ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քաղաքական հայտեր՝ ընտրություններից 8 ամիս առաջ․ ովքեր են նախընտրական պայքարի մեջ մտնում

«Ազատության»  հրապարակում այսօր հանրահավաք է հրավիրել կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։ Երկու ամիս առաջ ձևավորված նախաձեռնությունը, ըստ ներկայացուցիչների, առաջիկայում քաղաքական միավոր դառնալու գործընթաց կսկսի։ «Մեր ձևով»-ը միակ նոր նախաձեռնությունը չէ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Այդ մտադրությունը հաստատել են մի քանի այլ նոր ձևավորվող նախաձեռնություններ, նաև գործող քաղաքական ուժեր։ 

«Ազատություն  բարերար Սամվել Կարապետյանին, մեր Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերին և բոլոր քաղբանտարկյալներին»  կարգախոսով  ներկայացող «Մեր ձևով» շարժումը ձևավորվեց երկու ամիս առաջ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո և մտադիր է առաջիկայում քաղաքական միավոր դառնալ։

Շարժման ներկայացուցիչները հայտարարում են, որ առաջնորդվում են  Սամվել Կարապետյանի գաղափարներով, սատարում են Հայ առաքելական եկեղեցուն։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան.

«Ութ քահանա ձերբակալվել է։ Հիշում եք՝ իրենք ասում էին, որ պայքարում են միայն կաթողիկոսի անձի դեմ։ Կաթողիկոսի անձի՞ դեմ են հիմա պայքարում։ Ոչ, եկեղեցու դեմ են պայքարում, ութ քահանա են ձերբակալել, թող էդ հեքիաթները պահեն․․․ տարածեն»։

«Մեր ձևով» շարժումը հայտարարում է, որ պայքարը շարունակվելու է մինչև Սամվել Կարապետյանի և մյուս կալանավորված եկեղեցականների ազատ արձակումը։ Շարժման ներկայացուցիչները շեշտում են, որ  իրենց դիմումը ԵՄ-ին և միջազգային կառույցներին՝ Կարապետյանին որպես քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ, ընթացքի մեջ է։

Հակակոռուպցիոն դատարանը վերջերս բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և 30 օրով երկարացրեց  գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Դատարանը չի հաստատել տնտեսական բնույթի մեղադրանքները՝ «հարկեր չվճարելու» և «փողերի լվացման» մասով։ Իսկ կալանքի երկարաձգումը հիմնավորվել է միայն մեկ՝ «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, ինչը, ըստ պաշտպանական թիմի, վկայում է, որ գործը ունի ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական հիմք։

Քաղաքական նոր ուժի ձևավորման մասին մոտ վերջերս հայտարարեց նաև  մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: «Միասնության թևեր» կոչվող քաղաքական նախաձեռնության ղեկավարը 44-օրյա  պատերազմից հետո ստանձնել էր միջազգային ատյաններում հայ գերիների ու սպանված հայերի իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ զբաղվելու  ու Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուղղությամբ փաստեր ներկայացնելու գործը։ Այսօր պայքարը պատրաստվում է  շարունակել քաղաքական դաշտում, իր ձևակերպմամբ,  միասնություն հաստատելու և ոչ թե պառակտում մտցնելու․

«Ես հավակնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Մեզ շարունակ պարտադրում են երկու ճանապարհ և համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է, սերմանում են անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս: Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։ Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու այն այդ կանոնները փոխելու մասին։ Սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու համար»։

Նախկին ՄԻՊ-ը պատրաստ է միավորվելու և   քաղաքական ճանապարհ անցնելու այն ուժերի հետ,  որոնք ուզում են երկրում իրավիճակ փոխել ։ Դեռևս հստակ չէ, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին Արման Թաթոյանի գլխավորած նախաձեռնությունը։

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ևս վերջերս հայտարարեց, որ իր թիմը կմասնակցի 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին։ Ասաց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի նա, ով ըստ սոցիոլոգիական հարցումների հաղթելու առավելագույն հնարավորություններ կունենա։

«Կարծում եմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և ինչ-որ զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Բավարա՞ր են իմ ձայները։ Ոչ, բավարար չեն։ Կուզենայինք, որ այլ ուժեր ևս ստեղծվեին, որոնց հետ համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո, կցանկանանք և դրա մասին խոսում ենք շատ պարզ և հասկանալի ձևով։ Ինչ վերաբերում է իմ դեմքով մասնակցել-չմասնակցելուն, ասեմ, որ  եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիական հարցումներով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ»։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև կառավարող ուժը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմում է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն:

«Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026թ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման՝ մեզ տված մանդատը երկարացնելու է: Որովհետև մեր վարած «Խաղաղության օրակարգի» քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին ութ ամիս է մնացել։ Դրանք նախատեսվում են 2026 թ հունիսին։

Կարդացեք նաև

Back to top button