
Չինական պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բուսանում մոտ երկու ժամ առաջ մեկնարկել է ԱՄՆ եւ ՉԺՀ առաջնորդների հանդիպումը։
Հարավկորեական այս քաղաք նախ ժամանել է Թրամփը, ապա` Ծինփինը։
Հանդիպումից ոչ շատ առաջ ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել է, որ ԱՄՆ-ը սկսում է միջուկային զենքի փորձարկումները, հայտնում է BBC-ին։
«Այլ երկրների փորձարկումների ծրագրի պատճառով` պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր Միջուկային Զենքի փորձարկումները հավասարության հիմքով»,- գրել է նա։
Թրամփը շեշտել է, որ դա պետք է սկսվի անմիջապես։ Ըստ նրա` Ռուսաստանը միջուկային իր հզորությամբ երկրորդ տեղում է, Չինաստանը երրորդ տեղում է, բայց շատ հետ մնալով, «սակայն հինգ տարում նա մեզ հետ կհավասարվի»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Իր հերթին` ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Բուսանում հայտարարել է, որ Չինաստանի զարգացումն ու վերածնունդը ընթանում է Թրամփի «Դարձնենք Ամերիկան կրկին ուժեղ» տեսլականի հետ զուգահեռ։
Ըստ Սինհուա գործակալության` Ծինփինը ասել է, որ երկու երկրները կարող են միմյանց օգնել հաջողության եւ ընդհանուր բարգավաճման հասնելու համար։




