Ընդլայնման հարցում ԵՄ անդամ երկրները հիմնականում կողմ են թեկնածու երկրների անդամակցությանը, բայց Հունգարիան դեմ է Ուկրաինային։ Այդ երկրում կարծում են, որ Կիևը սպառնալիք է Եվրոպայի համար։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտում է Հունգարիայի վետոն՝ այն համարելով աջակցություն Պուտինին:
ԵՄ անդամ երկրները քննարկում են միության ընդլայնման հարցը։ Քննարկումները հարթ չեն ընթանում։ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի անդամակցությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան զգուշացրել է թեկնածուներին և միության անդամ երկրներին, որ անհրաժեշտ է կարևոր որոշումներ կայացնել ընդլայնման վերաբերյալ, այն է՝ ցուցաբերել վճռականություն առաջ շարժվելու Եվրոպական միության վերափոխման ճանապարհով։ Հակառակ դեպքում հնարավոր է, որ ԵՄ-ն հայտնվի ցավոտ պատմական ժառանգության թակարդում՝ կարծում է Կոշտան։
Եվրոպական խորհրդի նախագահը ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին կոչ է արել ժամանակ չվատնելու և որոշում կայացնելու ընդլայնման վերաբերյալ․
«Եվրոպական միությունը պետք է որոշի, թե արդյոք կարող է իրեն թույլ տալ ժամանակ վատնել, թե պատրաստ է զարգանալու և հարմարվելու այժմյան աշխարհաքաղաքական իրողություններին»։

Անտոնիո Կոշտայի ելույթը Բրյուսելում Euronews-ի կազմակերպած քննարկումների ժամանակ համընկնել է Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ ԵՀ տարեկան զեկույցի հրապարակմանը։ Նա է ԵՄ անդամ պետությունների հետ հիմնական բանակցողը։
«Աշխարհաքաղաքական անկայունության դարաշրջանում ԵՄ ընդլայնումը նշանակում է անվտանգ, ուժեղ և խաղաղ Եվրոպա ներքին ու արտաքին հարթության վրա։ Ընդլայնումը օպտիմալ ներդրում է մեր ապագայի մեջ, որը կարող ենք անել»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, շարունակելով Կոշտայի միտքը, իր տեսաելույթում խոսել է Ուկրաինայի ապագայի մասին․
«Անշուշտ, սա շատ կարևոր երաշխիք է Ուկրաինայի անվտանգության համար։ Բայց մինչև անվտանգության երաշխիքների մասին խոսելը կուզեմ շեշտել, որ ամենակարևորը ուկրաինական արժեքներն են, Ուկրաինայի ապագան ԵՄ-ում»։
Հատկանշական է, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի անդամակցությունը։ Վիկտոր Օրբանի կառավարությունը կարծում է, որ Ուկրաինան սպառնալիք է Եվրոպայի համար:

Վլադիմիր Զելենսկին դատապարտում է Հունգարիայի վետոն՝ այն համարելով աջակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Այս պատերազմի ընթացքում մենք նրանցից որևէ աջակցություն չենք ստացել։ Մենք չէինք ցանկանա, որ վարչապետ Օրբանն աջակցի Ռուսաստանին, քանի որ Ուկրաինան ԵՄ-ից հեռացնելը Պուտինին ուղղված կոնկրետ աջակցություն է»։
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ իր երկիրը պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից, ուստի Բուդապեշտը պետք է ինչ-որ բան առաջարկի Կիևին։
ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը նույնպես կասկածի տակ է դրել Հունգարիայի վետոն՝ համարելով, որ բանակցությունները խոչընդոտելն արդար չէ։
«Հունգարիան կանաչ լույս է վառել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելու և բանակցություններ սկսելու համար, իսկ հիմա դրանք խոչընդոտում է։ Անարդար է»։
Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական խորհրդի հետ համատեղ, փնտրում է Հունգարիայի վետոն չեղյալ հայտարարելու ուղիներ։ Մարթա Կոսի կարծիքով՝ ժամանակը եկել է նաև Եվրոպայի համար։
«Հիացած եմ այն ամենով, ինչ նրանք անում են՝ քանի դեռ ռումբերը թափվում են»,-ասել է Մարթա Կոսը։ Նա կարծում է, որ թեկնածու երկրները պետք է շարունակեն բարեփոխումները՝ հակառակ Եվրոպայում այդ հարցով ընթացող քաղաքական բանավեճերին։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն էլ հայտարարում է, որ Եվրամիությունը կարող է նոր անդամներ ընդունել մինչև 2030-ը, քանի որ ընդհանուր առմամբ ընդգծվում է, որ Չեռնոգորիան և Ալբանիան մեծ ջանքեր են ներդրել բարեփոխումների ուղղությամբ։ Սրան զուգահեռ քննադատվել է Սերբիայի նահանջն ու Վրաստանում ժողովրդավարության կտրուկ անկումը։

ԵՄ անդամակցությանը ձգտող տասը երկրների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ Կայա Կալասը շեշտել է, որ առկա աշխարհաքաղաքական տեղաշարժերը շատ հստակ են դարձնում ընդլայնման անհրաժեշտությունը՝ համաշխարհային ասպարեզում ավելի ուժեղ խաղացող լինելու համար։
Նա նշել է, որ նոր երկրների անդամակցությունը Եվրամիությանը 2030-ին իրատեսական է։ Ըստ նրա՝ Չեռնոգորիան և Ալբանիան ամենաառաջատար են անդամակցության գործընթացում։
Եվրոպական հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ գնահատվում են նաև Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու հնարավորությունները։
«Հակառակ Ռուսաստանի շարունակական ագրեսիային՝ Ուկրաինան շարունակում է վճռականորեն հավատարիմ մնալ ԵՄ անդամակցության իր ուղուն։ Ուկրաինան ընդունել է օրենքի գերակայության, պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ճանապարհային քարտեզներ, ինչը հանձնաժողովը դրական է գնահատել»,-նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Այն ընդգծում է, որ Կիևը կատարել է կլաստերների ստեղծման համար անհրաժեշտ պայմանները։
Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է անդամակցության բանակցությունները մինչև 2028-ի վերջ ավարտելու իր մտադրության մասին: Հանձնաժողովը կարծում է, որ դրան հասնելու համար պետք է արագացնել բարեփոխումները, մասնավորապես՝ օրենքի գերակայության ուղղությամբ։
Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցել անդամակցության ճանապարհին՝ հակառակ հիբրիդային սպառնալիքներին։
Մոլդովայի կառավարությունը հայտարարել է անդամակցության բանակցությունները 2028-ի սկզբին ավարտելու իր մտադրության մասին։




