ԿարևորՀասարակություն

ԵՄ ծրագրի շրջանակում Պորտուգալիայում ներկայացվել են էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հայկական փորձն ու ընթացիկ բարեփոխումները

2025 թվականի հոկտեմբերի 28-30-ը Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդանյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-Փուլ II» ծրագրի շրջանակում Պորտուգալիայի Հանրապետությունում էին, հայտնում են Դատական դեպարտամենտից։

Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է մի շարք հանդիպումների Պորտուգալիայի դատական քաղաքականության գլխավոր վարչությունում (DGPJ), Պորտուգալիայի Հանրապետության Դատական խորհրդում (CSM) և Տեղեկատվության պաշտպանության ազգային հանձնաժողովում (CNPD):

Ճանաչողական այցի ընթացքում պորտուգալական կողմի հետ քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացմանը, արհեստական բանականության ներդրմանը, դատական գործընթացների պարզեցմանը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված հարցեր։

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հայկական փորձն ու ընթացիկ բարեփոխումները:

Հայկական պատվիրակությունն առանձնակի կարևորել է դատական ծառայությունների թվայնացման ոլորտում Պորտուգալիայի հաջողված փորձը, դատական ինստիտուտներ-հանրություն արդյունավետ համագործակցության մոդելները։

Կողմերը վստահություն են հայտնել, որ բաց և կառուցողական երկխոսությունը՝ Հայաստանի և Պորտուգալիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, էլ ավելի կամրապնդի արդարադատության ոլորտում միջազգային գործընկերության կապերն ու կնպաստի երկու երկրի շարունակական բարեփոխումներին։

Օրակարգում նախանշվել են նաև ապագա համատեղ նախաձեռնությունների ու համագործակցության հնարավորությունները։

Կարդացեք նաև

Back to top button