
Ռուսաստանում շարունակվում են ճնշումները մշակույթի և քաղաքացիական ազատությունների դաշտում՝ գրում է գերմանական DW-ն։ Ըստ պարբերականի՝ այս անգամ իրավապահ մարմինների թիրախում են հայտնվել StopTime անունով հայտնի երիտասարդ փողոցային երաժիշտները՝ Դիանա Լոգինովան, Վլադիսլավ Լեոնտևը և Ալեքսանդր Օռլովը։ Նրանք կատարում են Ռուսաստանում «արտասահմանյան գործակալներ» ճանաչված Монеточка-ի և Noize MC-ի երգերը։
DW-ն հաղորդում է, որ StopTime-ի երիտասարդ երաժիշտներին հոկտեմբերի 16-ին ձերբակալել են մետրոյի կայարանի մուտքի մոտ ելույթ ունենալու համար։ Իշխանությունները դա որակել են «առանց թույլտվության քաղաքացիների զանգվածային հավաքի կազմակերպում»՝ հղում անելով ՌԴ վարչական օրենսգրքի 20.2.2 հոդվածին։
Դատարանը երաժիշտներին մեղավոր է ճանաչել և նրանց նկատմամբ սահմանել վարչական կալանք՝ Լոգինովայի և Լեոնտևի համար՝ 13, իսկ Օռլովի համար՝ 12-օրյա ժամկետով։ Բացի այդ՝ երաժիշտներին տուգանել են 30 հազար ռուբլով։
Հոկտեմբերի 30-ին դատարանը մերժել է երաժիշտների ներկայացրած բողոքը, իսկ նրանց ազատ արձակելուց հետո ոստիկանությունը նոր արձանագրություններ է կազմել նույն հոդվածով։ Լոգինովայի դեպքում ավելացվել է նաև «մանր խուլիգանության» մեղադրանքը, իսկ ամենաաղմկահարույցը, ըստ DW-ի, «Ռուսական բանակի վարկաբեկում» մեղադրանքն է, որը նրան առաջադրվել է «արտասահմանյան գործակալ» համարվող Մոնետոչկայի Ты солдат երգը կատարելու համար։
DW-ն ընդգծում է, որ ըստ իրավապաշտպան Եվգենի Սմիրնովի՝ այդ մեղադրանքները կարող են վերածվել քրեական գործի, եթե գտնվեն կրկնվող կամ հասարակական վտանգ համարվող արարքներ: Իրավապաշտպանը պարբերականին ասել է՝ «Ռուսաստանում այսօր կարելի է ամեն բան վերագրել մարդկանց, եթե կայացվի համապատասխան քաղաքական որոշում»։
Երաժիշտների դեմ այս արշավը լայն արձագանք է գտել թե՛ հանրության ու իրավապաշտպանների, թե՛ արվեստագետների ու արվեստասերների շրջանում։ Մոսկվայից մինչև Նովոսիբիրսկ համերաշխության ֆեյսբուքյան ակցիաներ են անցկացվել՝ ի պաշտպանություն StopTime խմբի երաժիշտների՝ «Երաժշտությունը հանցագործություն չէ» կոչով։
Ռուսաստանում «արտասահմանյան գործակալներ» ճանաչված Noize MC-ն և Монеточка-ն իրենց սոցիալական էջերում գրել են.
«StopTime-ի տղաներն ու աղջիկները հավաքում են հարյուրավոր մարդկանց, չեն քարոզում բռնություն և պատերազմ, պարզապես տարածում են երաժշտություն և ազատություն, և դա երբեք չպետք է համարվի հանցագործություն»։
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովը DW-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հեգնել է Ռուսաստանի իշխանությունների մոտեցումներն ու դիրքորոշումները.
«Եթե դու երգում ես «արտասահմանյան գործակալների» երգերը, դրանով, ըստ էության, «մատ» ես ցույց տալիս իշխանություններին՝ Պուտինի գլխավորությամբ։ Դրանք ուղղակի երգեր չեն, պետք է հասկանան՝ դա քաղաքական ժեստ է։ Քաղաքական յուրաքանչյուր ժեստ ինչ-որ կերպով մասնակցություն է քաղաքական գործունեության, ինչպես կարելի է։ Ընտրություններ չի կարելի, միտինգներ չի կարելի։ Դու սկսում ես երգեր երգել, հետո՝ «Եզոպոսի լեզու»։ Այդ բոլորն ամեն դեպքում քաղաքական ժեստ են։ Ահա, քաղաքական ժեստերն անհնար են բռնատիրության ժամանակ»։
Երաժիշտների սոցիալական էջերն այժմ կա՛մ փակ են, կա՛մ դատարկ։ Նրանց ընտանիքները հրաժարվում են մեկնաբանություններից՝ վախենալով հետագա հետևանքներից։ Լոգինովայի մայրը DW-ին հայտնել է, որ «չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել, որպեսզի չվնասի աղջկան»։ Իսկ աղջիկը՝ 18-ամյա երգչուի Դիանա Լոգինովան, դատարանում հետևյալն է հայտարարել.
«Մենք ուղղակի նվագում ենք մարդկանց համար այն, ինչը մեզ դուր է գալիս։ Երաժշտության ուժը կարևոր է, և դրա ապացույցն այն է, ինչը հիմա կատարվում է»։
Դիանա Լոգինովան սովորում է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանում։ DW-ն հատկանշական է համարում, որ Լոգինովայի լուսանկարը հեռացրել են ուսումնարանի պատվո տախտակից, երբ հայտնի է դարձել նրա ձերբակալության մասին։
DW-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները դեռ քննարկում են՝ արդյոք պետք է սահմանափակվեն երաժիշտների նկատմամբ վարչական պատժամիջոցներով, թե պետք է քրեական գործ նախաձեռնեն։
Պարբերականը նկատում է, որ Ռուսաստանում արվեստը հատկապես երիտասարդության և ոչ պաշտոնական մշակութային շրջանակներում ավելի ու ավելի է ընկալվում որպես քաղաքական վտանգ։ StopTime-ի դեպքը վկայում է այն, որ իշխանությունները փորձում են վերահսկել անգամ փողոցային երաժշտությունը՝ դիտարկելով որպես ազատ մտածողության տարածք։
Այս պատմությունը չի սահմանափակվում միայն իրավական հարթությամբ․ այն բացահայտում է համակարգային տրամաբանությունը, որի համաձայն՝ ամեն ազատ արտահայտություն դիտվում է սպառնալիք պետական կարգին, գրում է գերմանական պարբերականը։ Եվ ինչպես DW-ի իրավապաշտպան աղբյուրն է ընդգծում, «Երբ պետությունը վախենում է երաժշտությունից, նշանակում է, որ հասարակության մեջ դեռ կա այնպիսի ձայն, որը չի լռում»։




