ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ՀՀ և Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Թբիլիսին այս օրերին հյուրընկալում է «Մետաքսի ճանապարհ» համաժողովի մասնակիցներին։ Արդեն 5-րդ անգամ անցկացվող համաժողովին կմասնակցի 2000 պատվիրակ աշխարհի 60 երկրից՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,  միջազգային մակարդակի փորձագետներ։

Ֆորումի կազմակերպչական շտաբն արդեն սկսել է աշխատանքները: Հոկտեմբերի 22-ին Վրաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի վարչապետների մասնակցությամբ տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացումը։

Թբիլիսին «Մետաքսի ճանապարհ»-ը համարում է կարևոր հարթակ տարածաշրջանային և համաշխարհային կապի ամրապնդմանն ուղղված երկխոսության և համագործակցության համար։

Միջին միջանցքի զարգացում, միջազգային առևտուր, տրանսպորտ, լոգիստիկա, էներգետիկա և թվային փոխակերպում․ «Մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովի օրակարգային հարցերն են, որոնք առաջիկա օրերին կքննարկվեն Վրաստանի մայրաքաղաքում։

Առանձին նիստ կնվիրվի Վրաստանի ներդրումային միջավայրի և հնարավորությունների քննարկմանը։ Հարավային Կովկասում Վրաստանն, ունենալով առևտրային  գործակցություն և Եվրամիության, և Չինաստանի հետ, յուրօրինակ ներդրումային հարթակ է  առևտուրն ամրապնդելու, տարածաշրջանից ապրանքները խոշորագույն շուկաներ հասցնելու առումով՝ ընդգծում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի Գենադի Արվելաձեն․

«Կարևոր է, որ տարածաշրջանում Վրաստանը չի կորցնում իր դերակատարությունը։ Վարչապետներին մենք հյուրընկալում ենք՝ քննարկելու առևտրի, էնեգետիկայի, տրանսպորտային ու ենթակառուցվածքային, էնեգետիկ անվտանգության ուղղություններով համագործակցության հարցեր․ սա յուրօրինակ հարթակ է՝ էլ ավելի ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը։ Եւ Վրաստանի դերն այս համատեքստում կարևոր է որպես երկու մայրցամաքների միջև առևտրի և տրանսպորտային համագործակցության խաչմերուկ»։

Թբիլիսյան համաժողովին արդեն երկրորդ անգամ կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։

Նախորդ ֆորումին՝ Արցախի հայաթափումից օրեր անց, Թբիլիսիում առաջին անգամ հանդիպեցին երկու երկրների վարչապետները։  Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ թբիլիսյան համաժողովին, ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծեց՝ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք:

Դա, ասաց, մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած։

Փաշինյանն ընդգծել էր․ «Սա է իրական խաղաղությունը, և ինչպես տեսնում եք` այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների:
Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»:

Պաշտոնական Թբիլիսին քանիցս դրական է գնահատել տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ Երևանի առաջարկները, միևնույն ժամանակ Վրաստանի ներքաղաքական դաշտում քննարկումներ կան՝ նոր իրողության պայմաններում Թբիլիսին որոշակիորեն կարող է կորցնել իր տրանզիտային դերը։ Այս քննարկումները կապվում են  նաև Հայաստանի քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք ուղղելու ձգտումների հետ, և փորձագիտական շրջանակներում սա էլ են դիտարկում ԵՄ հետ Վրաստանի ներկայիս լարված հարաբերությունների համատեքստում։

Կովկասյան հարցերով վրացի փորձագետ Նիկա Չիտաձեն ընդգծում է․

«Այո, Վրաստանի տարածքով փոխադրումների ծավալը կկրճատվի, այդուհանդերձ, Վրաստանը կմնա հիմնական տրանզիտային երկիրը։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանն ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցությամբ, որպեսզի վերականգնվեն տնտեսական կապերը հակամարտող կողմերի միջև՝ բարելավելու ու աննախադեպ դարձնելու տարածաշրջանային  համագործակցությունը։ Վրաստանի համար դա ավելի մեծ կշիռ ունի»։

Վրաստանի աշխարհաքաղաքական գործառույթը պահպանելու նպատակով տրանսպորտային-լոգիստիկ հարցերի փորձագետները խորհուրդ են տալիս իշխանություններին՝ բարելավել ենթակառուցվածքները, զարգացնել նավահանգիստները՝ նոր իրողությունների պայմաններում առավել մրցակցային լինելու առումով։ 

Տարածաշրջանի նոր իրողությունների պայմաններում Վրաստանը մեծ թափով անցել է տարանցիկ ճանապարհների արդիականացմանը՝ կրճատելու փոխադրումների տևողությունը, մնալու գրավիչ և շահավետ պայմաններ առաջարկելու հարևաններին։  

Լարսի դժվարանցանելի հատվածում նոր՝ շրջանցիկ ճանապարհի կառուցումը այլընտրանք է առաջարկելու Լարսին։ Սկսված է նաև մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Ալգեթի բնակավայրից մինչև Սադախլո՝ Հայաստանի հետ սահման տանող նոր ճանապարհի կառուցումը․ այս ուղին միանալու է մեծությամբ երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքին՝ Արևելք-Արևմուտքին։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին նկատում է․

«Վրաստանի տարածքում կլինի ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհ Հայաստանի հետ սահմանից մինչ Ռուսաստանի հետ սահման։ Նախագիծն աննախադեպ է և Վրաստանի, և Հայաստանի համար։ Վրաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան  ու Եվրոպա ուղղությամբ բեռներն արագ տեղ կհասնեն, այն կօգնի նաև Վրաստանի տուրիստական բիզնեսին»։

Մառնեուլին շրջանցող Ալգեթիից մինչև հայկական սահման տանող Սադախլո-Բագրատաշեն ճանապարհն ակտիվ ընթացիկ փուլում է, գրեթե ավարտվել է ճանապարհի կառուցման նպատակով շրջանից հողերի օտարումը։

Լոգիստիկ ու ճանապարհաշինական ծրագրերը լինելու են «Մետաքսի ճանապարհ» համաժողովի օրակարգում։ Դրանք զուտ ենթակառուցվածքային հարցեր լինելուց զատ նաև երկրների քաղաքականության մասին են խոսում՝ համատեղ մշակելու մարտահրավերները հաղթահարելու ուղիները։

Հայկական պատվիրակությունը մասնակցելու է տարածաշրջանային հարցերի, ենթակառուցվածքների ու էներգետիկ հարցերի քննարկմանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը բանախոսելու է «Թվային փոխակերպում. ապագային պատրաստ աշխարհ» քննարկմանը։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները մասնակցելու են համաժողովի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը։

Վրաստանի ու Հայաստանի վարչապետների հանդիպում-քննարկումներ պաշտոնապես դեռ չեն նախանշվում, սակայն ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին սպասվող գալա-ընթրիքը կարող է դառնալ հանդիպման հարթակ։

Կարդացեք նաև

Back to top button