ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

2026 թ․ գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները շարունակվում են

Խորհրդարանական հանձնաժողովներում այսօր շարունակվել են 2026 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Օրակարգում մեծ մասամբ տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ֆինանսական հատկացումներին վերաբերող հարցերն էին։ Հայաստանում հարկեր-համախառն ներքին արդյունք ցուցանիշը 2026-ին նախատեսվում է բարելավել է 0,4 %-ով՝ հասցնելով 24,9 %-ի: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ այս տարվա արդյունքներով՝ 2026-ին սպասվում է 24,5 %՝ 0,4 % բարելավում, 2027-ին այն կհասցվի 25,1 %-ի։ Պատգամավորների հարցերը միայն բյուջեի նախագծին չեն վերաբերել։

Տնտեսական ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանում՝ օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթից հետո։ Հարցը քննարկվում է խորհրդարանում։ Պատգամավոր Գեղամ Նազարյանը էկոնոմիկայի նախարարին հարցնում է․

«Կառավարությունը ի՞նչ պլաններ, ծրագրեր ունի՝ արմատապես փոխելու իր գործելաոճը, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը վերածվի խաղաղության նախարարության։ Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց դա փաստ է ի՞նչ պլաններ ունեք փուչիկ տնտեսությունը իրական տնտեսություն դարձնելու համար»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանի տնտեսության վերաբերյալ Նազարյանի տված գնահատականին համաձայն չէ։ Անհամաձայնությունը նախարարը վիճակագրությամբ է բացատրում։ Ընդգծում է՝ 2025 թ․ հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,6 % է, իսկ վերջին ամսվանը՝ 10,5 %: Դա, ըստ նախարարի, կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունավետության վկայությունն է․

«Մեր տնտեսությանը Ձեր տված գնահատականին համաձայն չեմ։ Վերջին հինգ տարում մեր՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կրկնապատկե լ ենք։ Աշխարհի շատ երկրներ կերազեն, որ իրենց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 8 հազար դոլար լինի։ Բացի այդ՝ մենք բոլոր հարևանների մեջ Ջինիի գործակցով նույնպես ցածր ենք, իսկ դա նշանակում է, որ ստեղծված եկամուտն ու արդյունքը հավասարաչափ են բաշխվում մարդկանց մեջ»։

Արդյունքը, ըստ ցուցանիշների, հավասարաչափ է բաշխվում, բայց մեջբերելով վիճակագրական տվայլները՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն ընդգծում է՝ կառավարությունը խոստացած տարեկան 7 % աճը ապահովում է, բայց դրա մի մասը արտաքին գործոններով է պայմանավորված։ Ծրագրված հարկային եկամուտները նույնպես հավաքվում են՝ շարունակում է պատգամավորն ու հարցնում․            

«Խոստացել էիք, որ 2026-ին պիտի միջին կենսաթոշակը լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար։ Նվազագույն կենսաթոշակն էլ պետք է լինի պարենային զամբյուղի արժեքին հավասար։ Նվազագույն աշխատավարձն էլ պետք է սահմանեք  85 հզր դրամ։ Սա դուք ներկայացրել եք կառավարության ծրագրում։ Հիմա ձեր այդ խոստումները չեք կատարում»։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն  ընդգծում է՝ 2025-ի համեմատ՝ 2026–ին ֆինանսական ամենամեծ հատկացումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն  է։ Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Բյուջեի պլանավորման հիմքում կարևորը ֆիսկալ կայունության ապահովումն է՝ ասում է Հովհաննիսյանը․

«Վստահ եմ՝ Դուք հիմա այս հարցը, որ տալիս եք, չեք ակնկալում, որ օրինակ, եթե մենք առաջարկեինք կամ Դուք գայիք առաջարկեիք հիմա, ասեք՝ եկեք միջին կենսաթոշակը բարձրացնենք, դարձնենք պարենային զամբյուղին համապատասխան, որը պետք է որոշակի անկայունություն բերեր մեր ֆիսկալ միջավայր, դա կլիներ սխալ քաղաքականություն։ Եվ հենց նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ թոշակը ստանային, վստահ եմ՝ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ։ Այո՛, կառավարության ծրագրով բազմաթիվ նախագծեր են ներկայացվել, շատ խոստումներ են տրվել, դրանց մեծ մասը կատարված է կամ կատարվելու է, մյուս մասն էլ՝ հնարավորության սահմաններում, որովհետև խոսքը մեր բոլորի հնարավորությունների մասին է»։

Հայաստանի տնտեսական հնարավորությունները տարբեր ոլորտներում, ըստ պատասխանատուների, ընդլայնվում են։ Օրինակ, ըստ ՏԿԵ նախարարի, Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն ավելացել է: Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ ավելացել է «Հայաէրոնավիգացիա»-ի սպասարկած չվերթների թիվը։ Դրանց ճնշող մեծամասնությունը հատում է ՀՀ օդային տարածքը և վայրէջք չի կատարում Հայաստանում: Բացի այդ՝ իրականացվում է աջակցության ծրագիր, որի համար տրամադրվում է շուրջ 3 մլրդ դրամ․

«Այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվելու Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում, նոր ուղղություններով փոխադրում կանեն, կսուբսիդավորվեն։ Բայց այստեղ պայման կա առնվազն մեկ նոր ուղղություն պետք է սպասարկեն։ Երկու տարեկանից բարձր ուղևորների համար 20 հազար դրամ կսուբսիադավորվի դեպի «Զվարթնոց», և 15 հազար դրամ՝ դեպի «Շիրակ»»։

Մեկ այլ ծրագիր էլ աստիճանաբար դադարեցվում է։ Խոսքը առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս  եկամտային հարկի վերադարձը Երևանին հարակից մարզերում դադարեցնելու մասին է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը միայն 2025-ին ունեցել է 64 հազար շահառու։ Վերադարձվող հաստատված գումարը 84 մլրդ դրամ էր, 2025-ին արդեն՝ 96 մլրդ դրամ։

«Մենք ունենք շահառուներ, որոնք այս, նախորդ կամ դրա նախորդ տարիներին են դարձել շահառու։ Պարզ է, որ սկզբնական տարիներին  փոխհատուցման չափերը կարտացոլվեն։  2027-ից հետո է նկատվելու  որոշակի կայունացում և դանդաղում»։ 

2026 թ. հունվարի 1-ից կսկսի գործել ևս մեկ նոր ծրագիր։ Անկանխիկ առևտրից 2 %-ի չափով գումարի վերադարձ կունենան բոլոր այն քաղաքացիները, որոնք  վճարումը կանեն ArCa քարտերով: Ծրագիրը չի վերաբերում խաղային ոլորտին։

Կարդացեք նաև

Back to top button