
Խորհրդարանական հանձնաժողովներում սկսվել են 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։ Ներածական խոսքում վարչապետը ներկայացրել է 2026–ին սպասվող նոր ծրագրերը՝ առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումն ու քաղաքացիների համար նախատեսված անկանխիկ վճարումների դեպքում 2 % վերադարձի հնարավորությունը։ Ֆինանսների նախարարը պարզաբանել է՝ սա այն դեպքում, եթե անկանխիկ վճարումը ազգային վճարային՝ Arca համակարգով կատարվի։
Խորհրդարանը քննարկում է 2026–ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագիծը։ Պետական բյուջեն այս տարի մի քանի առանձնահատկություն ունի։ Խորհրդարանական հանձնաժողովներում դրանք ֆինանսների նախարարն է ներկայացնում։ Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ այս տարի միջնաժամկետ ծրագրերը ներկայացված են ոչ թե եռամյա, այլ հնգամյա ժամկետներով․ «Միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատել ենք ավելի շուտ, քան նախկինում: Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև մենք միջնաժամկետ ծախսային ծրագրից մինչև բյուջեի հաստատում ունենք ավելի շատ ժամանակ՝ ավելի մանրամասնորեն քննարկելու բազային բյուջեն և դրա առանձնահատկությունները»։
Ֆինանսների նախարարը մատնանշում է՝ կառավարության բազմամյա պարտավորություններն են ներկայացված։ Մեկ տարվա բյուջեն հաստատվում է, բայց գործադիրի պարտավորությունները ներկայացված են ըստ տարիների։

Վահե Հովհաննիսիյանն ընդգծում է՝ առանձին հավելվածով ներկայացրել են պետական մարմինների օգտագործած գույքի շուկայական արժեքը։ Ըստ նրա՝ ավելի թափանցիկորեն են ներկայացնում, թե պետական կառավարման համակարգը ինչ ծախսեր ունի։ Նախարարը հուսով է, որ այդ ծախսերը արդեն հաջորդ տարի կներառվեն բյուջեի ծախսային մաս․ «Անցած տարի առաջին անգամ ներդրել ենք կապիտալ ծախսերի փոխանցման համակարգը, որով մի տարվա մեջ չկատարված, սակայն պարտավորությունները ստանձնած կապիտալ ծախսերը հնարավորություն ենք տալիս տեղափոխելու մյուս տարի և առանց ավելորդ վարչարարության էդ ծախսերը ավարտին հասցնելու հաջորդ տարվա սկզբին»։
Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թ․ կանխատեսվում է 11 տրլն 933 մլրդ դրամի սահմանում։ Տնտեսական աճը կկազմի 5,4 %, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %։ Պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամի մակարդակում, որից հարկային մուտքերը կկազմեն 2 տրլն 972 մլրդ դրամ։ Սրանք 2026–ի պետական բյուջեի նախնական ցուցանիշերն են։ Նախնական, քանի որ որոշակի փոփոխություններ գուցե լինեն։ Մինչև այդ, սակայն, խորհրդարանը մանրամասնորեն քննարկում է բյուջեի նախագիծը, որում նախանշված են իրականացվող բոլոր ծրագրերը։ Բյուջեն ձևավորվում է վճարվող հարկերի հաշվին՝ արձանագրում է կառավարության ղեկավարը․
«Բյուջեն, որով վճարվում են նաև անապահովության նպաստը, գործազրկության նպաստը, գոյանում է աշխատող մարդկանց հաշվին։ Եթե մի քաղաքացին իրավունք ունի ասելու՝ գիտեք ինչ, ես չեմ աշխատում, կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք։ Եթե մի քաղաքացի էդ իրավունքը ունի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, մեկ էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են՝ կառավարություն, դե որ այդպես է, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք՝ ես էլ չեմ աշխատում․ հոգացեք իմ ծախսերը»։
Հայաստանի պետական և համայնքային բյուջեների՝ պատշաճ եկամտային ու ծախսային հոդվածներ չունենալու պարագայում Հայաստանի որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չի լինի ապահովել՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի և մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է»։
2025-ին բյուջեի դեֆիցիտը կազմում է 5,5 %։ Կառավարությունը նախատեսել է մինչև 2028 թ․ այն իջեցնել՝ դարձնելով 2,8 %։ Սա, ըստ ֆինանսների նախարարի, կիրականացվի արդյունավետ ծախսերի շնորհիվ։ Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով կբարձրանա։ 23,5 %-ից կհասնի 24,5 %-ի։ Դեֆիցիտը կնվազի՝ տեղեկացնում է Վահե Հովհաննիսյանը։ 2026–ին կներդրվի համընդհանուր առողջապահության ապահովագրությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է․
«2026 թ․ քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի: Ադապտացիոն շրջանում ծախսերն ամբողջությամբ կանի կառավարությունը»։

2026–ին անկանխիկ առևտրի դեպքում վերադարձի խրախուսումը կվերաբերի բոլորին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը պարզաբանեց՝ նրանք, ովքեր առևտուր անելիս կնախընտրեն քարտով վճարումը, ամսվա վերջում գումարի վերադարձ կունենան։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին խնդրեց մանրամասնել․
«Սա ինչ-որ առումով աշխատավարձի բարձրացում է մեր քաղաքացիների համար»։
Վահե Հովհաննիսյանը պարզաբանում է․
«Իրականում այս ծրագիրը մշակել ենք Arca համակարգի հետ։ Այժմ վերջնականացնում ենք։ Նրանք, ովքեր անկանխիկ առևտուր կանեն Arca քարտերով, հետվճար կստանան 2 %-ի չափով՝ բացառությամբ խաղային ոլորտի»։
Սրանով նախ ստվերի դեմ կպայքարեն, ապա նաև կնպաստեն ազգային վճարային համակարգի զարգացմանը՝ վստահեցրեց ֆինանսների նախարարը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանին վիճակագրությունն էր հետաքրքրում «Կառավարությունը վերջին 2 տարում անընդհատ ասում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալ 5,5-ի մոտ է։ Միջազգային գործընկերները դրան համաձայն են՝ ասում եք։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը 2026-ի համար 4,9 % է՝ տնտեսական պոտենցիալից ցածր։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ վերջին առաքելությունը հանգեց այն եզրակացությանը, որ՝ չէ՛, 5 %-ը մի քիչ շատ է»։
Նախարարի խոսքով՝ ԱՄՀ–ն փոխել է 2026–ի տնտեսական աճի կանխատեսումը՝ դարձնելով 5,5 %։ «Եթե խոսենք արդյունաբերության աճի մասին, ապա 2026-ին մշակող արդյունաբերությունը աճելու է։ Այստեղ իր ազդեցությունն ունի Ամուլսարը։ Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026-ին»։
2026 թ․ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է անվտանգության, ներդրումների միջոցով տնտեսության ներուժի ապահովումը՝ արձանագրում են գլխավոր դրամատանը։ ԿԲ-ն կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացման շեշտադրում է անում՝ նշելով, որ դա կավելացնի տնտեսության ներուժը։




