ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ֆինանսական ավելացումներ ու կրճատումներ․ հանձնաժողովները քննարկում են պետբյուջեի նախագիծը

Խորհրդարանական հանձնաժողովներում այսօր շարունակվել են 2026 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովը նիստն անցկացրել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Ֆինանսների նախարարը նախ ներկայացրել է հաջորդ տարվա ֆինանսական հատկացումները։ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսները կրճատվել են, վարչապետի աշխատակազմի, Արդարադատության նախարարության հատկացումները՝ ավելացել։

Ինչպե՞ս կարելի է ավելացնել ֆինանսական հատկացումները, մասնավորապես խորհրդարանի համար։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փորձագիտական եզրակացություններ ստանալու համար ազատ միջոցներ ներգրավելու ուղիներ է մատնանշում։

«Շատ են լինում դեպքեր, երբ գալիս են գլոբալ փոփոխություններ, օրինակ՝ հայտարարագրումը կամ առողջության ապահովագրությունը, մեզ պետք է լինում մասնագիտական ազդեցության գնահատական։ ԱԺ-ն, բացի հիմնական բյուջեից, պետք է ունենա որոշակի տոկոսի չափով հավելյալ գումար, որը կծախսվի հետազոտություններ պատվիրելու համար»։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքում է՝ որոշումների որակը բարձրացնող ծախսերը արդարացված են։ Բացատրում է՝ եթե որոշումների որակը ցածր լինի, հանրությունը ավելի մեծ վնաս կկրի։

«Եթե մենք ուզում ենք միջոցներ ազատել այս կամ հաջորդ տարի հավելյալ այդպիսի ծախսերի համար, պետք է հասկանանք՝ որտեղից ենք այդ ծախսը նվազեցնելու կամ դանդաղեցնելու»։

Խորհրդարանին հատկացվող միջոցների կրճատման հարցը շարունակում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում ԱԺ ֆինանսների կրճատումը ի՞նչ նպատակ է հետապնդում՝ հարցնում է Վլադիմիր Վարդանյանը․  

«Եթե խորհրդարանական կառավարման երկիր է, ապա խորհրդարանի լիազորությունները պետք է ընդլայնվեն։ ԱԺ-ում կա բյուջեի կրճատում, ի տարբերություն վարչապետի աշխատակազմի, օրինակ։ Ո՞նց եք պատկերացնում խորհրդարանական կառավարման ամրապնդումը, երբ կրճատվում է ԱԺ ֆինանսավորումը»։

Ֆինանսների նախարարն արձագանքում է՝ նպատակ ունեն օպտիմիզացնելու պետական կառավարման համակարգը․

 «Նույն արդյունքը կկարողանանք ունենալ ավելի փոքր ռեսուրս ծախսելով»։

Ծախսվող գումարների արդյունավետության գնահատման հարցը շարունակում է օրակարգում մնալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցնում է՝ որքան է վարչապետի մեկ մարզային այց կազմակերպելու ծախսը․

«Կա՞ն հաշվարկներ, թե՞ ոչ։ Օրենսդրության համաձայն՝ արարողակարգային ծախսերի մեծ մասը գաղտնի է։ Մեծ հաշվով մեզ՝ հանրությանը, հայտնի չէ՝ ինչ է ծախսվում։ Եվ, ի վերջո, այս միջոցները պետական բյուջեի միջոցներ են, չէ՞»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան․ «Ամեն այցից հետո պետական ապարատը ստանում է տասնյակ հանձնարարականներ, որոնք վերաբերում են այն աշխատանքներին, որ վարչապետը այցերի ժամանակ է դիտարկել»։

Արծվիկ Մինասյանը հարցնում է, թե Հովհաննավանք այցի ժամանակ ինչ հանձնարարական է տրվել։ Վլադիմիր Վարդանյանը միջամտում է՝ քննարկումը հետաքրքիր է, բայց առաջարկում է ձևաչափին վերադառնալ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ խորհրդարանում էին նաև տեսչական մարմինների ղեկավարները։ Ըստ Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ շուրջ 6․000 կայացված վարչական ակտ կա, որոնցից բողոքարկվել են 365-ը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին է արձագանքում Գարեգին Խաչատրյանը․

«Երևանում տեղակայված բենզալցակայանները մայթերի վրա են։ Նրանք հնարավոր բոլոր վտանգներն ունեն»։

«276 բենզալցակայանի գործունեություն է կասեցվել, որից 71-ը ապամոնտաժվել են»։

Խորհրդարանում 2026թ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները շարունակվում են։

Կարդացեք նաև

Back to top button