
Հայաստանն այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2026 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում: Գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ: Այսինքն, եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա՝ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել»,- վասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա Ադրբեջանին ուղղված պատասխան քայլ է:
«Ինչպես Ադրբեջանը վերացրել է մեզ համար տարանցման սահմանափակումները, այնպես էլ մենք ենք վերացնում տարանցման սահմանափակումները»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո երկու երկրների միջև խաղաղությունը հաստատված փաստ է:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Ըստ նրա` մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել։




