
Ադրբեջանում պահվող անձանց հարցը մարդասիրական լուրջ խնդիր է, որը պետք է լուծում ստանա՝ Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վեհաժողովը նվիրված է հումանիտար խնդիրներին։
Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հանդիպմանն արդյոք քննարկվել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը՝ հայտնի չէ։ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը կազմակերպվել է Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում՝ միության գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։ Վեհաժողովը նվիրված է հումանիտար խնդիրներին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արվող քայլերը:
«Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը»:

Ալեն Սիմոնյանն ու Սահբի Գաֆարովան վերջին անգամ հանդիպել էին 2025 թ. ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցում էին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 58-րդ լիագումար նիստին:
Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել՝ Ժնևից առաջ գրել էր ԱԺ նախագահը ու նկատել, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է․ երկու երկրների միջև վստահության վերականգնման հարց կա, որը, Ալեն Սիմոնյանի կարծիքով, խորհրդարանականները կարող են լավագույնս լուծել:
Նոր իրողություններին Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև ելույթում։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը, ի դեպ, 6 րոպեանոց ելույթում միայն երկու նախադասություն է նվիրել վաշինգտոնյան համաձայնություններին և ապագա ծրագրերին։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս կարևորագույն իրադարձությունները կբացեն երկարատև խաղաղության, կայունության և կայուն զարգացման նոր գլուխ, և դա մեզ վստահություն է տալիս, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության և քաղաքական կամքի միջոցով»։
Այն, որ երկխոսությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն անհամաձայնությանը և պատերազմին, ելույթում շեշտել է նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակը։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում խաղաղապահ առաքելություններով ցուցադրել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը։
«Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից: 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարևոր քայլ էր տասնամյակներ տևած հակամարտության և տառապանքների դադարեցման հարցում: Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը»:

Սիմոնյանը հիշեցրել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման շնորհիվ Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» նախաձեռնության իրականացումը: TRIPP ենթակառուցվածքային նախագիծը, Սիմոնյանի խոսքով, բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը՝ նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաև մայրուղիների կառուցման, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների անցկացման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև:
Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Բաքվում պահվող գերիների խնդրին.
«Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս մարդասիրական լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատարձակմանը և վերամիավորմանն իրենց ընտանիքներին: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»:
Սիմոնյանի խոսքով՝ նույնիսկ փոքր պետությունները, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով, կարող են գործնականորեն արտահայտել համերաշխության և օգնության իրենց տեսլականը։




