
Պատմական արդարությունից և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից մինչև TRIPP-ի շահագործում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկար․ այս թեմաներին է անդրադարձել Հայաստանի վարչապետը «Օրբելի ֆորում-2025»-ի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համաժողովի խորագիրը՝ «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն», ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի կառավարության աշխատանքային օրակարգը։
Վարչապետը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ռազմավարական գործարքի փուլում է։ Դա նշանակում է, որ Բաքուն ու Երևանը պետք է անցնեն փաստաթղթերով արդեն իսկ արձանագրվածն իրականացնելուն՝ փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը, բացել հաղորդակցության ուղիները, կատարել սահմանազատում և հանգիստ թողնել միմյանց։
Պատմական արդարության հետևից գնալը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ, սխալ ճանապարհ է։ Նա հակընդդեմ հարց է տալիս․
«Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում։ Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի էդ տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ, շատ լուրջ չեք ընկալի․ Մոնղոլիան կարող է մեզ ասի` մի հատ բան ունեմ ձեզ ասելու։ Իրանը կարող է ասել` էս ի՞նչ եք քննարկում։ Հիմա ո՞ւմն է պատմական ճշմարտությունը։ Արաբական երկրները, Բյուզանդիան։ Հույները, որ սկսեն Մակեդոնացուն հիշել, ընդհանրապես Հռոմը, իտալացի մեր գործընկերները ասեն։ Մենք ու՞ր կհասնենք»։
Պատմական ծանր թեմաներ արծարծվեցին Հանրային ռադիոյի հարցից հետո, երբ փորձ արվեց ճշտել, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք հակասում են վաշինգտոնյան համաձայնություններին, արդյո՞ք կարող են ընկալվել որպես հետքայլ խաղաղությունից։ Տևական ժամանակ է, ինչ Ալիևը, Հայաստանի հրապարակային հորդորներին ու դժգոհություններին հակառակ, շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Նախօրեին էլ նա դաշտ նետեց նոր թեմա՝ ցարական Ռուսաստանի քարտեզներում Սևան անվանումով լճի իբր բացակայության մասին։
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ծրագրերին հավատարիմ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասկանալ պատճառները։ Դրանց հիմքը նա համարում է «երեսնամյա կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական» դրսևորումները։
«Պատմական սոցիալ-հոգեբանությունը մի բան չի, որ ռուբիլնիկը քաշես, կանգնեցնես, անջատես անջատիչով։ Մենք պետք է կարողանանք անցյալը տարբերակել ապագայից, ընդ որում՝ ապագան այսօր է, և ապագան նույնիսկ 2024-ն է։ Մենք արդեն 2 տարի ապրում ենք ապագայի մեջ, դա մեր ռազմավարությունն է։ Ես ձեզ ուղիղ ասեմ․ նույն տրամաբանությամբ, երբ որ մոնիտորինգ անենք Ադրբեջանում կարծիքները, ինձ ժամանակ առ ժամանակ ներկայացնում են, թե ինչ զեկույցներ կան։ Օրինակ` Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա, ասում են` Հայաստանը ճիշտ չի ասում, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ո՞նց են հիմնավորում, ասում են` բա ինչո՞ւ է մինչև հիմի Ազգային ժողովում ԼՂ դրոշները դրած։ Դա էլ իրանց ընկալումն է։ Ասում են, եթե այդպես է, եկեք մենք էլ ասենք` Գյոյչա։ Այստեղ էլ ասում են` դե որ ասացին Գյոյչա, եկեք Գանձակ ասենք, Կովսական, եկեք ասենք Քաշաթաղ։ Իրանք ասում են` տեսեք, ասեցին Ջրական, եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Հասկանո՞ւմ եք ուր ենք հասնում, ուր ենք գնում։ Դա սխալ ճանապարհ է»։
Այս տրամաբանությամբ՝ Փաշինյանը տեղին չի համարում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասին քննարկումը։ Այդ օրակարգը կնշանակի վերադարձ կոնֆլիկտի սկզբնական պարամետրերին՝ ասում է վարչապետը։
Փաշինյանի համոզմամբ՝ պատմության հետ պետք է զգույշ վարվել։ Նա հիշեցնում է, որ կողմերը չգիտեն, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չեն առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախորդող շրջանում հարաբերությունների հիմքում եղել է կոնֆլիկտը, հիշեցնում է Փաշինյանը՝ հավելելով, որ անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։
Կոնֆլիկտածին երևույթների մյուս կողմում վաշինգտոնյան համաձայնություններն են՝ թղթի վրա հստակ կետերով սահմանված պայմանները, որոնք պիտի երաշխավորեն խաղաղությունն առանց հույզերի։ Հաջորդ փուլը, ըստ Փաշինյանի, «ռազմավարական գործարքն» է Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Գործարքի էությունը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացնում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված Կանոնակարգի հիման վրա և հանգիստ են թողնում միմյանց։ Շատ պարզ բան․ հանգիստ են թողնում միմյանց»։
Թվարկված բոլոր կետերը Հայաստանն անվերապահորեն պատրաստ է կյանքի կոչելու հենց հիմա, անգամ տարանցման ուղի ապահովելու իր տարածքով, մինչև գործարկվեն հիմնական ճանապարհներն ու ուղղությունները։
«Պատրաստ ենք հենց այսօր ապահովել Մարգարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը ապահովելու։ Այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները պատրաստ են։ Իհարկե, Վաշինգտոնի հռչակագրով 3-րդ կետում նաև արձանագրված է Հայաստանը և Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում` երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը, որն իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այդ թվում` երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի անել, որովհետև չկա երկաթուղին։ Այս երկաթուղին դեռ պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»։
Հայաստանի վարչապետը համոզված է, որ TRIPP-ի իրականացումից շահելու են բոլորը՝ Կենտրոնական Ասիայի երկրներից մինչև ԵԱՏՄ ու ԵՄ, նաև Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը։ Փաշինյանը խոստովանում է, որ ոգևորված է Հայաստանը խաղաղության խաչմերուկ դարձնելու հեռանկարով։
«Այս թվարկումը ինքնին երաշխիք է, որ այդ նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է, ըստ էության, ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն։ Ես ուզում եմ անվտանգության և կայունության գործոններում ընդգծել փոխկապվածության գործոնը` որպես անվտանգության, կայունության և խաղաղության երաշխիք»։
Փաշինյանը համոզված է, որ սրանով Հայաստանն աշխարհին կառաջարկի բեռնափոխադրումների այլընտրանքային և ավելի էժան ենթակառուցվածքներ։
Այս համատեքստում վարչապետն առանձնացնում է Ադրբեջանից ստացված դրական ազդակը՝ Ադրբեջանի տարածքով հայկական բեռներ տեղափոխելու սահմանափակումները հանելու մասին։ Բեռների առաջին խմբաքանակը, որ Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան, ղազախական ցորենն է։ Փաշինյանը ճշգրտորեն չգիտի, թե որտեղ է այն այս պահին, բայց նշում է, որ առաջիկա օրերին արդեն Ադրբեջանից կմտնի Վրաստան և կհասնի Հայաստան։
Արևմտյան մասնակցությամբ կառուցվելիք TRIPP-ը, Փաշինյանի գնահատմամբ, ընկալելի է անգամ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի համար։
«Նաև այդ թեման է խոսվում, թե պայմանավորվածությունները ինչքանով են համապատասխանում, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսվում, թե Վրաստանի շահերին ինչքանով է համապատասխանում։ Այս նախագծի իրականացմամբ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով-Պարսից ծոց ուղղությամբ։ Նաև այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը երկաթուղային կապի հնարավորություն կունենա, և ի միջի այլոց, արդեն խոսվում է այն մասին, որ այդ թվում` Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով»։
Այստեղ առաջ է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրահարույց թեմաներից մեկը՝ մաքսային և սահմանային ծառայությունների հետ շփումների հոգեբանական բարդությունը։ Երկու հասարակություններում էլ կան հնարավոր այդ շփումներին առնչվող մտավախություններ։
«Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով, հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն` 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո ասում են, որ պետք է վերադառնալ։ Այստեղ տրամաբանության խզում կա»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքումը, ի դեպ, կփոխի նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի ձևաչափը՝ հաստատել է Հայաստանի վարչապետը։ Սակայն Փաշինյանը նշել է, որ առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի մինչև երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը:




