
Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունները կրկին ուշադրության կենտրոն են բերել «3+3» ձևաչափը։ Այն արդեն դիտարկվում է որպես հնարավոր հարթակ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու և խաղաղության գործընթացը խորացնելու համար։ Մոսկվան ձգտում է վերագործարկել այս ձևաչափը՝ ընդգծելով այդ հարթակի դերակատարությունը անվտանգության և համագործակցության ապահովման գործում։ Նման մոտեցում ունի նաև Թեհրանը։ Երևանի խոսույթը ևս վկայում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու մասնակցել այս գործընթացին՝ շեշտադրելով հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքները։
Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի, և «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ Օրերս Մոսկվայում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակն ունի բարելավման նշաններ։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա, առաջին հերթին, տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել խորհրդատվական և տարածաշրջանային խմբի «3+3» հարթակի աշխատանքը»։
Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության ապաշրջափակումը մեծ կարևորություն ունի։
Մոսկվայի հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր ելույթում տարբեր համագործակցությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի համատեքստում նա ասել էր.
«Մենք բաց ենք երկխոսության համար, պատրաստ ենք աշխատելու փոխադարձ հարգանքի ոգով և ձգտում ենք, որպեսզի մեր համագործակցությունը ոչ միայն բերի կոնկրետ արդյունքներ, այլ նաև դառնա օրինակ այլ տարածաշրջանների համար, որոնք դեռ պետք է անցնեն նման ճանապարհով»։
«3+3» ձևաչափի գործնական կարևորությանն է անդրադարձել նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ շեշտելով Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների և անվտանգային հավասարակշռության հարցում։ «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ, Արաղչին ասել է, որ Իրանը Զանգեզուրի հարցով անմիջական կապի մեջ է Հայաստանի հետ և հավաստիացումներ է ստացել, որ իր ազգային շահերին սպառնալիք չի լինի։ Իր խոսքն Արաղչին այսպես է ձևակերպել.
«Բանակցությունները Թեհրանի համար մնում են ազգային շահերին հասնելու և անվտանգություն ապահովելու հիմնական գործիքը։ Աշխարհաքաղաքական, տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է, իսկ անվտանգությունն ամենաարդյունավետն ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով»։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 5-ին՝ խաղաղությանը և համագործակցությանը նվիրված երևանյան միջազգային համաժողովում ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը տարածաշրջանային համագործակցության ձևաչափերում՝ հիշատակելով նաև «3+3» հարթակը։ Նրա խոսքով՝ Երևանի առաջնահերթությունը մնում է հարևանների հետ հավասարակշռված հարաբերությունների ձևավորումը։ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։
«Հավաստում եմ, որ Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային համագործակցությամբ։ Նշեցի երեք երկրների ձևաչափը։ Չմոռանանք «3+3» հարթակը, որտեղ կան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք այստեղ էլ ենք մասնակցում և հետաքրքրված ենք հետագա շարունակությամբ։ Եվ այդպես էլ շարունակելու ենք»։
Ավելի վաղ՝ այս տարվա օգոստոսին, փոխնախարար Վահան Կոստանյանը IRNA գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները նոր էջ են բացում երկխոսության համար, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։ Նրա խոսքով՝ Հայաստանը մասնակցել է այս ձևաչափին հենց սկզբից՝ ակտիվորեն մասնակցելով թե՛ փոխնախարարների, թե՛ նախարարների մակարդակով քննարկումներին։
«Մենք կարծում ենք, որ այս երկխոսության ձևաչափը կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային նախագծերի, հատկապես՝ փոխկապակցվածության ծրագրերի քննարկման համար»։
Կոստանյանը նաև հստակեցրել էր, որ վերջին նախարարական հայտարարության համաձայն՝ հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում։
Նոյեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն առանց ժամկետներ հստակեցնելու հայտարարել է, որ «3+3» հարթակի հերթական հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում։
Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել՝ Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով։ Մյուս մասնակիցները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար «3+3» հարթակի դուռը բաց է։




