
44-օրյա պատերազմի պատճառների տարբեր և հակասական վարկածներ են շրջանառվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ու այս օրերին այդ քննարկումներն առանձնակիորեն թեժացել են և իշխանության ու ընդդիմության միջև ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով։
Եթե մի կողմը շեշտը դնում է սադրիչ հայտարարություններով ու գործողություններով բանակցությունները տապալելու և պատերազմի հանգեցնելու վրա, ապա մյուս կողմը պատասխանում է, որ պատերազմի իրական պատճառը ռազմական բալանսի խախտումն էր և տասնամյակներով բանակն իրապես չվերազինելը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները նմանություններ են տեսել վերջին օրերին Ադրբեջանի արտգործնախարարի և Հայաստանի նախկին նախագահների հարցազրույցներում։
ՀՀ վարչապետը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բովանդակային ընդհանուր գծեր է տեսնում Ադրբեջանի արտգործնախարարի ու Հայաստանի նախկին նախագահների վերջին հարցազրույցների միջև։ Ռուբինյանը համաձայն չէ նրանցից որևէ մեկի հետ և պնդում է, որ այդ հարցազրույցներում ներկայացված փաստերը ճիշտ չեն։
«Դուք դատեք։ Նորմա՞լ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու, բանակցային գործընթացը կանգնեցնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետև ինքը հակառակ կողմն է, պետք է հակառակ կողմին մեղադրի։ Բայց նորմա՞լ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր Պետրոսյանը։ Ես հասկանում եմ՝ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն․․․, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, (ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես), պայքարից քո պետության դեմ»։
ԱԺ փոխնախագահը տեղյակ չէ, թե բանակցային ինչ փաստաթղթեր է պատրաստվում մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի վարչապետը։ Նա պնդում է, որ 2019-ին միջնորդների կողմից չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը՝ ոչ։ Իսկ 19-ի առաջարկը, որի մասին շատ է խոսում ընդդիմությունը, պարզապես եղել է Սերժ Սարգսյանի վարած բանակցությունների ինչ-որ հանրագումար՝ ասում է Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով, որ տարիների ընթացքում բանակցություններն այս կամ այն կերպ տեղավորվել են մադրիդյան սկզբունքների շրջանակներում։
«Եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչո՞ւ չեն իրագործվել։ Իրականում «Մադրիդյան սկզբունքներով» ենթադրվող առաջարկները, առնվազն 2010-կաններին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից տարբեր վարիացիաներով, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի շուրջ ռուս խաղաղապահներ են կանգնում, և կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Իմ նշած այս ամեն ինչը մենք գետնի վրա տեսել ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք` ինչ է լինում, երբ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ մնում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Ռուս խաղաղապահների կանգնելը չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը»։

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն օրերս ծավալուն հարցազրույցում պնդել էր, որ ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում բանակցությունները տապալելու և իբր սադրիչ գործողություններով պատերազմ հրահրելու համար։ Ադրբեջանն այդ ընթացքում միջազգային հանրությանը մի փաստաթղթով ներկայացրել է ենթադրյալ սադրիչ քայլերն ու հայտարարությունները Հայաստանի կողմից։ Դրանց թվում դիտարկվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» և Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները, ԼՂ-ում համահայկական խաղեր կազմակերպելը, Տավուշի հուլիսյան մարտերը, երբ ադրբեջանցի գեներալ սպանվեց, ապա Սարդարապատում վարչապետի պարգևատրումն այդ մարտերի մասնակիցներին։
Թվարկվածը ժամանակին քննադատել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը հենց նրան է հիշեցնում, որ ժամանակին՝ նախագահի պաշտոնին հավակնելու ժամանակ, հենց Քոչարյանն էր պնդում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին համաձայն չէ, որ նշյալ հայտարարություններն ու իրադարձությունները կարող էին բանակցություններից հրաժարվելու և պատերազմ հրահրելու պատճառ դառնալ։ Նա ասում է, որ պատերազմի նախորդ երկու տարիներին ՀՀ-ն փորձել է դուրս գալ իրավիճակից, որը կարող էր հանգեցնել պատերազմի։
«Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Ակնհայտորեն, շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել, և Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն էր ներկայացվել, որ բանակցային այդ փոքր տարածքի մեջ մանևրել հնարավոր չէր, և դրան զուգահեռ նաև ուժերի բալանսն էր կտրուկ փոխվել»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս պատերազմին հանգեցրած առաջնային պատճառներից մեկ հենց ռազմական բալանսի փոփոխությունն է համարում։
«Ես կարծում եմ` պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմը, հետևյալի մեջ է․ այն տարիներին պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեի հանդեպ 1/1-ից չդառնա 1/5-ի։ 2008 թվականի դրությամբ պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար և այսպես շարունակ։ Այ դա է պատճառը 44-օրյա պատերազմի, երբ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Պատերազմը սկսվում է, երբ բալանսը խախտվում է»։
Քանի օր է՝ ներքաղաքական դաշտում հեռակա բանավեճ է պատերազմի և խաղաղության թեմայի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը խոստացել է հրապարակել բանակցային փաստաթղթեր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով այդ որոշմանը, հայտարարել է․
«Կարևորն այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք»։
Խորհրդարանական ընդդիմությունն այժմ նոր մտահոգությունից է խոսում։ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը անկլավ-էքսկլավների թեման ընկալում է որպես հերթական զիջում։ Այս հարցի քննարկումն ակտիվացրել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատման միջոցով Հայաստանին կվերադարձվեն Արծվաշենն ու օկուպացված մյուս տարածքները։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է վարչապետի այլ հայտարարությունը նույն թեմայով։

«Ինքն է ԱԺ ամբիոնից ասել, որ դրա իրավական հիմքերը չկան, և այդ առումով ճիշտ է ասել։ Իրավական հիմք, այսպես կոչված, անկլավների հետ կապված չկա, բա ի՞նչ տարածքների մասին է այդ դեպքում խոսվում, ո՞րն է դրա իրավական հիմքերը։ Ես այս օրինակը բազմիցս բերել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ ասել` ինչը վերաբերում է Կիրանց-Ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում էին` այս հատվածներից մենք զիջում ենք անում Բերքաբերից 900 հա ստանալու համար։ Տևական ժամանակ է անցել՝ որևէ սանտիմետր, որևէ միլիմետր հող Բերքաբերի լճից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չի ստացել։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ այն հատվածներով, որոնց մասին երկար ժամանակ խոսվում է, անցնում են մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Հայաստան մտնող գազամուղն է, ինտերնետ մալուխներն են և այլ կոմունիկացիաներ, որոնք փաստացի երկու հատվածում էլ՝ Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներն են ստեղծելու ՀՀ համար»։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ճշգրտում է, որ անկլավ-էքսկլավների հարցն արագ լուծվող չէ։
«Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ՝ մեջտեղում, վերջում, թե որ հատվածում, պետք է նաև անդրադարձ կատարվի անկլավների հարցին»։
Խանդանյանի պատկերացրած սցենարով՝ սահմանազատման բոլոր արձանագրություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, վավերացվի, հետո տեղի ունենա սահմանագծում։ Հաջորդիվ արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում։ Եթե որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, այսինքն՝ Արծվաշեն անկլավը մնա Ադրբեջանի կազմում Հայաստանում ադրբեջանական անկլավների դիմաց, ապա այդ հարցը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով։
Ինչ է ասում այս առումով սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովը, դեռ պարզ չէ։ Դրա վերջին հանդիպումը սեպտեմբերին էր, բայց աշխատանքային թեման TRIPP ծրագիրն էր՝ ասում է Խանդանյանը՝ դժվարանալով հանձնաժողովների նոր հանդիպման ժամկետ ասել։




