
Հյուսիսային Կորեան երկրի արևելյան ափամերձ տարածքից փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է BBC-ին։
Մեկ շաբաթ հետո Հարավային Կորեայում անցկացվելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փհենյանի այս փորձարկումը գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ փորձագետները պատահական չեն համարում։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ էր արձակել մայիսին։ Հարավկորեական ԶՈւ տվյալներով՝ բալիստիկ հրթիռները թռել են մոտ 350 կիլոմետր։
«Մեր զինված ուժերը ուժեղացրել են վերահսկողությունը՝ պատրաստվելով հնարավոր լրացուցիչ արձակումների, և պահպանում են մշտական պատրաստականություն՝ միաժամանակ համապատասխան տեղեկատվություն փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ»,- նշված է հարավկորեական բանակի հայտարարության մեջ։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը կանցկացվի Հարավային Կորեայում՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ Սպասվում է, որ Թրամփը Սեուլ կհասնի հոկտեմբերի 29-ին։




