
Պարտադիր զինվորական ծառայությունը 6 ամսով կրճատելու որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Թեև պաշտպանության նախարարության մշակած օրենսդրական փաթեթը ենթադրում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2026-ի ամռանից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հրապարակած կարճ տեսանյութով հայտարարեց՝ օրենսդիրի և գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո որոշել են, որ օրենքը կարող է ավելի շուտ ուժի մեջ մտնել։ Նախագիծը դեռ խորհրդարանական քննարկումների փուլ չի հասել, սակայն հանրային ու քաղաքական դաշտում ստացել է ոչ միանշանակ արձագանք։ Խորհրդարանական ընդդիմությունն այս որոշումը որակում է իբրև «հապճեպ ընդունված նախընտրական քայլ»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․ «Ակնհայտորեն նախընտրական տրյուկ է։ Այն հիմնավորումները՝ չակերտավոր, որ դրված են այս նախագծի հիմքում, որևէ կապ չունեն իրականության հետ»։
Կառավարություն-Աժ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ որոշումը նոր չէ, այն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և բխում է «ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգից»:
«Խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական ինչ-որ գործողություններ կատարելու մեջ, կարդան կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը: Դա սևով սպիտակի վրա գրված է. կարելի է հիմա կարդալ»։
Շաբաթվա վերջին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախարարն անդրադարձավ նաև այն քննադատությանը, որ կառավարությունը կրճատում է զինծառայողների թիվը․
«Իհարկե, ես կուզենամ հարց հնչեցնել՝ ի՞նչ ասել է, թե բանակը կրճատում են, այսինքն՝ եթե ցիկլը երկու տարվա փոխարեն դառնում է մեկ ու կես տարի, որտե՞ղ է կրճատումը։ Իհարկե, նախ՝ պիտի նշեմ, որ մենք այս որոշումը ընդունել ենք, որովհետև մենք մեկ այլ օրենսդրական փոփոխություն ենք ունեցել։ Դա «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է, երբ ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային և 5 տարով պայմանագիր են կնքում Պաշտպանության նախարարության հետ։ Մենք մինչև այսօր, 2 տարվա ընթացքում, արդեն ունենք, այս թիվը հնչեցնելու եմ, որովհետև թիվը չհնչեցնելը շատերի կողմից մանիպուլացվեց, 4217 պայմանագրային։ Նրանք նախկին ժամկետային զինծառայողներն են, ովքեր չեն զորացրվելու, այլ եկել են բանակ և նվազագույնը 5 տարով իրենց կյանքը կապել են բանակի հետ»։
Պապիկյանի խոսքով՝ բանակի արդիականացման մեկնարկը տրվել է 2022-ին, ինչը ենթադրում է օրենսդրական նոր փոփոխություններ, պաշտպանական ոլորտին ուղղվող բյուջեի վերանայում և բարեփոխումներ։

Խորհրդարանը մեկ շաբաթում երկու նիստ գումարեց՝ հերթական և արտահերթ։ Քաղաքական սուր բանավեճերի առիթը, սակայն, ոչ թե նիստերի օրակարգ ընդգրկված նախագծերն էին, այլ ներքաղաքական իրավիճակը։ Վեց ամիս առաջ Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի և քաղաքապետարանի այլ աշխատակիցների ձերբակալությունն ու Ղուկասյանի երկամսյա կալանավորումը ընդդիմադիր պատգամավորները համարում են ապօրինի՝ ընդգծելով, որ խախտվել է անմեղության կանխավարկածը․
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան․
«Դեպքերը Գյումրիում ակնհայտորեն ցույց տվեցին մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը և փորձ է անում նախ տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով և գործիքակազմով։
Որևէ մեկը իրավունք չունի խախտելու Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը»։
Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ իշխանության ներկայացուցիչները չեն խախտել անմեղության կանխավարկածը, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը ապացուցում է, որ Վարդան Ղուկասյանը կոռուպցիոն գործարքի մեջ է մտնել ու կաշառք պահանջել․
«Բոլոր կաշառակեր սրիկաները պետք է նստեն։ Ծանուցում․ մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար։ Ես լսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Իրավապահ մարմինները, երբ մեղադրանք են առաջադրում, նշանակում է` իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Ես չեմ պնդում, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է»։
Ընդդիմադիր մեկ այլ գորիչ՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 6 տարի ընթացող դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Իմփիչմենթի գործընթացը հաջողելու դեպքում Համբարձումյանը ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն էր։ Խորհրդարանական ընդդիմությունը դատարանի այս որոշումը ուղիղ պատասխան համարեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այդ հայտարարություններին պատասխանեց ԱԺ նախահահ Ալեն Սիմոնյանը․
«Այդ ինչո՞ւ Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես վարչապետի թեկնածու։ Այդ տղային ո՞վ էր ճանաչում, իր մասին միակ տեղեկություն էն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց վրա էր հարձակվել, որ «ջիփից» դուրս էր եկել հեղափոխության ժամանակ, մարդ էր տշում, մարդ էր խփում։ Հարց եմ տալիս` ու՞մ է հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով, ուզում եմ հասկանալ` քաղաքական մեծ գիգա՞նտ էր, այնտեղ էլ իմփիչմենտի պրոցեսը եկել, հասել էր պիկի՞ն։ Ինչե՞ր եք խոսում»։

Երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից չեն դադարում քաղաքական բանավեճերը նաև պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին։ Քննարկումների առիթ է դարձել հատկապես վարչապետի՝ օրերս կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի ձեռքից հաղորդություն ստանալու որոշումը։
Նիկոլ Փաշինյանը կառավարություն- Աժ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ կուսակրոնության ուխտը խախտած և զավակներ ունեցող կաթողիկոսն ինքն է կարգալույծ արված, հետևաբար կարգալույծի կարգալույծ հռչակելը որևէ ուժ չունի․
«Դա նշանակում է, որ այդ կարգալուծության օրը, իրական օծման օրը հենց այդ օրն է, և որպես նոր օծված քահանա, ես պատրաստ եմ և ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա՝ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետև, եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, դա ապացույցն է նրա քահանա օծված լինելու»։
Ընդդիմությունը վարչապետի այս հայտարարությունը և կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու որոշումը այլ կերպ է մեկնաբանում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Գրիգորյան․ «Որ էստեղ խոսում է Նիկոլ Փաշինյանը, թե գիտեք՝ հոգևորականները կին ունեն, երեխա ունեն։ Ես դրանք չեմ կարող պնդել, ես նման ինֆորմացիա չունեմ, բայց Նիկոլ Փաշինյանը առնվազն մեկի մասով հաստատ ուներ այդ ինֆորմացիան, և այդ մեկին նշանակել էր իր կառավարության ամենակարևոր պաշտոններից մեկում։ Այդ ժամանակ չգիտե՞ր դրա մասին, այդ ժամանակ խոսեիք, խմբով հավաքվեիք, գնայիք այդ թեմի առաջնորդի հետևից։ Չեք գնացել, չէ՞, որովհետև խնդիր չունեիք դուք դրա հետ։ Ձեր խնդիրն առաջացել է բացառապես ադրբեջանական պահանջից հետո, և էստեղ ոգևորությամբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ սատարում մի կարգալույծ հոգևորականի, ում քաղաքական իդեալը Կադիրովն է։ Եթե ձեր բառապաշարով խոսեի, ապա՝ մի փայլուն ռուսաստրուկ։ Բա գնացեք, այո, գնացեք, կիրակի օրը կարգալույծ եղածի պատարագին մասնակցեք»։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր Արամը խոսել էր եկեղեցում առկա խնդիրների մասին, հայտարարելով, որ վերադասից հրաման էր ստացել մասնակցելու ընդդիմության ցույցերին։ Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն տարածեց, հայտարարելով, որ Տեր Արամը կարգալույծ է հռչակվել։ Իսկ այդ որոշման համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև այն, որ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով նա վարկաբեկել է Հայ Եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին: Կարգալույծ հռչակված քահանան սակայն հրաժարվում է լքել ծառայության վայրը՝ Հովհաննավանքը։ Ավելին, խոստացել է, որ կիրակնօրյա պատարագն ինքն է մատուցելու։





