ԿարևորՀասարակություն

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին ՀՀ-ի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար

Հոկտեմբերի 30-ին Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։

Իր ելույթում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։

Դեսպանը ներկայացրել է 1991թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ դեսպանն ընդգծել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։

Ջ. Ասքոնասը շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը։

Միջոցառման մշակութային հատվածում հնչեցին հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները։

Դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել ջազային կատարմամբ:

Կարդացեք նաև

Back to top button