
Financial Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը չեղարկել է Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովը, որտեղ պետք է հանդիպեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Որոշումը կայացվել է Մոսկվայի կողմից Ուկրաինայի վերաբերյալ առաջ քաշված կոշտ պահանջների պատճառով։
Ըստ աղբյուրների՝ հանդիպումը չեղարկելու նախօրեին կայացել է «լարված հեռախոսազրույց» ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։
Զրույցից առաջ Կրեմլը Սպիտակ տուն էր ուղարկել հուշագիր, որտեղ ներկայացրել էր իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։
Ռուբիոն, ուսումնասիրելով փաստաթուղթը և քննարկելով այն Լավրովի հետ, Թրամփին հայտնել է, որ Մոսկվան պատրաստ չէ բանակցությունների։ Դրանով էլ որոշվել է Բուդապեշտում հանդիպումը չեղարկել՝ այն համարելով անիմաստ։
Financial Times-ի տվյալներով, Ռուսաստանի պահանջները մնացել են անփոփոխ։ Կրեմլը շարունակում է պնդել Դոնբասի հանձնումը առանց դիմադրության և պահանջում է վերացնել այն, ինչ Պուտինն անվանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման «հիմնական պատճառները»։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակումը և երաշխիքները, որ Կիևը չի միանա ՆԱՏՕ-ին։
Հոկտեմբերի կեսերին Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ Բուդապեշտում հանդիպման մասին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջիկա այցի և Կիևին ամերիկյան հեռահար «Տոմահավկ» հրթիռների մատակարարման շուրջ քննարկումների ֆոնին։




