ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ով ում շահերն է սպասարկում․ նախընտրական շրջանին ընդառաջ քաղաքական բանավեճը սրվում է

Ապաշրջափակումը հաղթահարելու մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները ներքաղաքական դաշտում նոր առճակատման պատճառ են դարձել։ Ընդդիմությունը պնդում է, որ կողմ է ապաշրջափակմանը, նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն կասկածում է, որ գործող իշխանությունն այդ ճանապարհն անցնելիս առաջնորդվում է ազգային և պետական շահերով։ Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են՝ ընդդիմության նպատակը Հայաստանի շահերն ու անկախությունը չեն։  

Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու Ադրբեջանի որոշումը և այդ ճանապարհով ղազախական Ակտաուից Հայաստան տեղափոխվող ցորենի առաջին խմբաքանակի մասին հայտարարությունը պաշտոնական Երևանը գնահատում է շրջափակումը քայլ առ քայլ հաղթահարելու դրսևորում։ Հայաստանի վարչապետը թեև դեռ Թբիլիսիում էր ողջունել այդ որոշումը, բայց Կառավարության նիստին ևս մեկ անգամ  անդրադարձավ թեմային։

«Դա շատ կարևոր որոշում է և ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, միայն դեկլարացիա չեն։ Այսինքն` դրանք դեկլարացիա են, որ իրենց հետ բերելու են կոնկրետ արդյունքներ»։

Կոնկրետ արդյունքների մասին խոսելը վաղ են համարում ընդդիմադիրները։ Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության անդամները որոշման մեջ նաև վտանգներ են տեսնում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի մտավախություններն առաջին հերթին առնչվում են տեխնիկական հարցերին։

«Ո՞ր սահմանն է բացվել, ժողովուրդ։ Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվե՞լ է, մի հատ կասե՞ք` որն է այդ անցման կետը։ Այդ նույն սահմանային անցումն է, որը էլի Վրաստանով է գալու։ Ո՞ր դուռն է բացվել, Վրաստանի դուռը պետք է փակվե՞ր։ Ժողովուրդ, քանի դեռ Երասխ-Սադարակ ճանապարհահատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է։ Նայեք քարտեզին։ Ի՞նչ է նշանակում, ասում եք` Թրամփի ուղով մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց է մտնում Հայաստան։ Այդ Երասխ-Սադարակը պետք է կառուցվի»։

Նույն խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ուշադրություն է հրավիրում քայլի քաղաքական բովանդակությանը։

 «Իհարկե, լավ է, որ մենք կարողանանք այլընտրանքային եղանակով պարենային անվտանգության հարց լուծել, պարենային անվտանգության ապրանք բերել՝ ավելի որակով կամ ավելի էժան։ Բայց տնտեսական գնից բացի այս դեպքում առաջնայինը աշխարհաքաղաքական գինն է, որի մասին ավելի լավ գիտեք, որհետև ավելի եք տեղեկացված, քան ես։ Բացի աշխարհաքաղաքական գնից ի՞նչ գին ենք մենք վճարում։ Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չէ։ Ասում եք` ապաշրջափակումը վա՞տ է։ Իհարկե լավ է։ Իհարկե, տնտեսական ինտեգրումն այլընտրանք չունի։ Բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չէ։ Լավ է, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չէ կամ տնտեսական էքսպանսիա չէ»։   

Թերևս ընդդիմախոսների այս քննադատությունը կանխատեսելով՝ վարչապետը հարցերին պատասխանել էր ավելի վաղ, քան դրանք հնչել էին։

«Իմ ասածի մեջ քաղաքական քննադատություն չէ այնքան, որքան իրադրությունը հասկանալու փորձ։ Որովհետև Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ։  Այսինքն` իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա, հետևաբար՝ գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է։ Բայց ոնց որ արդեն դա էլ չի լինում հիմնավորել»։

2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի բանավեճն ավելի սուր երանգներ է ստանում։ Այս առումով առանձնանում է հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» և Դաշնակցություն կուսակցությունների առճակատումը։

Դաշնակցությունը գործող իշխանությանը մեղադրում է սխալ քաղաքականության և 30-ամյա ձեռքբերումները տապալելու համար։ Իշխանությունը հակադարձում է՝ Դաշնակցության պայքարի իրական նպատակը Հայաստանի անկախությունը չէ։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն ասում  է՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն կուսակցության  համար ընդունելի չէ։

«Հայրենիքը Դաշնակցության համար, այո, ձեր պատկերացրած այդ 29 800 քառակուսի կիլոմետրի մեջ կուճռտած Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չէ։ Հայրենիքը շատ ավելի լայն է։ Քաղաքական պայքարի մեջ միայն մի բան չկասկածեք՝ ցանկացած պարագայում Հայ Յեղափոխական Դաշնակցիությունը և Դաշնակցության ցանկացած անդամ, որ երդվում է Դաշնակցության դրոշի, զենքի, կանոնագրի ու ծրագրի վրա, մնում է և մինչև կյանքի վերջ մնալու է Հայաստանի անկախության զինվորը»։      

Թեմայի շուրջ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի բանավեճն արդեն երկրորդ օրն է շարունակվում։ Պատգամավորը պնդում է, որ անկախության համար պայքարի ակունքներում կանգնած էր հենց Դաշնակցությունը, և կառույցին ուղղված մեղադրանքներն անհիմն են։ ԱԺ փոխնախագահը հակադարձում է մեջբերումներով, որոնք առանձնացրել է տարբեր տարիների հրապարակումներից և հարցազրույցներից։

««Դրոշակ» պաշտոնաթերթը արտահայտում է Դաշնակցության պաշտոնական կարծիքը, և ի՞նչ էր ասում «Դրոշակ» պաշտոնաթերթը 1989թ-ին։ Օրինակ, ասում էր՝ անկախություն պահանջելը ոչ այլ ինչ է, եթե ոչ արկածախնդրություն և հայ ժողովրդին անտեղի տեղը հարվածի տակ դնելու դավաճանություն։ Գնանք 1990։ Ի՞նչ է ասում Դաշնակցության պաշտոնաթերթը «Բոլոր հանրապետությունները անկախության իրարանցումի մեջ են, իսկ հայությունը կարող էր իր հստակ հայտարարություններով ցույց տալ, որ երբեք չի խզի իր հարաբերությունները ռուս ժողովրդի հետ։ 91 թվական․ «Եթե մեր ազգային և մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակավոր կամ նույնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարվել անկախությունից»։ Սա գիտե՞ք ով է ասել, Էդուարդ Հովհաննիսյանը, Դաշնակցության մեծերից։ Դուք միշտ դեմ եք եղել Հայաստանի անկախությանը, հիմա էլ եք դեմ։ Բայց ես նաև ունեմ հիպոթեզ` ինչո՞ւ է այդպես։ Ես կարծում եմ` դուք ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք»։

Ընդդիմություն-իշխանություն բանավեճի սրմանը անդրադառնալով՝ վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանից առաջ ևս մի ճշգրտում է անում։  

«Այդ ռեժիմից էլ է պետք դուրս գալ, որ կառավարությունը մի ինստիտուտ է կամ իշխանությունը, որը ամեն օր պետք է ապացուցի, որ ամեն ինչ փայլուն է, ընդդիմությունն էլ` հակառակը ապացուցի։ Ոչ, ես ձեզ վստահ ասում եմ որևէ մեկը Հայաստանի պրոբլեմների մասին չգիտի այնքան, ինչքան մենք»։

Վարչապետը կառավարության անդամներին հորդորում է խոսել խնդիրների մասին, որպեսզի նաև հանրությունը տպավորություն չունենա, թե պաշտոնյաները կաբինետներում կտրվել են իրականությունից և չգիտեն հանրությանը հուզող հարցերի մասին։  

Կարդացեք նաև

Back to top button