
Խաղողի արտադրության ոլորտում խորքային փոփոխություններ են անհրաժեշտ՝ կառավարության նիստում այսօր այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև վիճակագրական տվյալներն է ներկայացրել։ Գյուղատնտեսության խնդիրներից մեկն էլ հողատարածքները ինտենսիվ այգիներ դարձնելն է։ Բայց այսքանով Հայաստանի գյուղատնտեսական խնդիրները չեն ավարտվում։ Փորձագիտական դաշտում ոլորտի այլ խնդիրներ էլ են մատնանշում։
Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ցուցանիշները։ Օգոստոսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.1 տոկոսով։ Մոտ 48 տոկոսով նվազել է արտահանումը, ավելի քան 35 տոկոսով էլ՝ ներմուծումը։ Բայց գյուղմթերքի արտահանումը ավելացել է։ Կառավարության նիստում վարչապետը վիճակագրական վերջին տվյալներն է ներկայացնում․
«Մենք, ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13,8 % աճ նախորդ տարվա համեմատ։ Ընդ որում՝ կոնկրետ ուղղություններով․ ծիրանի դեպքում՝ 25,5 % աճ, սալորի դեպքում՝ 61․1 % աճ, դեղձի դեպքում՝ 87․1 % աճ, կեռասի դեպքում՝ 123 % աճ, տանձի դեպքում՝ 245 % աճ»։
Մինչև տանձի արտահանման ծավալների աճը, այդ միրգը ներմուծվում էր։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ արտահանման աճը պայմանավորված է ինտենսիվ այգիների ավելացմամբ․

«Որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով՝ որ ուղղությամբ ուզեն, կարող են արտահանել, որովհետև արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Նույնը կարող եմ ասել կեռասի մասին։ Նաև մեր մարզային այցերում տեսել եմ, արդեն գիտեմ էլ մոտավորապես՝ ո՞ր այգիներից է այս ամեն ինչը դուրս գալիս։ Այդ այգիներից շատերում և՛ կեռասի, և՛ տանձի, եղել ենք, պետք է այս իրավիճակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես փոխենք»։
Այս օրերին ոչ միայն պտուղ բանջարեղենի արտահանում է կատարվում, այլև խաղողի մթերում։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացնում է, որ տեխնիկական սորտի խաղողի մթերումը ավարտված է․
«Օպերատիվ տվյալներով՝ 211 000 տոննա մթերվել է, ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164 200 տոննա։ Մի փոքր Արենի սորտի խաղող է մնացել։ Այս օրերին մթերումը տեղի է ունենում։ Խաղողի սեղանի սորտեր կան, որոնք երևի շուկայի համար պատշաճ տեսքի չեն կամ որակ չունեն»։
Խաղողի հարցում խորքային փոփոխություններ են տեղի ունենում՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա ոլորտի խնդիրներից մեկը կոնյակի հետ է կապված։
«Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Կա Արբանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որտեղ շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում։ Հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։ Իհարկե, Երևանի կոնյակի գործարանը, «Պեռնո Ռիկար» ընկերությունը հաջողությամբ իրական, ամենահաջողը իրենք են իրականացնում, էդ ռեբրենդինգը, Երևանի կոնյակի գործարանը չի կարող ամբողջ ծավալը մթերել»։

Խնդիրներից մեկն էլ հողատարածքները ինտենսիվ այգիներ դարձնելն է։ Բայց այսքանով Հայաստանի գյուղատնտեսական խնդիրները չեն ավարտվում։ Գյուղատնտես Սամվել Թամոյանը «Ռադիոլուրին» փոխանցում է․
«Հողերը զգալի բացասական փոփոխություններ են կրել։ Մեծ մակերերսով հողեր չեն մշակվում։ Այսօր դա բարձրաձայնում են որպես դեգրադացում։ Մյուս օբյեկտիվ պատճառը կլիմայի փոփոխությունն է»։
Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ նաև մրգերի որոշ տեսակներ կոնկրետ տարածաշրջաններում սկսել են ավելի վատ աճել։ Փոխարենը ավանդաբար ցուրտ համարվող գոտիներում ավելի լավ են աճում, ինչպես, օրինակ, ծիրանը՝ Գեղարքունիքում, և ձիթենին՝ Արարատում․
«Գումարային ջերմաստիճանները՝ տասը աստիճանից բարձր՝ վեգետացիոն շրջանի ջերմաստիճանների գումարը՝ Արտաշատում, դաշտի մեջ եղած գյուղերի մակարդակով արդեն ավելացել է 285 աստիճանով, վերևի գոտում՝ 183 աստիճան՝ Ուրցաձորի կայանի տվյալներն են սրանք։ Վեգետացիայի շրջանը երկարել է մոտ 15 օրով։ Սրանք անհետևանք չեն կարող մնալ։ Դրանք ուղղակիորեն կբերեն նրան, որ ավանդաբար մշակվող մշակաբույսերից ոմանց հրաժեշտ կտանք, նոր բույսեր ի հայտ կգան, և ամենակարևորը՝ կբացահայտվի նաև տարվա մեջ 2 և ավելի անգամ բերք ստանալու հնարավորությունը»։
Օրակարգում նաև հողերի խոշորացումն ու ոռոգման ջրի կորուստները նվազեցնելու հարցերն են։




