
Խորհրդարանում բյուջետային քննարկումների օրակարգում ներկայացվել են նաև Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության եկող տարվա անելիքները, հատկացումների կարիքներն ու առաջնահերթությունները։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը խոսել է տեխնիկական վերազինման և հաստիքների համալրման անհրաժեշտությունից՝ նկատելով, որ տևական ժամանակ կապիտալ ծախսերին միջոցներ ուղղելու հնարավորությունների բացակայությունը նոր խնդիրների է հանգեցրել։
Մասնավորեցվել է Հանրային ռադիոյում ցածր աշխատավարձի խնդիրը, այն շուկայական միջինին զիջում է 27 %-ով։ Հանրային հեռարձակողների բյուջետային հարցերի քննարկումը վերածվել է առհասարակ բովանդակային քննարկման, թե ինչ և ինչու է լուսաբանում Հանրայինը։
Հանրային ռադիոյի ձայնային արխիվում հարյուր հազարավոր արժեքավոր ձայնագրություններ են պահվում։ Դրանք միայն երաժշտական չեն․ հարցազրույցների, վավերապատումների, ռադիոթատրոնի, նաև արտասահմանցի հյուրերի ու հանդիպումների ձայնագրությունների բացառիկ արխիվը հաճախ բնորոշվում է որպես ձայնային մատենադարան։ Հին ձայնապնակներից թվային բովանդակության վերածված ձայնագրությունները տեսակավորվում ու տեղադրվում են առանձին կայքում, հասանելի դառնում հանրությանը։ Սակայն թվայնացումը և արխիվի պահպանությունը շարունակում են օրախնդիր մնալ։ Տասնամյակների, ընդհուպ հարյուր տարվա վաղեմության ձայնապնակներն օր օրի հնարավոր է անվերականգնելի դառնան։
Խորհրդարանում հանրային ռադիոյի ձայնային ֆոնդի պահոցի վերանորոգման խնդիրը, ի թիվս այլ հարցերի, որոնք ծախս ու ներդրում են պահանջում, ներկայացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը։
«Առանձին ուշադրության է արժանի Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման խնդիրը։ Հանրային ռադիոն տևական ժամանակ չի ունեցել կապիտալ ծախսերը հոգալու որևէ ֆինանսավորում, այդ պատճառով թե՛ տեխնիկական վերազինման, թե՛ շենքի պատշաճ պահպանման ու հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքների իրականացնելու համար որևէ հնարավորություն չի եղել։ Խնդիրները լուծելու, տեսաարտադրանքը ավելացնելու, տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու նպատակով ընկերությանն անհրաժեշտ է 184 մլն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում»։
Հանրային ռադիոն երկրի ամենաբազմալեզու լրատվամիջոցներից է։ Հաղորդումները հեռարձակվում են 11 լեզվով, այդ թվում՝ երկրում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների և հարևան բոլոր երկրների լեզուներով։ Ռադիոյի լրատվական ծրագրով «Երևանը խոսում է» առավոտյան 8-ից երեկոյան 8-ը՝ ամեն ժամի։
Երկրով մեկ սփռում ունեցող Հանրային ռադիոն, որը եկող տարի կնշի իր 100-ամյակը, 107.7 հաճախականությամբ հասանելի է երկրի ոչ ողջ տարածքում։ Մարզերում Հանրային ռադիոն այլ հաճախականություններով է։ Սակայն սփռման խնդիրներ էլ են լինում։ Սա էլ տեխնիկական խնդիրներից մեկն է, որն օրակարգային է դարձնում ռադիոյի տարեկան շուրջ 970 մլն դրամի ֆինանսավորման ավելացումը։
Ժամանակի ընթացքում առաջ եկած տեխնիկական ու կադրային խնդիրները լուծելու և ժամանակին համընթաց քայլելու, մեդիամարտահրավերներին դիմակայելու առումով ակնկալվում է ֆինանսական ավելի մեծ ուշադրություն։ Եկող տարվա ու տարիների անելիքները ֆինանսական վիճակին համադրելով՝ Վասակ Դարբինյանը հարցն այլ կողմից էլ է դիտարկում։

«Կարևոր եմ համարում արձանագրել, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրվել են կարևոր փոփոխություններ, որի հետևանքով ի հայտ են եկել նոր մասնագիտություններ և Հանրային ռադիոընկերությանը նույնպես անհրաժեշտ է ներգրավել համապատասխան մասնագետների»։
Ֆինանսի սղությունը հնարավոր է վտանգի նոր գաղափարներն ու անելիքները՝ ասում է Դարբինյանը։ Դրա կողքին նաև տարիներ ի վեր չվերանայված աշխատավարձերն են։
«Միջին աշխատավարձը ռադիոյում կազմում է 234 հազար դրամ, իսկ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանում միջին աշխատավարձը 299 հազար դրամ է։ Այսինքն, ռադիոյում նկատելիորեն ցածր է՝ 27 տոկոսով»։
Տեխնիկական խնդիրներ կան նաև Հանրային հեռուստաընկերությունում։ Օրախնդիր է մասնավորապես եթերային կենտրոնական սարքասրահի վերազինման կարիքը, որի համար շուրջ 900 մլն դրամ է պետք, ինչը առաջնահերթությունների շարքում է և սպասում է լրացուցիչ ֆինանսավորման։ Հ1-ի ֆինանսավորումը նախատեսվում է նախորդ տարվա չափ՝ 6,5 մլրդ դրամ։ Դարբինյանն ասում է՝ այստեղ ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք դեռ հաջողվում է լուծել, սակայն․
«Ինը տարվա շահագործումից հետո սարքավորումները գտնվում են թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես մաշված վիճակում։ Ի հայտ են գալիս խնդիրներ վերջին ժամանակներում, որոնք ընթացիկ վերազինման եղանակով դեռևս հաջողվում է լուծել, բայց հեռու չէ այն իրավիճակի առաջացումը, որ ընկերությանը կարող է կանգնեցնել լուրջ ձախողման առջև»։
Հանրային ռադիոն և հեռուստաընկերությունը, որպես հանրային հեռարձակող, լսարանի առջև իրենց պատասխանատվությունն ունեն՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ սպասարկելու հանրության բոլոր խմբերի մեդիակարիքները։ Դրանց վերադաս մարմնում՝ Հանրային հեռարձակողի խորհրդում ևս ֆինանսավորման ավելացման կարիք են տեսնում։ Վասակ Դարբինյանն այս համատեքստում նոր անելիքներից է խոսում և հատկացումների 5 % ավելացման ակնկալիքից՝ հիշեցնելով․
«Խորհուրդը իրականացնում է ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակում՝ թիվ 1042 բյուջետային ծրագիրը, որի գծով ընդհանուր ծախսը 26 թվականի համար կկազմի 8 մլրդ 285 մլն 190 հազար դրամ»։
Բայց հուսադրող չէ Ֆինանսների նախարարի դիտարկումը։
Վահե Հովհաննիսյան․ «Հանրային հեռարձակողի խորհրդին առաջարկվում է հատկացնել 8 մլրդ 285 մլն դրամ, որը 88 մլն 905 հազար դրամով ավելի պակաս է, քան 2025 թ.-ի բյուջեն է»։
Ֆինանսական ծանր հարցերի կողքին, անելիքից ու խնդիրներից առավել, քննարկմանը մասնակից փոքրաթիվ պատգամավորներին այլ հարցեր էին հետաքրքրում՝ ինչ և ինչու է լուսաբանում Հանրայինը։ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն իրեն հուզող խնդիրները ձևակերպեց այսպես՝ ընդդիմադիր ուժերը խոսում են երկրում ծանրացող ռեժիմի, Հովհաննավանքի աղմկահարույց պատարագի, հոգևորականներին ավազանի անունով ներկայացնելու, «Շողակաթ» հեռուստաընկերության փակման մտահոգիչ թեմաների մասին, մինչդեռ Հանրայինը, ասաց, անհամամասնորեն է լուսաբանում երկրում տեղի ունեցողը։ Ինչ են մտածում այս մասին Հանրային հեռարձակողի խորհրդում՝ հետաքրքրվեց Գալստյանը Դարբինյանից։
«Տրամաբանական կլինի ենթադրել, որ նախապես մենք եթերը չենք նայում, չենք վերահսկում, չենք գրաքննում, չենք կարող ձեր պատկերացրածին համապատասխանեցնել այդ եթերը, որքան էլ մեծ մղում լինի մեր մեջ։ Եվ շատ բնական եմ համարում, որ այսպիսի մեկնաբանություններ կարող են լինել, տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել։ Որքան էլ մենք ջանանք բավարարել ձեր կարիքները՝ մշակութային, հոգևոր, լրատվական-տեղեկատվական, գեղագիտական, այնուամենայնիվ, կլինեն մարդիկ, որոնք իրենց դժգոհությունը կհայտնեն և հակադիր տեսակետներ կարտահայտեն»։
Վերջին օրերին ամենաբուռն կերպով քննարկվող հարցերից մեկն էլ այն էր, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագը, որն ընդդիմադիր ուժերը «ֆեյք» են որակում։ Հարցադրմանը հարցադրմամբ է արձագանքում Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ նախ տարակուսելով․

«Անկեղծ ասած՝ այս քննարկումը տեսա կիրակի օրը ու զարմացա, թե ինչ զարմանալու բան կա ընդհանրապես։ Տասնյակ լրատվամիջոցներ տարածքում ուղիղ եթերում աշխատում էին, բայց ինչ-որ մարդիկ զարմանում են, թե ինչու՞ է Հանրայինը աշխատում։ Հետո այնպես է լինում, որ ինչ-որ բան Հանրայինը չի լուսաբանում, ասում են՝ ինչու չեք լուսաբանում, դուք հանրային հեռուստաընկերություն եք, բա ինչու՞ չեք լուսաբանում։ Հիմա, լուսաբանում ենք՝ ասում եք մի լուսաբանեք։ Հիմա ո՞րն է ճիշտը՝ լուսաբանե՞նք, թե՞ չլուսաբանենք»։
Հանրության հարկերով ֆինանսավորվող հանրային հեռարձակողները, որոնց հանդեպ հանրությունը խիստ պահանջկոտ է, խորհրդարանական ընտրությունների հագեցած տարվան ընդառաջ, լուսաբանման պարտադիր պահանջների պահպանումից զատ, նաև նոր օրիգինալ հաղորդումներ ապահովելու և տեղեկատվական զարգացումներին համընթաց շարժվելու խնդիր ունեն իրենց առջև։




