
Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները՝ հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2026 թ․ պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ։ Սա, ըստ էության, պատասխանն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 21-ի այն հայտարարության, ըստ որի՝ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները՝ ասում է վարչապետը․
«Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովելու բեռնատար ավտոմեքենաների տարանցումը՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Սա ինչի՞ համար եմ ընդգծում, որովհետև այս պահին այն միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել»։
Եթե հենց այն պահին, երբ ԱԺ-ում ընթանում է քննարկումը, Թուրքիայից որևէ բեռնատար մոտենա «Մարգարա» անցակետին և ցանկանա ուղևորվել Ադրբեջան, Հայաստանը կապահովի դրա անվտանգ երթևեկությունը Կոռնիձորով՝ Ադրբեջան՝ բացատրում է Փաշինյանը։ Նույնը վերաբերում է նաև հակառակ ուղղությանը։ Այս պահին ընթացքի մեջ է նաև Ղազախստանից հացահատկի առաջին խմբաքանակի տեղափոխումը Հայաստան՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով՝ ասում է վարչապետն ու ընդգծում, որ թվարկվածները, ըստ էության, ապաշրջափակման առաջին դե ֆակտո քայլերն են։
«Իհարկե, այս հայտարարությունը, որպեսզի լինի ամբողջական, մենք պետք է առաջիկայում շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք և ամբողջական»։
Վարչապետը պատմական է համարում երկու երկրների՝ միմյանց տարածքներով բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշումները։ Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ վաղ է համարում որոշակի արդյունքների մասին խոսելը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը Ադրբեջանի այդ որոշման մեջ նաև վտանգներ է տեսնում․
«Ո՞ր սահմանն է բացվել, ժողովուրդ։ Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվե՞լ է, մի հատ կասե՞ք` որն է այդ անցման կետը։ Այդ նույն սահմանային անցումն է, որը էլի Վրաստանով է գալու։ Ո՞ր դուռն է բացվել, Վրաստանի դուռը պետք է փակվե՞ր։ Ժողովուրդ, քանի դեռ Երասխ-Սադարակ ճանապարհահատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է։ Նայեք քարտեզին։ Ի՞նչ է նշանակում, ասում եք` Թրամփի ուղով մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք՝ Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց է մտնում Հայաստան։ Այդ Երասխ-Սադարակը պետք է կառուցվի»։

«Ապաշրջափակումը ենթադրո՞ւմ է նաև Երասխ-Սադարակ երթուղու գործարկում»․ այս հարցը պատգամավորն ուղղում է բյուջեի քննարկման համար խորհրդարան եկած արտգործնախարար Արարատ Միրզոյանին․
«Շատ ուղիղ պատասխանում եմ՝ այո, պետք է ապաշրջափակվի Երասխ- Սադարակ-Նախիջևան հատվածը ևս։ Դուք ասում եք՝ սկզբից այս ճանապարհը, հետո այն մեկը, հետո մյուսը, ես ասում եմ, որ ընդհանրապես այս ամբողջ ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի։ Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա»։
Հայաստանի արտաքին գերատեսչության համար անցնող տարվա ամենակարևոր օրն օգոստոսի 8-ն էր՝ ասում է Միրզոյանը։ Նա վաշինգտոնյան բանակցություններն ու ստորագրված փաստաթղթերը շրջադարձային է համարում։ Նախարարն իր ղեկավարած կառույցի թիվ մեկ առաջնահերթությունը, նպատակն ու առաքելությունը մեկ նախադասությամբ է ձևակերպում․ ՀՀ-ի շուրջ խաղաղ, անվտանգ ու Հայաստանի բարգավաճմանը նպաստող միջավայրի ձևավորում։
Այդ համատեքստում, մանրամասնում է Միրզոյանը, կարևոր են թե՛ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, թե՛ Սյունիքով անցնելիք «Թրամփի ուղու» մասին եռակողմ հռչակագիրը․
«Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Հայաստանը 30 պլյուս տարիներ գտնվում էր շրջափակման ներքո, և հիմա 2 երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ, եթե, իհարկե, հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում։ Ես հասկանում եմ, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան-Նախիջևան կապի, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը համաձայնեցված սկզբունքների ներքո ներառում են նաև Հայաստան- Ադրբեջան- Նախիջևան կապը։ Ընդ որում՝ ենթակառուցվածքը, որով այդ կապը, օրինակ, պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու է կրկին Հայաստանի Հանրապետության կողմից»։
Հայաստանը «Թրամփի ուղու» գործարկման մանրամասները սկսել է քննարկել օգոստոսի 8-ից անմիջապես հետո՝ ասում է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե որ ընկերությունը կզբաղվի Սյունիքով անցնելիք ճանապարհի շինարարությամբ կամ վերակառուցմամբ, կգործի Հայաստանի իրավազորության, սահմանների անխախտելիության և ինքնիշխանության սկզբունքների ներքո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ ժամկետ չնախանշելով, համոզմունք է հայտնում, որ հնարավորինս արագ կընթանա նախագծի իրագործումը․
«Ներկայումս Միացյալ Նահանգների հետ բավականին ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում նախագծի իրականացման շուրջ։ Իհարկե, նախագիծը մեզ համար և տարածաշրջանի համար նոր է, ինքը ունի բազմաթիվ նրբություններ, և ես համոզված եմ, որ մենք հնարավոր ամենաարագ ժամկետներում այդ խնդիրները կքննարկենք, լուծումները կգտնենք և կիրականացնենք այդ ծրագիրը»։
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության այլ արդյունքների վրա․ 1 տարի 8 ամիս սահմանին փոխհրաձգության պատճառով զինվոր չի զոհվել․
«Կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»։
Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանին ծանոթ չէ «խաղաղություն» բառի նշանակությունը, ուստի խաղաղության պայմաններին համարժեք ընկալում ունենալը պարզ խնդիր չէ թե՛ պետական կառույցների, թե՛ հանրության համար։
Վարչապետի ձևակերպմամբ՝ պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելիս․
«Մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։ Իհարկե, այդ հարցում մենք շարունակում ենք աշխատանքը Ադրբեջանի հետ»։

Երկու երկրների հասարակություններին, այսպես ասենք, մտերմացնելու ճանապարհին, այնուամենայնիվ, կան դժվար լուծվող կամ այս պահին չլուծված հարցեր՝ ասում է արտգործնախարար Միրզոյանը։ Դրանք հումանիտար խնդիրներն են՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը և Բաքվում պահվող հայերի վերադարձը․
«Եթե ինձ հարցնեք իմ մասնավոր դիրքորոշումը այս մասին, այն, այնուամենայնիվ, մեծ խոչընդոտ է, որը նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետքը, և որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն։ Դա, անշուշտ, երկու հասարակությունների միջև միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են, կրկին օբյեկտիվորեն՝ հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև։ Բայց մենք, հավատալով Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի միջավայրի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»։
Ինչ վերաբերում է սահմանազատմանը, նախարարի կարծիքով՝ 2026-ին այն ավելի մեծ թափով կկատարվի։ Խաղաղության համաձայնագրում հստակորեն ամրագրված է, որ կողմերը կշարունակեն աշխատանքը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։




