ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թուրքիայի պատվիրակների այցը, ԵՄ-ում գծվող նոր քարտեզը, ՀՀ ներքին ու արտաքին խնդիրները՝ երևանյան Եվրանեսթի օրակարգում

Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում՝ Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի 12-րդ լիագումար նստաշրջանի բացմանը հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահը՝ խոսելով Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից։  Բանախոսը հիշեցրել է, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը վերջին անգամ Երևանում անցկացվել է 2015-ին նույն դահլիճում, և ընդգծել է, որ այս հանդիպումը վկայում է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների շարունակական զարգացման մասին։

Հայաստանի ԱԺ նախագահը հավելել է, որ վերջին լիագումար նիստից հետո տեղի են ունեցել պատմական իրադարձություններ։ Հատկանշական է, որ եվրոպացի պատվիրակները երևանյան այս նստաշրջանը ևս հակված են դիտարկել որպես բեկումնային կետ՝ հասնելու արևելյան գործընկերության նոր նպատակներին։

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցների թվում Հայաստան են ժամանել նաև Թուրքիայի պատվիրակները, ինչին մեծ նշանակություն է տվել Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին։  

«Հիմա ժամանակն է, որպեսզի ոգեշնչենք մասնակիցներին։ Թուրքիայի մեր գործընկերները միացել են մեզ այստեղ՝ հայկական կողմում։ Նրանց հյուրընկալել են ոչ թե հիմք ընդունելով պատմական անցյալը, այլ միաժամանակ դիտարկելով համագործակցությունը՝ հույսով, վստահությամբ ապագայի հանդեպ։ Մենք այսպես ավելի լայն արևելյան գործընկերություն ենք»։

Եվրանեսթի երևանյան հավաքին առհասարակ մեծ նշանակություն է տրվում։ Տարբեր երկրներից ժամանած պատվիրակները հանդիպումը դիտարկում են որպես բեկումնային կետ՝ հասնելու Արևելյան գործընկերության նպատակներին։

Ակնկալիքները երևանյան հարթակից ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Ադրիեն Կիրալը՝ փոխանցելով նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ուղերձ առ այն, որ կառույցում այժմ ճանապարհային նոր քարտեզ են գծում։

«Այս բոլոր նախաձեռնությունները նոր ուղենիշի մասին են խոսում՝ միմյանց կապելով էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը և թվային ոլորտը։ Սա մեր ավելի մեծ օրակարգի մաս է, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիային, Սև ծովի տարածաշրջանին, Թուրքիային և Հարավային Կովկասին։ Մեր նպատակն է արդիականացնել ենթակառուցվածքները, իրականացնել այսպես ասած «փափուկ կապի» միջոցառումներ տնտեսական ներուժի իրացման միջոցով։ Մեր ավելի երկարաժամկետ նպատակն է հաստատել երկարաժամկետ խաղաղություն, դիմակայունություն։ Մենք արդեն որոշակի քայլեր ունենք այս ուղենիշին հասնելու առումով»։

Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ինչին հատուկ անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին։

«Մենք ողջունում ենք թե Հայաստանի, թե Ադրբեջանի ջանքերը` որպես առաջին քայլեր դեպի խաղաղություն։ Դա շատ կարևոր է։ Եվրոպայի խորհրդարանը հանձնառու է աջակցելու այս շատ նուրբ, միևնույն ժամանակ խիստ կենսական գործընթացին, որպեսզի կարողանանք ստեղծել պայմաններ արդար, կայուն խաղաղության համար։ Հայաստանի որոշումները, որոնք կայացվել են վերջերս, չափազանց կարևոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել։ Դրանով Հայաստանի խորհրդարանը մի շատ հստակ և հզոր ուղերձ է հղել, որով ասում է, որ Հայաստանը տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, սա ռազմավարական ընտրություն է»։

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստան-ԵՄ վերջին տարիների հարաբերություններում աննախադեպ առաջընթաց է նկատում և պաշտոնական Երևանի անունից տեղեկացնում, որ Եվրոպայի պատկերացումները տարածաշրջանի և գործակցության վերաբերյալ ամբողջովին կիսում են, և որ դրանք համահունչ են Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ապահովելու տարածաշրջանային անխափան հաղորդակցությունը։

«Սա նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև։ Այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը»։

Խոսելով Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագրի և օգոստոսի 8-ին վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին, ԱԺ նախագահն անդրադարձավ նաև դեռևս չլուծված մարդասիրական խնդիրներին։

«Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր։ Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելը»։

Մինչ ԱԺ նախագահը Եվրանեսթի լիագումար նիստին բարձրաձայնում էր այս խնդիրները, խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանից դուրս բողոքի ակցիայով ցանկանում էր եվրոպացի պատվիրակների և եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել ոչ միայն Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի վրա՝ համոզված պնդելով, թե կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, այլև Հայաստանում տեղի ունեցող կալանավորումների վրա, որոնց քաղաքական պատճառներ են վերագրվում։ Ընդդիմադիրների  պնդմամբ՝ իրավապահների գործողությունները հակասում են ժողովրդավարությանը։   

Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի ներկայացմամբ՝ ընդդիմությունը եվրոպացի պատվիրակներին նաև նամակ է փոխանցելու։

«Այստեղ ենք ասելու, որ մենք չենք լռելու և որ եվրոպական արժեքներն անկյունաքարային են, դա լռությունը չէ, այլ գործողություններ անելն է եվրոպացի պաշտոնյաների կողմից, ինչը և ակնկալում ենք այս մարդկանցից։ Որովհետև Հայաստանում կալանավորված են սրբազաններ, բարերարներ, մարդիկ, ովքեր քաղաքապետ են ընտրված, և այս ռեպրեսիաները շարունակվում են ութ տարի և որևէ քաղաքական գնահատական հստակ շոշափելի գործողություններով չենք տեսնում։ Եվրոպացի պաշտոնյաների կողմից գործուն քայլեր ենք ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության մասով»։

Այս թեմային դեռ խորհրդարանում անդրադարձել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով՝ «Մենք խոսքի համար չենք կալանավորում, առհասարակ, գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի»։

Եվրանեսթի պատվիրակների հիմնական աշխատանքային ուղղությունը Հարավային Կովկասի երկրները չեն։ Հիմնական ուղերձներն առնչվում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է նպատակադրումը՝ ընդունվելիք բանաձևերում շատ ավելի խստորեն դատապարտել ՌԴ քայլերը և առաջարկել ուժեղացնել սահմանված պատժամիջոցների մոնիթորինգը։

Եվրանեսթի ղեկավարության և եվրոպական համայնքի կողմից նիստը համանախագահող Իվան Կրուլկոն հիմնավորել է, թե ինչու Եվրոպան պետք է միավորվի և փոխի իր քաղաքականությունը։

«Ռուսական դաժան, շարունակական ագրեսիան, պատերազմը Ուկրաինայի դեմ վերաձևավորել է Եվրոպայի անվտանգային տիրույթը, նաև ի ցույց է դրել խոցելի վիճակն ու ծայրահեղ անհրաժեշտությունը` լինել միասնական, խիզախ պաշտպանել համատեղ արժեքները՝ Եվրոպայի միությունը, Արևելյան գործընկերներին։ Ռուսաստանը ուղղակի կամ անուղղակի սպառնալիք է ցանկացած եվրոպական երկրի անվտանգության համար։ Վերջերս մեր օդային տարածքն է խախտել Ռուսաստանը և այլ եվրոպական երկրների օդային տարածքը, որը հաստատում է վերստին, որ նրանց վերջնական նպատակը ավելին է, քան Ուկրաինան»։

Եվրանեսթի պատվիրակները պարբերաբար ափսոսանք էին հայտնում նաև Վրաստանում տիրող իրավիճակի առնչությամբ՝ համարելով, որ տարածաշրջանի երբեմնի առաջատար պետությունը, որն արագորեն գնում էր դեպի Եվրոպա, այժմ հետքայլ է արել դեպի Ռուսաստան և Բելառուս։  

Կարդացեք նաև

Back to top button