
Հայաստանում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել խաղային ոլորտի թափանցիկությունը, պատասխանատու և արդար կարգավորումը։ Այս մասին հիշեցնում է ՊԵԿ-ը՝ տեղեկացնելով, որ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ։ Դրա նպատակը ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումն ու հետագա արդյունավետ գործունեության ապահովումն է։
Ըստ սահմանված կարգի՝ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթում հաղթողը ստանձնում է իրավական և կազմակերպչական մի շարք պարտավորություններ։ Նախ և առաջ նա պարտավոր է Հայաստանի տարածքում հիմնել նոր իրավաբանական անձ՝ օպերատորական ընկերություն, որը կդառնա պետական եկամուտների կոմիտեի անմիջական գործընկերը։ Նորաստեղծ այդ ընկերության և ՊԵԿ-ի միջև 15 տարով պայմանագիր է կնքվելու, որով օպերատորը կստանձնի օրենքով իրեն վերապահված գործառույթները։
Մինչև տարեվերջ խաղային օպերատոր ունենալու անհրաժեշտության մասին դեռ այս տարվա մարտին հայտարարել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Հենց այդ ժամանակ էլ քննարկվել են «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվել են խաղային օպերատորին վերապահված գործառույթները։ Թունյանի խոսքով՝ այդ կարգավորումով լուծվում է նաև արդարացի հարկման խնդիրը։
«Ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն էր․ ինչպե՞ս է նախագիծը լուծում խաղամոլության տարածման խնդիրը։ Դա շատ կարևոր է, ու գլխավորը դա է։ Այսինքն՝ եթե դուք կարծում եք, որ մենք ունենք ընկերություններ, որոնք խաբում են, այնպես չլինի, որ մենք, ավելի շատ հարկելով, իրենց ստիպենք, որ իրենք ավելի շատ խաբեն ու այդ գումարը «քաշեն» մեր հասարակությունից։ Սրա լուծման ամենաճիշտ տարբերակը օրենսդրությունն է, որը ընդունել ենք։ Այսինքն՝ մենք պիտի ունենանք խաղային ոլորտի օպերատոր, որը պիտի այս ոլորտի վերաբերյալ մեզ թափանցիկություն ու վստահություն ապահովի։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ գործը արագանա»։
Ի սկզբանե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում էր, գործող տուրքերից բացի, ևս 10 % հարկել օնլայն կազինոների և տոտալիզատորների շրջանառությունից։
«Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանն ու հարկային բեռի մեծացմանը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին մեծացնել։ Նախագծով առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, ոլորտի համար նախատեսել 10 % շրջանառության հարկ»։
Բայց այդ տեսքով օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը չհասավ։ Շրջանառությունը հարկելու փոխարեն առաջարկվեց կրկնապատկել արդեն գործող տուրքը: Այդ մասին խորհրդարանում հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Վարչապետի մոտ քննարկման արդյունքներով մենք ունեցել ենք հետևյալ պայմանավորվածությունը. մենք ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառելու, այլ գործող պետական տուրքը, որ նշվում էր ամեն լրացուցիչ խմբաքանակ խաղադրույքների դեպքում, կրկնապատկում ենք։ Այսինքն՝ մենք փաստացիորեն պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկում ենք»։
Մինչև այս՝ խաղային բիզնեսը, շահութահարկից բացի, վճարում էր երկու տիպի տուրք։ Նախ տարեկան վճարում էր 600 մլն դրամ խաղային բիզնես վարելու լիցենզիայի համար, ապա նաև առանձին վճարում էր խաղադրույքի տուրք, այսինքն՝ սպորտային տոտալիզատորները յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու համար վճարում էին 50 մլն դրամ տուրք, օնլայն կազինոները՝ յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու համար վճարում էին 175 մլն դրամ: Ահա հենց այս խաղադրույքի տուրքն առաջարկվեց կրկնապատկել: Այդպիսով, ըստ Բաբկեն Թունյանի, հարկային բեռը ավելանում է այնքան, որ ընկերությունների շահույթին համապատասխան լինի։ Թունյանի խոսքով՝ մինչև խաղային օպերատորի մուտք գործելը՝ ամեն տարի հարկն ավելանալու է։
Ֆինանսական տեսանկյունից՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեությունը չի հիմնվի պետական բյուջետային հատկացումների վրա, այլ կծավալվի ոլորտում գործող կազմակերպությունների հաշվին՝ հիշեցնում է ՊԵԿ-ը։ Այս մոտեցումը միտված է ապահովելու ոլորտի ինքնաբավությունն ու բեռի հավասարակշռված բաշխումը մասնակիցների միջև։ Բաբկեն Թունյանի խոսքով՝ լուծվում է արդարացի հարկման խնդիրը։ Միաժամանակ նման մոդելը խթանում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը և բարձրացնում համակարգի արդյունավետության ու հաշվետվողականության մակարդակը։
ՊԵԿ-ը հայտնում է, որ խաղային օպերատորի մրցույթին մասնակցելու համար որակավորման դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 25-ն է, իսկ հայտերը բացվելու են նոյեմբերի 26-ին։




