ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզեցրել է կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, նաև ընդլայնել այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստին։ Կենսաթոշակային ապահովության և դրամական այլ վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մանրամասնել է նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են զինվորական կենսաթոշալի տրամադրման ընթացակարգերում։

Գործադիրն ընդլայնել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թվականների աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճարների կատարումը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և դրամական այլ վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի խոսքով՝ փոփոխության պատճառը 90-ականներին և 2000-ականների սկզբին աշխատատեղերի կրճատումը, նոր աշխատատեղերի բացումը և աշխատանքային իրավունքները մեծաթիվ խախտումներն են։

«Սկզբունքը մեկն է եղել։ Դրանք այն կազմակերպություններն են, որ 1992-2004 թվականներին աշխատել են։ Ինչո՞ւ 2004, որովհետև 2004-ից հետո մենք ունենք արդեն անձնավորված հաշվարկ։ Մինչև այդ մենք ունեինք գործատուների մասին թերի տեղեկատվական բազա, բայց անձնավորված չունենք։ Դրանք պետական մարմիններն են, որոնք այդ տարիներին աշխատել են՝ բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, դպրոցները, բուհերը, հիվանդանոցները, պոլիկլինիկաներ»։ 

Հաջորդ փոփոխությամբ պարզեցվել է ԼՂ-ում աշխատած անձանց աշխտանքային ստաժը հաստատելու կարգը։ Հաշվի առելով այն հանգամանքը, որ ԼՂ-ի արխիվները մեծամասամբ չեն պահպանվել՝ կառավարությունը որոշել է, որ 1992- 2013 թթ․ աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը և աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։ Անահիտ Գալստյան․

«Այս դեպքում ևս մինչև 2013 թ-ը, Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը ստաժում կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկի գրառումներով։ Այսինքն՝ աշխատելու մասին փաստի առկայության դեպքում, դա կարող է լինել որևէ արխիվային փաստաթուղթ, որևէ ակտ, որ կհավաստի, որ ընդունվել է այսինչ օրը, այսինչ ամսին, այսինչ տարի և ազատվել»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լուծում է գտել մեկ այլ տարածված խնդրի, երբ սխալ տառադարձման, տառասխալների կամ տեխնիկական այլ պատճառներով անձի անուն ազգանունը կամ անձնական այլ տվյալները տարբերվում են անձնագրում եղած տվյալներից․

«Մենք այստեղ ևս վարչարարություն ենք արել, հեշտացրել ենք գործը, սահմանել ենք այն կանոնները, որի դեպքում այսպես ասած արտաքին փոփոխությունների պարագայում, կլինի ինչ-որ տառադարձության՝ Հովհաննես- Օվհաննես, կամ ասենք երբ  անձնագրայինի աշխատակիցը Հովհաննեսը մի ն-ով է գրել, բայց իր անձնագրում արդեն երկու ն-ով է։ Այս հարցերը կարգավորել ենք»։

Կփոխվի նաև զինվորական կենսաթոշակների տրամադրման կարգը։ Նախկինում Հայաստանն անդամակցում էր ԱՊՀ երկրների շրջանակում կնքված պայմանագրերի, այժմ, երբ Ռուսաստանը և Ուկրաինան դուրս են եկել զինծառայության վերաբերյալ միջազգային պայմանագրերից, Հայաստանի կառավարությունը ևս վերացրել է պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ մանրամասնում է Անահիտ Գալստյանը։

«Մենք Ռուսաստանի, Ուկրաինայի ստաժի համար նշանակում էինք զինվորական կենսաթոշակ։ Այսինքն, ենթադրենք, 5 տարի Հայաստանում էր ծառայել, 10 տարի՝ Ռուսաստանում, 5 տարի՝ Ուկրաինայում, 20 տարվա ստաժը կար սովետական, նաև հետխորհրդային շրջանում։ Քանի որ նրանք դուրս են եկել պայմանագրից, մենք այլևս որևէ պարտավորվածություն չունենք այդ պետությունների տարածքում ծառայած զինվորական ծառայության ստաժի համար Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու»։

Խորհրդային տարիների զինծառայության ստաժը Հայաստանի քաղաքացիների դեպքում հաշվի կառնվի ներպետական օրենսդրության համապատասխան դրույթներով՝ եզրափակում է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Կարդացեք նաև

Back to top button