ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հանուն պետական շահերի փոխվում են դիրքորոշումները. Սիրիան միացավ ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» դեմ պայքարին

Ըստ BBC-ի՝ Սիրիան կմիանա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային՝ հենց այն մարդու ղեկավարությամբ, որը եղել է այդ խմբավորման առաջամարտիկներից մեկը։ Ահմեդ ալ Շարաան, որ նախկինում հայտնի էր Աբու Մուհամմադ ալ Ջուլանի անունով, ժամանակին սերտորեն գործակցում էր Իրաքում «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ: Այժմ նա Սիրիայի առաջնորդն է և Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ նախագահի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաայի հանդիպումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ Սպիտակ տանը հնչած հայտարարությունները, մասնավորապես այն, որ Սիրիան միացել է ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային, քննարկվում են միջազգային մամուլում։ Այսպիսով, ահաբեկչական խմբավորման նախկին առաջամարտիկն այսօր միանում է ահաբեկչության դեմ պայքարի գործին։

Հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ այս քայլը սպասելի էր: Թրամփի և Շարաայի հանդիպումից հետո Սիրիայի ժամանակավոր կառավարության տեղեկատվության նախարար Համզա Մուստաֆան X սոցիալական ցանցում գրել է, որ Դամասկոսը միացել է ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պայքարին՝ այդկերպ ամրապնդելով իր դերը ահաբեկչության դեմ պայքարում որպես գործընկեր։

Նախարարը պարզաբանել է, որ այդ համաձայնությունը քաղաքական է և չունի ռազմական բաղադրիչ։

Մինչև հանդիպումը BBC-ն կանխատեսում էր, որ Սիրիան կմիանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային հենց այն մարդու ղեկավարությամբ, որն այդ խմբավորման առաջամարտիկներից է եղել։

Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամմադ ալ Ջուլանի անունով, ժամանակին սերտորեն գործակցում էր Իրաքում «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ: Թրամփի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ իր համագործակցությունը «Ալ Քաիդա»-ի հետ անցյալում է, և դա չի քննարկվել ԱՄՆ նախագահի հետ։ Դոնալդ Թրամփը գովաբանել է Ահմեդ ալ Շարաային՝ ասելով, որ նա դարձել է Սիրիայի առաջին ղեկավարը, որին Սպիտակ տանը ընդունել է ԱՄՆ նախագահը՝ 1946 թ․ Սիրիայի անկախացումից ի վեր։

Շարաայի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը նրան այսպես է բնութագրել․

«Նա շատ ուժեղ առաջնորդ է։ Ծանր անցյալ է ունեցել։ Եվ ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե ծանր անցյալ չունենար, հնարավորություն չէր ունենա։ Մենք ցանկանում ենք տեսնել, որ Սիրիան շատ հաջողակ երկիր դառնա։ Եվ ես կարծում եմ, որ այս ղեկավարը կարող է դա անել։ Ես իսկապես այդպես եմ կարծում»։

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդիպումից հետո տեղեկացրել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը երկարաձգվել է ևս 180 օրով։

Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով այս իրողությանը, սոցցանցում գրում է․

«Սա դասական ռեալիզմին բնորոշ երևույթ է, երբ հանուն պետական շահերի փոխվում են դիրքորոշումները, այդ թվում՝ ամերիկյան «ահաբեկիչների հետ չենք բանակցում» հայտնի սկզբունքը։

Այժմ ԱՄՆ-ի շահերը պահանջում են վերակառուցել իր դիրքերը Մերձավոր Արևելքում, Հեռավոր Ասիայում, Կենտրոնական Ասիայում, իսկ լայն առումով՝ Եվրասիայում, որը ինչպես ասում էր Բժեզինսկին, համաշխարհային ազդեցության էպիկենտրոնն է»։

Ահմեդ ալ Շարաան 2024 թվականի վերջին տապալեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և դարձավ այդ երկրի ղեկավարը։

Միջազգային մամուլը հիշեցնում է, որ Աբու Մոհամմեդ ալ Ջուլանին 2003 թ․ միացել էր «Ալ Քաիդա»-ին Իրաքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի դեմ պայքարելու համար։ 2006 թ․ նրան ձերբակալել էին ԱՄՆ զինված ուժերը, և նա հինգ տարի անցկացրել է իրաքյան բանտերում։

2011 թ․՝ ազատ արձակվելուց հետո, Շարաան, հիմնադրել և ղեկավարել է «Ջաբհաթ ալ Նուսրա»-ն՝ «Ալ Քաիդա»-ի սիրիական ճյուղը, որը կարճ ժամանակ գործակցել է «Իսլամական պետության» հետ։ 2017 թ․ «Ջաբհաթ ալ Նուսրա» խմբավորումը վերակազմավորվել է և կոչվել «Հայաթ Թահրիր ալ Շամ»։

Նոր խմբավորման հիմնական նպատակը Ասադի իշխանությունը տապալելն է եղել։

Մամուլը նաև ուշագրավ դրվագներ է ներկայացնում Սիրիայի ժամանակավոր նախագահի՝ Վաշինգտոն այցից։ Մասնավորապես ընդգծվում է, որ նա Սպիտակ տուն է մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ կողային դռնով, և որ Վաշինգտոնում նրան դիմավորել են առանց ավանդական պաշտոնական արարողակարգի։

Կարդացեք նաև

Back to top button