում է համարում։ Նա կարծում է, որ այն արդեն անդրադարձել է զինծառայողների սոցիալական վիճակի, կյանքի որակի վրա։ Ատեստավորման դինամիկան էլ է գոհացնում Սուրեն Պապիկյանին ։  

«Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65 տոկոսանոց ատեստավորում»։  

Զինծառայողներին բնակարանով ապահովելու խնդրին անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ ներդրված ծրագրերով այս տարվա նոյեմբերի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2․035 զինծառայող։ Եվս 564 բնակարան  2022-2025 թթ․ հատկացվել է ՊՆ համակարգի՝ բնակարանի կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի անցած նախկին զինծառայողների, զոհված և զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների։  

Էական փոփոխություններ ու ներդրումներ են արվել ռազմական կրթության ոլորտի մեջ։ Մարդկային ռեսուրսը ոլորտի համար կարևոր կապիտալ է, իսկ զինուժի վաղվա կարևորագույն բաղադրիչները ձևավորվում են ռազմական կրթօջախներում՝ շեշտում է Պապիկյանը․

«2026 թ. ռազմաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը, նշանակմանը զուգահեռ, կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ։ Իհարկե՝ բացառություն է կազմում այստեղ վաճառքի իրավունքը»։

Ռազմական ուսումնական հաստատություններում կրթաթոշակների բարձրացման մասին ևս խոսեց պաշտպանության նախարարը։ Նրա խոսքով, օրինակ, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 4-րդ տարվա կուրսանտի բազային կրթաթոշակը 30 հզր դրամ է։ Առաջադիմությամբ պայմանավորված՝ այն կարող է հասնել 150 հզր, իսկ 5-րդ կուրսում ՝ 175 հզր դրամի։ Այս համատեքստում ուշագրավ մի փաստ է արձանագրում նախարար Պապիկյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի պարագայում։ Մինչև 2018–ը կուրսանտներն այստեղ կրթաթոշակ չեն ստացել։ Այսօր վարժարանի սաները ստանում են 15 հզր դրամ կրթաթոշակ։ Միջին առաջադիմության կուրսանտների համար կրթաթոշակը 30 հզր դրամ է, իսկ գերանզանց առաջադիմությամբ կուրսանտները ստանում են 45 հզր դրամ։ Նախարարը վստահեցրեց, որ աճել է ռազմական կրթօջախների նկատմամբ հետաքրքրությունը։ Դա է վկայում կուրսանտների թվի աճը։

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, ասաց, որ դրա նկատմամբ հետաքրքրությունը նույնպես աճել է.

«Հիշեցնեմ, որ ծրագրով ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային, 5 տարով պայմանագիր են կնքում ՊՆ-ի հետ։ Ավելին ասեմ․ օրենսդրական նախաձեռնություն ունենք, որի համաձայն՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կարող են պայմանագիրը դարձնել 7 և 10 տարի։ Նշեմ, որ երկու տարվա ընթացքում ծրագրի շահառուների թիվը 4220 է, որը պարբերաբար աճում է»։

Թափանցիկ ու պարզացված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է՝ ասում է պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ արվում է առավելագույնը զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ նախ և առաջ հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա։

25-օրյա վարժանքների մասին խոսելիս Պապիկյանը միաժամանակ կարևոր ձեռքբերում համարեց տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումն ու վարժական հավաքների կանոնավորությունն ու պարբերականությունը։ Եզրափակելով նախարարը համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականն ու նաև աքիլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյություն է կամ բացակայությունը։

Կարդացեք նաև

Back to top button