
«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ռուսական տելեգրամյան հարթակներում տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե հիմնադրամը իբր 1.5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության միջոցով։
«Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև՝
«Ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված հրապարակումների՝ հայտարարում ենք, որ հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում` https://mystep.foundation/hy/reports/: Ավելին՝ հիմնադրամն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ։
Հիմնադրամը նվիրատվություններն իրականացնում է միջազգայնորեն ընդունված բաց և թափանցիկ մեխանիզմներով` (https://mystep.foundation/hy/donors/): Դրանց հրապարակումն իրականացվում է հաստատված ընթացակարգերի շրջանակում՝ հարգելով այն նվիրատուների իրավունքները, ովքեր նախընտրում են գաղտնի մնալ։
Նման գաղտնիության պահպանումը լիովին օրինական և տարածված պրակտիկա է բարեգործական հիմնադրամների գործելաոճում և առհասարակ մարդասիրության ոլորտում:
Հիմնադրամը կայքում տեղադրում է տարեկան ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ:
«Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։
Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական տելեգրամյան հարթակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամը իբր 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել եվրոպական ընկերությունների միջոցով, իսկ վերջնական ուղարկողը եղել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը»։




