
Օրերս Երևանում հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկմանը մասնակցած քաղաքագետ Նարեկ Մինասյանը կարծում է, որ երկու երկրների քաղհասարակությունները շփման երեք տարբերակ ունեն։ Առաջինն ընդհանրապես որևէ հարցի շուրջ չերկխոսելն է, ինչը, քաղաքագետի կարծիքով, խաղաղության գործընթացի տեսանկյունից ընդունելի չէ։ Երկրորդ տարբերակն այն է, որ հայկական կողմը շփումներ ունենա միայն Ադրբեջանից հեռացած և տարբեր երկրներում ապաստանած հասարակական գործիչների հետ, սակայն, Մինասյանի դիտարկմամբ, այդ անձինք զրոյական ազդեցություն ունեն Ադրբեջանի ներքին գործընթացների և հետևաբար այդ երկրի հանրային տրամադրությունների վրա։
«3-րդ տարբերակ այն է, որ շփումներ ունենանք Ադրբեջանում գործող փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն գործնական ազդեցություն նաև պրոցեսների վրա, ունեն հասանելիություն ադրբեջանական մամուլին։ Հաշվի առնելով այն, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանում ևս նկատելի է մթնոլորտի, միջավայրի փոփոխություն և հռետորաբանության որոշակի մեղմացում, 3-րդ տարբերակով երկխոսելու արդյունավետությունը բարձր է»։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ Հայաստանում կա այն վերաբերմունքը, թե Ադրբեջանում չկա քաղհասարակություն, հետևաբար հայ գործիչները նրանց հետ ոչինչ չունեն քննարկելու։
«Դրա տրամաբանական շարունակությունը երկու եզրահանգման է բերում։ Մեկը, որ իրենց հետ ընդհանրապես չպետք է խոսենք, երկրորդը՝ պետք է իրենց փոխենք, նոր իրենց հետ խոսենք։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Նախ՝ ես չեմ կարծում, որ մենք մեր առջև պետք է խնդիր դնենք՝ Ադրբեջանը փոխելու կամ Ադրբեջանում քաղհասարակություն կամ ժողովրդավարություն կառուցելու։ Դա, մեղմ ասած, Ադրբեջանի ժողովրդի գործն է։ Երկրորդը՝ իրենց հետ չխոսելու տարբերակը մենք տեսել ենք, թե ուր է տարել, ինչ իրավիճակի է բերել»։
Քոչինյանի խոսքով՝ տարիներ շարունակ երրորդ երկրներում միջնորդների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպումներից հետո թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի փորձագետները հանգել են եզրակացության, որ ժամանակն է երկկողմ ձևաչափով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում հանդիպելու։
«Այդ գաղափարի առաջանալուց հետո երկու երկրներում էլ փորձագետները, քաղհասարակության ներկայացուցիչները մոտեցան իրենց իշխանություններին, ու պատկան մարմինների հետ համաձայնեցրեցին, ստացան աջակցությունը, և հնարավոր դարձավ նման միջոցառման իրականացումը»։

Վաշինգտոնյան հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նման հանդիպում կազմակերպելու ամենահիմնավոր պատճառներն են՝ մանրամասնում է Քոչինյանը։ Ինչ վերաբերում է քննարկմանը մասնակցած գործիչների ընտրությանը, ապա, Քոչինյանի խոսքով, երկու երկրները ներքին խորհրդակցություններով են հաստատել հանդիպման մասնակիցների կազմը։
«Հիմա, թե իրենք իրենց ներսում խորհրդակցությունները և այլն ոնց են իրականացրել, բնականաբար, իրենց գործն է։ Բայց ոչ հայկական կողմն է հարց բարձրացրել, թե ադրբեջանական կողմի ներկայացուցիչների ով լինելու, ոչ էլ ադրբեջանական կողմն է նման հարց բարձրացրել։ Այսինքն՝ մենք որոշել ենք սեփական պատվիրակությունը, իրենք՝ իրենց սեփական պատվիրակությունը»։
Քննարկումներին ուշադրության առարկա եղե՞լ է ադրբեջանցի ներկայացուցիչների նախկին գործունեությունը, հատկապես այն, որ նրանցից մեկը 2022-ին Լաչինի ճանապարհը փակած «էկոակտիվիստներից» էր։ Հարցին Քոչինյանը պատասխանում է․
«Ո՛չ, մենք միմյանց կենսագրությունները քննարկելու փոխարեն երևի թե ավելի կարևոր գործեր ունեինք»։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը, պատասխանելով նույն հարցին, ընդգծում է՝ մասնագիտության բերումով հայ գործիչները ծանոթ էին ադրբեջանական կողմի ներկայացուցիչների թե՛ նախկին, թե՛ ներկա գործունեությանը, սակայն քննարկումը դրա մասին չէր։ Քաղաքագետի խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը պետք է հաշվի առնեն հանրային քննարկումները և քննադատությունը։
«-Հանդիպումից հետո հանրային արձագանքները ևս, բնականաբար, պետք է հաշվի առնվեն թե՛ Երևանում, թե՛ ադրբեջանական կողմում։ Եթե ի վերջո այդ գործընթացի նպատակը հանրությունների միջև երկխոսության կամուրջների կառուցումն է, կարծում եմ, պետք է նաև հետևություններ արվի հետագա շարունակականության համատեքստում։
-Այսինքն՝ պետք է նաև հաշվի առնվի, թե ովքեր են գալիս Երևան։
-Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ևս հետևում է հանրային արձագանքներին, և եթե կա շահագրգռվածություն՝ կառուցողական եղանակով շարունակելու այդ երկխոսությունը, ենթադրում եմ ինչ-որ հետևություններ պետք է արվեն»։

Լրատվամիջոցների համար փակ հանդիպմանը մասնակցած գործիչները ընդգծում են՝ խաղաղության գործընթացի ոչ մի շերտ քննարկումների շրջանակից դուրս չի մնացել։ Հայկական կողմն ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի վրա։ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների հաշտեցման անհրաժեշտության մասին խոսել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա, արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ ասել է․
«Գուցե, արդեն լավ հայտնի է, որ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ։ Այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այսպիսով, կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն»։
Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին հաշտեցնելու նպատակ ունեցող հանդիպումները շարունակական են լինելու։ Չի բացառվում, որ առաջիկայում կընդլայնվի քննարկումների մեջ ներգրավվող փորձագետների և հասարակական գործիչների կազմը՝ ասում են քննարկման մասնակիցները։




