ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Շուրջ 3 մլն եվրո և արձագանքման համալիր փաթեթ․ ԵԽ-ն շարունակում է օգնել Հայաստանին` բռնի տեղահանվածներին աջակցելու հարցում

2024-ի ապրիլին Հայաստանում սկսվեց Եվրոպայի խորհրդի՝ փախստականների արձագանքման փաթեթի իրականացումը։ Համալիր փաթեթի ընդհանուր բյուջեն 2,8 մլն եվրո է։ Այն համարվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների՝ 2023-2026 թթ․ ծրագրի անբաժանելի մասը։ Արձագանքման փաթեթը նախատեսված է աջակցելու ՀՀ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների բազմաթիվ հարցեր կարգավորելու համար։ 2023 թ․ սեպտեմբերյան բռնի տեղահանման օրերից սկսած Եվրոպայի խորհուրդն աջակցել է Հայաստանին տարբեր ծրագրերով։ Փաթեթի վերաբերյալ Երևանում երկխոսություն է եղել, քննարկվել են թե՛ իրականացված, թե՛ իրականացվելիք ծրագրերը։

Տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում, փախստականներին ընդունած համայնքներին աջակցություն, մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում, երեխաների իրավունքների պաշտպանություն՝ հետկոնֆիլկտային համատեքստում․ սրանք Եվրոպայի խորհրդի փախստականների արձագանքման փաթեթի չորս ծրագրերն են Հայաստանի համար: Արագ արձագանքման փաթեթի մեկնարկից երկու տարի անց գնահատման երկխոսությունը հարթակ է՝ ներկայացնելու ծրագրերի իրագործման առաջընթացը և նախանշելու հետագա անելիքները։ Այս փաթեթը պահանջարկի վրա հիմնված ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն է՝ արձանագրում է ԱԳՆ եվրոպական հարցերով վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ Պաշտոնյան ընդգծում է՝ փաթեթը գործնական ու հասցեական աջակցություն էր Հայաստանին։

Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը հիշեցնում է՝ 18 ամիս առաջ է սկսվել ծրագրի իրականացումը․

 «Մենք հումանիտար կազմակերպություն չենք, բայց քննարկել ենք  մեր գործընկերների հետ, հանգել այն եզրակացությանը, որ կարևորագույն դեր ունենք այստեղ՝ ապահովելու, երաշխավորելու այս փախստականների՝ մարդու իրավունքները և մասնավորապես խոցելի մարդկանց իրավունքները։ Այն ժամանակ միգրացիայի  հարցերով հատուկ ներկայացուցիչը 2003 թ հոկտեմբերի սկզբին այցելեց Հայաստան, ինչի շնորհիվ մենք «Հասցեական միջոցառումների փաթեթ» նախապատրաստեցինք, որպեսզի օգնենք Հայաստանին՝ հասցեագրելու այս աննախադեպ մարտահրավերները»։

Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև արդեն կար գործակցություն։ 2023–ի սեպտեմբերյան դեպքերից հետո գործող երկու ծրագրերին ավելացան ևս չորսը։ Համալիր արձագանքման փաթեթի ընդհանուր բյուջեն  2,8 մլն եվրո է՝ պետություն-մասնավոր գործակցությամբ։ Բարելավվեցին և փախստականների համար հասանելի դարձան շատ ծառայություններ, ամբողջական մեխանիզմներ ներդրվեցին միգրացիայի ու քաղաքացիության ծառայության մեջ։ Տասը համայնքի աջակցեցին, որ այնտեղ բարելավվեն փախստականներին մատուցվող ծառայությունները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծում է՝ 2023-ի սեպտեմբերյան տեղահանման ժամանակ բոլոր պետական մարմինները միասնաբար էին աշխատում։ Բայց փոխնախարարը որոշ բացեր է առանձնացնում․

«Մենք ինչ-որ պահի պետք է ուղղակի առերեսվենք այն փաստին, որ մենք բնակչության տվյալներին վերաբերվել ենք, ներողություն արտահայտությանս համար, բայց չեմ կարող խուսափել այդ բառից, փնթի ձևով։ Դա վերաբերել է ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Ղարաբաղին։ Սովետական ավանդույթի ուժը կա, բյուրոկրատիայի չկայացվածությունը կա, բազմաթիվ պատճառներ կան։ Այսինքն՝ եթե մենք ունենայինք բնակչության վերաբերյալ հավաստի տվյալներ, որոնցով մենք կարողանայինք  աշխատել առաջին իսկ օրվանից, միգուցե բնակչության հաշվառումը չլիներ այսքան կենսական, և այդքան ժամանակի և ռեսուրսի օգտագործում և սպառում անհրաժեշտ չլինեին դրա համար»։

ՄՔԾ զանգերի կենտրոնը ևս ստեղծվեց Եվրոպայի խորհդի աջակցությամբ։ Այն այժմ՝ արդեն ամեն շաբաթ, ավելի քան 11 հազար զանգ է ստանում։ Կենտրոնն աջակցում է փախստականներին՝ հասկանալու՝ ինչպես ստանան Հայաստանի քաղաքացիություն, ինչպես օգտվեն աջակցության տարբեր ծրագրերից և այլն։

Առաջնային հաշվառումից հետո սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացվել։ Նախ՝ 100 հազարական դրամները, հետո՝ նաև այլ ծրագրեր։ Առաջնային ծրագրերից հետո արդեն փախստականների իրավական կարգավիճակի հարցն էր առաջ եկել։ Գործակցել են Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կառույցների հետ։ Եվրոպայի խորհրդում ևս արձանագրում են՝  տեղահանվածների կարգավիճակը հասկանալի չէր, ուստի խորհրդատվությամբ աջակցեցին իշխանությանը։ Փոխնախարար Ղազարյանը վստահեցնում է, որ ի վերջո գտել են օպտիմալ լուծումներ։ Ի տարբերություն, օրինակ, մեկ տարի առաջվա տվյալների՝ բռնի տեղահանվածներն այժմ ավելի շատ են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Ղազարյանն ընդգծում է՝  տեղահանվածների մեծ մասը մնացել է Հայաստանում․

«Առավոտյան տվյալներով՝ ավելի քան 23 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Սա երկու հավելյալ էֆեկտ ունի՝ ժամանակի ընթացքում հոգեբանական իմաստով տրամվայի հաղթահարումը և բացատրական այն աշխատանքը, որը կատարել ենք՝ լավ  թե վատ, պարզաբանելով, որ տեղահանված բնակչությունը, ձեռք բերելով ՀՀ քաղաքացիություն, որևէ բան չի կորցնում»։

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նաև տեղահանված անձանց բնակարանային ապահովման ռազամավարությունն է մշակվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ընդգծում է․

«Շատ ենք կարևորում տեղահանված հայրենակիցների հարմարումը և հասարակություն լիարժեք ներառումը։ 1,5 մլրդ եվրո արժողությամբ բնակարանային ծրագիր է հաստատել կառավարությունը․ սա եզակի է ՀՀ-ում իրականացրած բնակարանային ծրագրերի համատեքստում։ Սա նշանակում է, որ ուզում ենք ապահովել ինտեգրման համար ամենակարևոր բանը՝ կացարանը, տունը բոլոր այն ընտանիքների համար, որոնք ՀՀ–ում տուն չունեն։ Մենք ունենք 1264 ընտանիք, որ ձեռք են բերել բնակապահովման այս ծրագրով։ Նրանց մեծ մասը 2-3  հոգուց բաղկացած ընտանիքներ են։ 3500-ը դիմել են․ այս պահին գնում կատարել է 1264-ը»։

Առանձնացվել են պետական շենքեր, որոնք պետք է սոցիալական տներ դառնան։ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ աշխատանքով են ապահովվել բռնի տեղահանված շատ մասնագետներ։ Առաջիկա տարիներին դրամական աջակցության ծրագրերն ավելի հասցեականորեն կիրագործվեն։ Իսկ զբաղվածության ծրագրերը միտված են աղքատության և, առհասարակ,  խոցելիության տարբեր աստիճանների հաղթահարմանը։ 

Կարդացեք նաև

Back to top button