Այս օրերին Թուրքիան միջազգային ուշադրության կենտրոնում է։ Ստամբուլ և Անկարա են մեկնում Հռոմի Պապ Լևոն XIV-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ուշագրավ է, որ Պապը ցանկություն է հայտնել Ստամբուլում այցելել հայկական եկեղեցի, ինչին կրոնական ու խորհրդանշական լուրջ նշանակություն են տվել միջազգային լրատվամիջոցները՝ ընդգծելով քրիստոնեական համերաշխության ու միջեկեղեցական երկխոսության նոր ուղերձը։
Միաժամանակ, Սթարմերի ու Մերցի հանդիպումները Էրդողանի հետ ցույց են տալիս, որ Թուրքիան այժմ ակտիվ քաղաքական ու ռազմավարական դեր է ստանձնում տարածաշրջանում և Եվրոպայի աչքում։
Տարածաշրջանային զարգացումների այս փուլում Թուրքիան կրկին համաշխարհային քաղաքական ուշադրության կենտրոնում է։ Զուգահեռաբար կազմակերպվող երեք կարևոր այցերը՝ Հռոմի Պապ Լևոն XIV-ի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից, ըստ թուրքական լրատվամիջոցների, Անկարայի համար դիվանագիտական նոր օրակարգ են ձևավորել և ունեն խորհրդանշական նշանակություն՝ հատկապես Եվրոպայի և Մերձավոր Արևելքի իրողությունների համատեքստում։
Հռոմի Պապ Լևոն XIV-ը կլինի Ստամբուլում և ներկա կգտնվի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայությամբ գործող Հայ Առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Ինչպես հայտնում է Vatican news-ը, այս հանգամանքը դիտարկվում է որպես քրիստոնեական համերաշխության ուղերձ։
Սուրբ Աթոռի հաղորդագրության մեջ ասված է․ «Հռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական այցի ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։ Այցը նախատեսված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ»։
Պապի այցը տեղի է ունենում Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով, ինչը, ըստ վատիկանյան աղբյուրների, ընդգծում է «եկեղեցու միասնության գաղափարի վերաիմաստավորումը ժամանակակից աշխարհում»։
Նիկիայի առաջին տիեզերական ժողովը գումարվել է Քրիստոսից հետո 325 թվականին՝ Նիկիա՝ ներկայիս Թուրքիայի Իզնիկ քաղաքում, Բյուզանդիայի կայսր Կոստանդին Մեծի նախաձեռնությամբ։ Այն համարվում է քրիստոնեական պատմության առաջին տիեզերական ժողովը։ Վատիկանյան աղբյուրները շեշտում են, որ հենց այս խորհրդանշական հոբելյանի կապակցությամբ էլ Պապի այցը ստանում է ոչ միայն հոգևոր, այլև պատմական ու դիվանագիտական խորքային իմաստ։
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» օրաթերթը հոկտեմբերի 28-ի իր անդրադարձում գրում է. «Այս այցը կարող է նաև կամուրջ դառնալ Թուրքիայի քրիստոնեական համայնքների և իշխանությունների միջև հարաբերությունների բարելավման գործում՝ քաղաքական դիվանագիտության կողքին հնչեցնելով հոգևոր դիվանագիտության ձայնը»։
Իսկ ի՞նչ է ենթադրում եվրոպական երկու խոշոր մայրաքաղաքների՝ Բեռլինի և Լոնդոնի՝ այս շրջանում Անկարայի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրվածությունը։ Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետի այցին և Թուրքիայի նախագահի հետ նրա հանդիպմանը՝ «Reuters»-ը Սթարմեր-Էրդողան հանդիպումը դիտարկում է Անկարայում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համատեքստում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Անկարա է ժամանել հոկտեմբերի 27-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն է հայտարարել այդ հանդիպման ընթացքում քննարկված օրակարգի մասին։
Նա մասնավորապես շեշտել է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր, ինչպես նաև թուրք-բրիտանական հարաբերությունները, որոնք հիմնված են սերտ դաշինքի վրա»։
Ըստ Ստամբուլում հրատարակվող հայկական «Մարմարա» օրաթերթի վերլուծության՝ այդ այցը բրիտանական նոր կառավարության առաջին փորձն է՝ հաստատելու Անկարայի հետ «հավասարակշռված, բայց ռազմավարական մոտեցում», որը նպատակ ունի վերականգնելու Լոնդոնի ազդեցությունը ԵՄ-ից դուրս՝ եվրասիական ուղղությամբ։
Reuters-ը հաղորդում է, որ Էրդողան-Սթարմեր հանդիպման օրակարգում ներառվել են նաև էներգետիկ գործակցությունը և Ուկրաինայի պատերազմի հետևանքները։
Գործակալությունը նշում է. «Թուրքիան դիտարկվում է որպես միջնորդ հարթակ հատկապես Մերձավոր Արևելքի լարվածության պայմաններում»։
Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այցը դիտարկվում է Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների և ԵՄ-ի ուղղությամբ գործընթացների համատեքստում։ Կանցլեր Մերցը Անկարա է ժամանել հոկտեմբերի 29-ին և Էրդողանի հրավերով հոկտեմբերի 30-ին մասնակցելու է նախագահական մակարդակի հանդիպմանը։ Էրդողան-Մերց հանդիպման օրակարգի մասին արդեն հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Դրանում, մասնավորապես, ասված է. «Քննարկման առանցքում կլինեն ԵՄ-ի հետ հարաբերությունները, Թուրքիան՝ որպես Եվրոպայի անվտանգային համակարգի տարր, ինչպես նաև համաշխարհային զարգացումները»։
Էրդողան-Մերց հանդիպմանն անդրադարձել է նաև Թուրքիայում հրատարակվող հայկական «Ժամանակ» օրաթերթը։
«Այս հանդիպումը կարող է Գերմանիայի և Թուրքիայի տնտեսական փոխկապակցվածության խորացման նոր սկիզբ դառնալ»։
Գերմանական հեղինակավոր պարբերական Deutsche Welle-ն Թուրքիա Մերցի այցի նախօրեին նկատել է. «Մերցը ձգտում է վերաիմաստավորել Գերմանիայի մոտեցումը Անկարայի հանդեպ՝ Թուրքիան դիտարկելով ոչ թե որպես «դժվար գործընկեր», այլ որպես «անփոխարինելի տարածաշրջանային ուժ ԵՄ-ի սահմաններից դուրս»։
Հռոմի Պապի, Սթարմերի և Մերցի այցերն ընդգծում են Թուրքիայի դիվանագիտական ակտիվացումը և դիրքի վերանայումը միջազգային հարաբերություններում։ Վերլուծաբանները նկատում են, որ Անկարան այսօր ոչ միայն փորձում է հավասարակշռել Արևմուտքի և Արևելքի շահերը, այլև հանդես գալ բազմավեկտոր դիվանագիտությամբ։




