
24 տարի առաջ Երևանի «Առագաստ» սրճարանում սպանված ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշել է բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը, հայտնում է 1lurer.am-ը։
Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո:
Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն:
Պողոս Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու միջնորդությամբ հանդես էր եկել ՀՀ դատախազությունը, որպեսզի պարզվի՝ արդյոք Պողոս Պողոսյանին դիտավորյալ սպանե՞լ են, թե՞ նա մահացել է քաշքշուկի ժամանակ ընկնելու հետևանքով։
Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում, ուստի նրա աճյունը արտաշիրիմելու հարցով դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին։
2002 թվականին Պողոս Պողոսյանի մահվան գործով դատարանը մեղավոր էր ճանաչել Աղամալ Հարությունյանին։ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:
Դատարանը հաստատված էր համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:
Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Աղամալ Հարությունյանն այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ է եղել։
Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացվել էր 2020 թվականին. Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականի վճռին ու գործն ուղարկել նոր քննության։




