
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարզեցմանը միտված օրենքների նախագծերի փաթեթը, որը նախաձեռնել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ օրենսդրական նախաձեռնության նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն է:
Նրա խոսքով համակարգը կպարզեցվի՝ հաշվի առնելով փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը եւ այդ ընթացքում առաջացած խնդիրներն ու վիճակագրությունը:
Պատգամավորը հիշեցրել է, որ եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվել է փուլային եղանակով, եւ 2024 թվականին հայտարարագիր լրացրել է մոտ 20 հազար քաղաքացի: Այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնում է մոտ 1 մլն մարդ՝ հիմնականում վարձու աշխատողները: Հաջորդ տարվա համար նախատեսվում է, որ հայտարարագիր կլրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք:
Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ վիճակագրական տվյալներով հայտարարագիր լրացրած շուրջ 140 հազար քաղաքացիների մեծ մասն այն լրացրել է՝ առանց որեւէ բան փոփոխելու: Այսինքն՝ երբ ՊԵԿ-ը լրացրել է քաղաքացիների հայտարարագրերն ինքնաշխատ եղանակով, քաղաքացիների մեծ մասն այդտեղ որեւէ փոփոխություն չի կատարել եւ հաստատել է այն տարբերակով, որով լրացված է եղել: Քաղաքացիների մոտ 20 տոկոսն այդտեղ ավելացրել է ընդամենը 1-2 բաղադրիչ, որոնք հիմնականում վերաբերել են ստացված վարկերին եւ փոխառություններին, ավանդներից ստացած եկամուտներին:
Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ կատարվել է կատարել հետեւյալ փոփոխությունները. «ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են, ըստ օրենքի, կարող են մինչեւ վերջնաժամկետը չմտնել եւ չլրացնել իրենց հայտարարագրերը: Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված եւ հանձնված այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է: Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքան ՊԵԿ-ը լրացրել է, ենթադրենք՝ աշխատավարձը, ինքը կարող է ոչինչ չանել: Ըստ այդմ՝ ՊԵԿ-ի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված եւ հանձնված»,- ասել է զեկուցողը:
Այս համատեքստում նա նշել է, որ վերացվում է պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար:




