
Լիանա Եղիազարյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Աշխարհում խորացող անհավասարությունը սպառնում է նաեւ Հայաստանին: Նման գնահատական է պարունակում Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպության 2014 թվականի զեկույցը: Դրա հեղինակները նաեւ գնահատել ու հաշվարկել են, թե որքան գումար է անհրաժեշտ Հայաստանին աղքատության հաղթահարման համար եւ ինչպես պետք է այն ծախսվի: Այսօր ներկայացվել է միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը:
Աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց եկամուտների միայն մեկ քառորդը բավական կլիներ, որպեսզի ողջ մոլորակի ամենաաղքատ շերտերի բնակչության շրջանում արմատախիլ արվեր աղքատությունը: Oxfam բարեգործական կազմակերպությունն է հայտարարում այս մասին՝ վկայակոչելով ողջ աշխարհով մեկ իր դիտարկումները: Oxfam-ի զեկույցն արձանագրում է՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց 100-յակի մաքուր եկամուտը հասել է 240 միլիարդ դոլարի, մինչդեռ բնակչության ամենաաղքատ շերտերն օրական վաստակում են մեկ մարդու հաշվով 1.25 դոլարից էլ պակաս: Ֆինանսական ճգնաժամից հետո միլիարդատերների քանակն աշխարհում կրկնապատկվել է, ընդ որում՝ նրանք իրենց ունեցվածքը չեն կարող ծախսել իրենց ողջ կյանքի ընթացքում անգամ ցանկության դեպքում:
Oxfam-ի զեկույցը հաստատում է այս դիտարկումը եւ փաստում՝ աշխարհում խորացող անհավասարությունը սպառնում է նաեւ Հայաստանին: Մեր երկրում աղքատության մակարդակը միջազգային կազմակերպությունը գնահատում է 32.4 տոկոս: 980 հազար մարդ Հայաստանում աղքատ է, ընդ որում՝ 408 հազարը՝ շատ աղքատ, շուրջ 85 հազարը՝ ծայրահեղ աղքատ:
Նշենք, որ Օքսֆամի այս տարվա հաշվետությունը հենց այդպես էլ կոչվում է՝ «Պայքար հավասարության համար. Ժամանակն է վերջ տալ անհավասարության ծայրահեղ դրսեւորումներին»: Օքսֆամը նոր քարոզարշավ է սկսում՝ չխուսափելով օգտագործել ճնշում բառը: Միջազգային այս կազմակերպությունն ամենաուղիղ ձեւով ասում է՝ պետք է ճնշում գործադրել աշխարհի առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հռետորությունից անցնեն կոնկրետ գործողությունների եւ ամենաաղքատների համար առավել արդար պայմաններ ապահովեն: Թե այս կոչերը, թե ճնշում գործադրելը դեռ տեսական դաշտում են. Ինչ միջոցներով, ինչ լծակներով, երբ ու ինչպես պետք է արվի, հստակ չէ պարզապես:
Օքսֆամ միջազգային կազմակերպությունը, որը 1994 թվականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում, նաեւ գնահատել ու հաշվարկել է՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 69.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.7 տոկոս կազմող գումար: Բայց դա կօգնի միայն այն դեպքում, երբ սոցիալական աջակցությունը ճիշտ հասցեականությամբ տրամադրվի:




