
Գերմանիայի Վյուրսելեն քաղաքի հիվանդանոցում աշխատած պալիատիվ խնամքի բուժակը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 10 հիվանդի սպանության և ևս 27-ի սպանության փորձի համար, գրում է BBC-ին։
Քննության տվյալներով՝ բուժաշխատողը գիշերային հերթափոխերի ժամանակ իր տարեց հիվանդներին ներարկել է մեծ չափաբաժնով ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցներ՝ նպատակ ունենալով թեթևացնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
Դատավարության ընթացքում մեղադրողները նշել են, որ բուժակը դրսևորել է անտարբերություն և կարեկցանքի բացակայություն իր խնամքի տակ գտնվող հիվանդների նկատմամբ՝ «կյանքի և մահվան տիրակալի» դիրք գրավելով։
Հանցագործությունները կատարվել են 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսը։
Դատարանը նրա գործողությունները որակել է որպես «մեղքի առանձնահատուկ ծանրություն» ունեցող հանցագործություն, ինչը նշանակում է, որ նա չի կարող ազատվել վաղաժամկետ՝ նույնիսկ 15 տարի անց։
Քննիչներն ուսումնասիրում են նաև նրա աշխատանքի ընթացքում հնարավոր այլ կասկածելի դեպքեր և իրականացվում են արտաշիրիմումներ նոր զոհերի հայտնաբերման նպատակով։
Գործը հիշեցնում է գերմանացի մեկ այլ բուժակի՝ Նիլս Հյոգելի դեպքը, որը 2019 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման 85 հիվանդի սպանության համար։



