Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։
«Brave Heart» («Քաջ սիրտ») երգը երազելու կարողությունը չկորցնելու կոչ է։ Երգը հիշեցնում է, որ երազանքները կյանքի ամենակարևոր գույներից են.հաճախ մարդիկ մոռանում են երազելու մասին, և կյանքը անգույն է դառնում։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։
Ալբերտը սկսել է երգել հինգ տարեկանից։ Երաժշտությունից բացի, Ալբերտը հետաքրքրվում է նկարչությամբ և ստեղծագործելիս սիրում է նաև փորձարկել տարբեր ԱԲ ծրագրեր։ Այս հետաքրքրություններն էլ դարձել են երգի տեսահոլովակի գաղափարը կյանքի կոչելու հիմք։
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը այս տարի կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին՝ «United by Music» խորագրով։ Հայաստանի պատվիրակ Ալբերտը ելույթ կունենա 05 համարի ներքո։




